Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2017 13:38

Ժորժիկ Աբրահամեան. «Մեծ ուշադրութիւն պէտք չէ դարձնել՝ ինչպէս է Իրանը վերաբերւում Ադրբեջանին, աւելի կարեւոր հարցեր կան»

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի կարծիքով՝ Հայաստանի շուրջ ստեղծւած  իրավիճակով եւ դրանից բխող մտահոգութիւններով է պայմանաւորւած, որ ամէն մի փոքր դէպքից ուրախանում ենք կամ դժբախտութիւն ապրում: Նա «tert.am»-ի հետ զրոյցում առաջարկեց՝ շատ մեծ «փոթորիկ չստեղծել» Իրանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Բահրամ Ղասեմիի յայտարարութիւններից յետոյ:

«alikonline.ir»- Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի կարծիքով՝ Հայաստանի շուրջ ստեղծւած  իրավիճակով եւ դրանից բխող մտահոգութիւններով է պայմանաւորւած, որ ամէն մի փոքր դէպքից ուրախանում ենք կամ դժբախտութիւն ապրում: Նա «tert.am»-ի հետ զրոյցում առաջարկեց՝ շատ մեծ «փոթորիկ չստեղծել» Իրանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Բահրամ Ղասեմիի յայտարարութիւններից յետոյ:

«Իմ կարծիքով՝ նման արտայայտութիւնները դիւանագէտների կողմից կենացների մակարդակից չի բարձրանում: Նման արտայայտութիւնների մասին խօսելիս կարելի է ենթադրել, որ սա այս գործչի վերաբերմունքն է տւեալ երկրի նկատմամբ»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ Թեհրանում լրագրողների հետ ամենշաբաթեայ հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Բահրամ Ղասեմին Ադրբեջանի հետ Իրանի յարաբերութիւնները գնահատել էր «լաւ» բառով, իսկ Հայաստանի մասին խօսելիս` օգտագործել է «բարեկամական եւ սերտ բարիդրացիական յարաբերութիւններ» արտայայտութիւնները: Նա նաեւ խօսել էր տարածաշրջանային հիմնախնդիրների մասին՝ ասելով «Մենք ուշադրութեամբ հետեւում ենք տարածաշրջանում զարգացումներին, յատկապէս մեր սահմանային հատւածներում: Մենք հետեւում ենք մեր սահմաններին եւ թոյլ չենք տայ, որ հակամարտութիւնը վնասի սահմանային տարածքների մեր բնակչութեանը»:

Իրանահայ պատգամաւորը նաեւ նշեց, որ պէտք չէ ենթադրութիւններ անել Իրանի արտաքին գերատեսչութեան խօսնակի արտայայտութիւններից եւ համարել, որ դրանք ապացուցում են, որ Հայաստանի նկատմամբ Իրանի վերաբերմունքն աւելի լաւ է, քան Ադրբեջանի: «Ընդհանրապէս քաղաքական դաշտում առաջնորդւում են շահերով: Այդ հիմնական շահերը այս երկրների միջեւ գոյութիւն ունեն, եւ որեւէ բան այս ընթացքում չի փոխւել»,- ասաց նա:

Ժորժիկ Աբրահամեանի խօսքով՝ շատ մեծ ուշադրութիւն պէտք չէ դարձնել՝ արդեօ՞ք Իրանն ինչպէս է վերաբերվում Ադրբեջանին: «Աւելի կարեւոր հարցեր կան: Աւելի կարեւոր գործեր կան, որ պէտք է անենք»,- ասաց նա:

Իրանահայ պատգամաւորը, Հայաստանի հետ Իրանի յարաբերութիւնների մակարդակի մասին խօսելիս, նշեց, որ դրանք աւելի լաւ լինել չեն կարող: «Առաւելագոյն մակարդակի վրայ են ե՛ւ քաղաքական առումով, ե՛ւ փոխյարաբերութիւնների առումով: Սակայն եղած մակարդակից, թէ ինչն ենք վերածում գործնականի եւ ինչն ենք ստանում, սա է կարեւոր հարցը, որը երկու երկրների յարաբերութիւնների միջեւ ճշտող է, ուղենիշ է: Արդիւնքներն են որոշողը: Եւ այդ արդիւնքներում մեծ փոփոխութիւններ չկան․ մենք խօսում ենք երկու երկրների յարաբերութիւնների մասին, քսան տարի առաջւայ ծրագրերն են՝ գազատարի ստեղծում, Արաքսի վրայ ՀԷԿ-ի կառուցում, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցում եւ այլն: Դրանից այն կողմ համագործակցութիւնը չի անցնում»,- ասաց նա՝ յաւելելով, որ անգամ երկու երկրների սահմանում ազատ տնտեսական գօտիներ հիմնելն էլ դեռեւս չի խօսում երկու երկրների միջեւ շատ բարձր մակարդակով համագործակցութեան մասին:

Իրանահայ քաղաքական գործիչը նշեց, որ իր ցանկութիւնն է, որպէսզի Իրանի եւ Հայաստանի միջեւ աւելի բարձր մակարդակի պայմանաւորւածութիւններ եւ համագործակցութիւն լինի: «Այդ համագործակցութիւնները չափւող, կշռւող պէտք է լինեն: Թիւ պէտք է լինի: Փոխադարձ այդ յարաբերութիւնների մէջ մեր բալանսը դեռ շատ բացասական է, երբ այդ բալանսը փոխւի, կասենք, որ շատ աւելի են լաւացել մեր յարաբերութիւնները»,- ասաց նա:

Ժորժիկ Աբրահամեանը խորհուրդ տւեց նաեւ շատ չկառչել Իրանի ԱԳՆ-ի խօսնակի յայտարարութիւններից, որոնք վերաբերել են տարածաշրջանային հիմնախնդիրներին։ Նրա խօսքով՝ դրանք պէտք չէ վերագրել Ղարաբաղեան հիմնախնդրին:

«Իրանի մօտեցումները հիմնախնդիրների հետ կապւած չի փոխւել․ կրկնում են այն, ինչ միշտ կրկնել են: Իհարկէ, այդ կրկնութիւնն ինչ-որ երանգներ է ունենում: Ադրբեջանամէտ իրանցի գործիչների յայտարարութիւնները մի փոքր տարբերւում են հայամէտ գործիչների յայտարարութիւններից: Այն, ինչ ընդհանուրի մէջ է բանաձեււել, դրա մէջ փոփոխութիւն չկայ: Եւ դա այն հիմնականն է, որ ամբողջ աշխարհն է ասում՝ Ղարաբաղեան հիմնախնդրի լուծումը ռազմական կողմ չունի․ դա պէտք է կարգաւորւի բանակցութեան միջոցով»,- ասաց նա՝  նշելով, որ Իրանի՝ Ղարաբաղեան հիմնախնդրի կողմերի նկատմամբ վերաբերմունքի մասին խօսելիս պէտք է նկատենք, որ նա «դրական չէզոքութիւն» է պահպանում, եւ որեւէ կողմի նկատմամբ կողմնակալ չէ, եւ դա բխում է նաեւ հայկական կողմի շահերից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։