Հա

Քաղաքական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 14:10

Կայացել է գործող կառավարութեան վերջին նիստը

Այսօր՝ օգոստոսի 13-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի նախագահութեամբ կայացել է 11-րդ կառավարութեան վերջին նիստը:

«alikonline.ir» - Այսօր՝ օգոստոսի 13-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի նախագահութեամբ կայացել է 11-րդ կառավարութեան վերջին նիստը:

Անդրադառնալով կառավարութեան 4-ամեայ գործունէութեանը նախագահը տնտեսական կայունութիւնն ու առաջընթացը եւ սոցիալական արդարութեան կայացման ճանապարհին իրականացւած նախաձեռնութիւնները համարել է գործադրի գլխաւոր ձեռքբերումները՝ յոյս յայտնելով, որ 12-րդ կառավարութիւնը եւս կը շարունակի «ազատութեան, անվտանգութեան, խաղաղութեան եւ առաջընթացի քաղաքականութիւնը»:

Նա նշել է, որ թէեւ սա գործող կառավարութեան վերջին նիստն է, այդուհանդերձ կառավարութեան անդամներն առաջիկայ մէկ շաբաթւայ ընթացքում շարունակելու են կատարել իրենց պարտականութիւնները. «Ուրախ եմ, որ բոլոր նախարարները, այդ թւում նաեւ նրանք, ովքեր փոխարինւելու են նոր նախարարներով առաջին օրւայ աւիւնով շարունակում են կատարել իրենց պարտականութիւնները»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Խօսելով 11-րդ կառավարութեան գործունէութեան մեկնարկին երկրում տիրող վիճակի մասին, Հանրապետութեան նախագահը յիշեցրել է, որ երկրի ռազմավարական նշանակութեան պահոցներն ու գանձապետարանը գտնւում էին անմխիթար վիճակում, առկայ էր գների մտահոգիչ տատանում, վերահսկողութիւնից դուրս սղաճ եւ աճի 7%-անոց բացասական ցուցանիշ, որոնք իրենց բացասական հետքն էին թողել ժողովրդի առօրեայ կենցաղի վրայ: Նա նշել է, որ կառավարութիւնն ունէր հսկայական պարտքեր, իսկ երկրի դէմ գործադրւող պատժամիջոցներն օրըստօրէ աւելի էին սաստկանում. «Եթէ շարունակւէր նոյն վիճակն, ապա այսօր նաւթի վաճառքի ծաւալները կը կազմէին ընդամենը 200 հազար բարել, իսկ պատժամիջոցներն ամենածանր հետքը կը թողնէին ժողովրդի առօրեայի վրայ»,- ասել է նա:

Հանրապետութեան նախագահը նշել է, որ կառավարութիւնը մեծ ջանք գործադրեց Միջուկային գործարքի կեանքի կոչման համար, իսկ այսօր չկայ որեւ մէկը, որը կը նշի, թէ դրանից տուժեց Իրանը: Ըստ նրա՝ միջուկային գործարքը բխում էր երկրի, տարածաշրջանի եւ ողջ աշխարհի շահերից եւ այսօր էլ շարունակում է մնալ այդպիսին. «Նա, ով ցանկանում է հարւածել գործարքին, առաջինը հարւածում է երկրի եւ իր շահերին»,- ընդգծել է դոկտ. Ռոհանին:

Իր խօսքերի վերջում նախագահը երախտագիտութիւն է յայտնել ժողովրդին եւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդին՝ իրենց ցուցաբերած աջակցութեան համար՝ յոյս յայտնելով, որ 12-րդ կառավարութեանը կը յաջողւի ծաւալել առաւել արդիւնաւէտ գործունէութիւն:

Վերջում յուշանւէրներ են յանձնւել կառավարութեան բոլոր այն անդամներին, որոնք չեն շարունակելու պաշտօնավարել 12-րդ կառավարութիւնում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։