Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017 08:40

ԱԳ պաշտօնական ներկայացուցիչը տեղեկացրեց՝ Զարիֆը մեկնելու է Նիւ Եօրք, Էրդողանը ժամանելու է Թեհրան, փոխւելու են որոշ դեսպաններ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բահրամ Ղասեմին անդրադարձել է դոկտ. Զարիֆի նիւեօրքեան այցին, Էրդողանի Թեհրան նախատեսւող այցին եւ դիւանագիտական կորպուսի հնարաւոր փոփոխութիւններին:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը սեպտեմբերի երկրոդ կէսին մեկնելու է Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«ԱԳ նախարարի նիւեօրքեան այցի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մէջ են: Յուսով ենք, որ ՄԱԿ-ի հետ կապւած խնդիրներից բացի, հնարաւորութիւն կը ստեղծւի այլ երկրների պաշտօնեաների հետ եւս կազմակերպել օգտաշատ հանդիպումներ»,- ասել է Բահրամ Ղասեմին:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեանյին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի մասնակցութեան հնարաւորութեանը՝ ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակը տեղեկացրել է, որ հարցը գտնւում է քննարկման փուլում եւ դրա յստակեցումից յետոյ համապատասխան տեղեկատւութեամբ հանդէս կը գայ նախագահականը:

Բահրամ Ղասեմին խօսել է նաեւ Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Բաղերիի վերջերս Թուրքիա կատարած այցի մասին՝ նշելով, որ այդ այցը վկայում է այն մասին, որ երկու երկրների յարաբերութիւնները նոր փուլ են թեւակոխում. «Անկարայում, գեներալ Բաղերին երկկողմ յարաբերութիւնների վերաբերեալ օգտաշատ բանակցութիւններ է անց կացրել պրն. Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահի այցը Թեհրան գտնւում է օրակարգում ու քննարկւում է, եւ յուսով ենք, որ այն տեղի կունենայ մօտ ապագայում»,- ասել է նա:

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ, որ հաշւի առնելով տնտեսութեան հետ կապւած հիմնահարցերի առանցքային նշանակութիւնը, ԱԳ նախարարութիւնում նախատեսւում է ստեղծել տնտեսական դիւանագիտութեան վարչութիւն, որը կը համակարգի պետական եւ մասնաւոր սեկտորների արտաքին տնտեսական յարաբերութիւնները, կը նպաստի նրանց աշխատանքներին ու կաւելացնի այս ոլորտի հետ կապւած երկրի արտասահմանեան դիւանագիտական ներկայացուցչութիւնների կարողականութիւնները:

Բահրամ Ղասեմին խօսել է նաեւ դիւանագիտական կորպուսում հնարաւոր փոփոխութիւնների մասին՝ նշելով, որ դեսպանների եւ արտասահմանում Իրանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների պաշտօնավարման ժամկէտները հիմնականում աւարտւում են ամռանը, եւ այդ իսկ պատճառով էլ առաջիկայ ամիսներին որոշակի փոփոխութիւնների ականատեսը կը լինենք:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։