Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 09:00

Զարիֆը Մոսկւայում հանդիպել է Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ սեպտեմբերի 13-ին Սոչիում հանդիպել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ սեպտեմբերի 13-ին Սոչիում հանդիպել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովն ու ՌԴ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սանային կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններն ու տարածաշրջանային հիմնահարցերը:

Հանդիպման աւարտից յետոյ լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ընթացքում, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ նախագահ Պուտինը հետաքրքրւած է երկկողմ յարաբերութիւնների խորացմամբ՝ շեշտելով, որ առկայ յարաբերութիւնները կարող են ընդլայնւել:

Դոկտ. Զարիֆը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկւել է նաեւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած վերջին զարգացումները. «Բանակցութիւնների ընթացքում նշւեց, որ Միջուկային գործարքը բանակցութեան առարկայ չի կարող դառնալ: Այն բազմակողմ, միջազգային համաձայնագիր է, որին բոլոր կողմերը ստիպւած են հաւատարիմ մնալ»,- ասել է դոկտ. Զարիֆը:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամի թեմային, դոկտ. Զարիֆը նշել է, որ Սիրիայում կայունութեան հաստատման նպատակով Թեհրանի եւ Մոսկւայի միջեւ ծաւալւել է կառուցողական համագործակցութիւն: Նա յոյս է յայտնել, որ սիրիական ճգնաժամի կարգաւորման թեմայով Աստանայի հերթական բանակցութիւնների ընթացքում, Սիրիայում կայունութեան առաւել ամրապնդման եւ քաղաքական գործընթացի մեկնարկի կապակցութեամբ կը գրանցւի նոր առաջընթաց:

Նշենք, որ դոկտ. Զարիֆն առանձին հանդիպում է ունեցել նաեւ Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգէյ Լաւրովի հետ, որի ընթացքում քննարկւել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում նախարար Լաւրովը մէկ անգամ եւս հաստատել է Իրանի կողմից Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնների ամբողջական կատարումը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։