Հա

Քաղաքական

14/09/2017

Իրանն արձագանգել է Արաբական Լիգայի ԱԳ նախրարների վեհաժողովի ամփոփիչ հաղորդագրութեանը

Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին անընդունելի է համարել Արաբական լիգայի ԱԳ նախարարների 146-րդ վեհաժողովի ամփոփիչ հաղորդագրութիւնն ու Պարսից ծոցի իրանական եռեակ կղզիների՝ Աբումուսայի, Մեծ Թոնբի եւ Փոքր Թոնբի հետ կապւած ԱՄԷ-ի եւ Քուվէյթի ներկայացուցիչների անհիմն յայտարարութիւնները:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին անընդունելի է համարել Արաբական լիգայի ԱԳ նախարարների 146-րդ վեհաժողովի ամփոփիչ հաղորդագրութիւնն ու Պարսից ծոցի իրանական եռեակ կղզիների՝ Աբումուսայի, Մեծ Թոնբի եւ Փոքր Թոնբի հետ կապւած ԱՄԷ-ի եւ Քուվէյթի ներկայացուցիչների անհիմն յայտարարութիւնները: Տեղեկացնում է ԱԳ նախարարութեան պաշտօնական կայքը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան մամլոյ խօսնակն անընդունելի է համարել Իրանին հասցէագրւած Քուվէյթի ներկայացուցչի առաջ քաշած անհիմն մեղադրանքները՝ նշելով, որ նման «հնամաշ» մեղադրանքների վերարծարծումը հիմնականում նպատակ է հետապնդել քողարկելու այն լարւած մթնոլորտը, որը տիրել է կազմակերպութեան ԱԳ նախարարների վեհաժողովի ընթացքում:

«Հրապարակւած հաղորդագրութիւնն այլ երկրների ներքին գործերին միջամտել փորձելու ակնյայտ մարմնաւորումն է: Հաստատելով սեփական երկրի տարածքում օրինական գործունէութիւն ծաւալելու մեր իրաւունքը, մենք խստօրէն դատապարտում ենք իրանական կղզիների հետ կապւած նման անհիմն յայտարարութիւնները եւ անընդունելի ենք համարում դրանց բովանդակութիւնը»,- ասել է Բահրամ Ղասեմին՝ յաւելելով, որ նման չկշռադատւած յայտարարութիւնները նպաստելու են միայն տարածաշրջանի երկրների միջեւ խզման խորացմանն ու տարածաշրջանային նպատակային համագործակցութեան յետաձգմանը:

Բահրամ Ղասեմին մէկ անգամ եւս ընդգծել է, որ Պարսից ծոցի աւազանի երկրների հետ կապւած Իրանի արտաքին քաղաքականութիւնը հիմնւած է բարի դրացիականութեան, փոխադարձ յարգանքի, միմեանց ներքին գործերին չմիջամտելու, պատմական եւ իրաւական փաստերն ու տարածաշրջանում առկայ զգայուն պայմաններն ընդունելու եւ ըմբռնելու սկզբունքների վրայ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։