Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 10:40

Նախագահ Ռոհանին հանդիպել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի հետ

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նիւ Եօրքում գտնւող Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյեան հանդիպել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի հետ:

«alikonline.ir» - ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նիւ Եօրքում գտնւող Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 18-ի ուշ երեկոյեան հանդիպել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի հետ:

Հանդիպման ընթացքում դոկտ. Ռոհանին պաշտօնական Թեհրանի անունից պատրաստակամութիւն է յայտնել ընդլայնելու համագործակութիւնը ՄԱԿ-ի հետ. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը մշտապէս պատարստ է պաշտպանել եւ աջակցել ձեզ՝ ձեր ծանր պարտականութեան իրականացման գործում»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

Նա անդրադարձել է նաեւ Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային՝ կարեւորելով դրա պահպանումը եւ ամբողջական իրագործումը:

«Իրականում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իրագործել է Միջուկային գործարքով իր ստանձնած պարտաւորութիւնները: Միջուկային գործարքն առանցքային նշանակութիւն ունի խաղաղութեան ամրապնդման գործում, եւ հաւատացած եմ, որ բոլորը պէտք է պահպանեն այն»,- նշել է դոկտ. Ռոհանին՝ ընդգծելով յատկապէս ՄԱԿ-ի եւ ՄԱԳԱՏԷ-ի դերը՝ դրա պահպանման եւ ամբողջական գործադրման գործում:

Հանրապետութեան նախագահն ահաբեկչութիւնը համարել է միջազգային հիմնահարց, որի կարգաւորումը ենթադրում է բոլոր երկրների ջանքերի համատեղումը: Նա նշել է, որ ահաբեկչութեան դէմ պայքարի գործում Իրանը ձեռնարկել է արժէքաւոր քայլեր:

Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին, դոկտ. Ռոհանին ասել է, որ դրանց կարգաւորման համար անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծումներ: Առանձնացնելով յատկապէս սիրիական ճգնաժամը, նա նշել է, որ Աստանայի բանակցութիւնների արդիւնաւորման նպատակով Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան անում են ամէն ինչ:

Հանրապետութեան նախագահը չի շրջանցել նաեւ Իրաքի թեման: Նա բոլորին, այդ թւում նաեւ ՄԱԿ-ին կոչ է արել յստակօրէն պաշտպանել Իրաքի տարածքային ամբողջականութիւնն ու Սահմանադրութիւնը՝ նշելով, որ Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի կայունութեան եւ անվտանգութեան համար:

Հանդիպման ընթացքում Անտոնիօ Գուտերեշը նոյնպէս կարեւորել է տարածաշրջանային հիմնահարցերի խաղաղ կարգաւորումն ու Իրաքի տարածքային ամբողջականութեան պահպանումը: Նա նշել է, որ տարածաշրջանային հիմնահարցերի կարգաւորման համար ՄԱԿ-ը ցանկանում է Իրանի հետ ծաւալել սերտ համագործակցութիւն:

Նշենք, որ Նիւ Եօրքում նախագահ Ռոհանին հանդիպել է նաեւ Ֆրանսիայի, Աւստրիայի, Բոլիւիայի նախագահների եւ Շւեդիայի վարչապետի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։