Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017 08:50

Հանրապետութեան նախագահ. «Մեծամիտ, անհեթեթ ու ատելութեամբ լի հռետորաբանութիւնն անյարիր է ՄԱԿ-ին»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 20-ին ելոյթով հանդէս է եկել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում: Իր ելոյթում նախագահը նշել է, որ մեծամիտ, անհեթեթ ու ատելութեամբ լի հռետորաբանութիւնն անյարիր է ՄԱԿ-ին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 20-ին ելոյթով հանդէս է եկել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում:

Իր ելոյթում դոկտ. Ռոհանին անդրադարձել է նախօրէին նոյն ամբիոնից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելոյթին. «Երէկ հնչած մեծամիտ, անհեթեթ ու ատելութեամբ լի հռետորաբանութիւնը, որը հեղեղւած էր ծիծաղելի ու անհիմն մեղադրանքներով, անյարիր է ՄԱԿ-ին, որը ստեղծւել է ազգերի միջեւ խաղաղութիւն ու յարգանք պահպանելու համար ու հակասում է ՄԱԿ-ի հանդէպ ազգերի պահանջներին՝ միաւորել կառավարութիւնները յանուն ահաբեկչութեան ու պատերազմի դէմ պայքարի»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային Հանրապետութեան նախագահը մէկ անգամ եւս ընդգծել է, որ Իրանն առաջինը չի խախտի Միջուկային գործարքը, սակայն վճռականօրէն կարձագանգի միւս մասնակիցների կողմից դրա խախտմանը:

Նախագահ Ռոհանին նշել է, որ ցաւալի կը լինի, եթէ Միջուկային գործարքը ոչնչացւի քաղաքականութեան աշխարհի «նորեկ վտարականներ»-ի կողմից: Այդպէս է նա անուղղակիօրէն անւանել նախագահ Թրամփի վարչակազմին:

«Աշխարհը կը զրկւի մեծ հնարաւորութիւնից։ Խախտելով իր միջազգային պարտաւորութիւնները՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմը խախտում է իր սեփական հեղինակութիւնն ու խաթարում իր հանդէպ միջազգային վստահութիւնը»,- յայտնել է նա:

Խօսելով իր պաշտպանական հնարաւորութիւնների մասին, նախագահը շեշտել է, որ դրանք բացառապէս կոչւած են ապահովելու երկրի անվտանգութիւնը եւ աջակցելու տարածաշրջանային խաղաղութեանն ու կայունութեանը. «Ես կը ցանկանայի շեշտել, որ Իրանի պաշտպանական հնարաւորութիւնները՝ այդ թւում հրթիռները, բացառապէս պաշտպանական միջոցներ են տարածաշրջանային խաղաղութեանն ու կայունութեանն աջակցելու ու ոչ իրատեսական յաւակնողների արկածախնդիր միտումները կանխելու համար»,- նշել է դոկտ. Ռոհանին։

Նա նշել է, որ Իրանը չի ցանկանում վերականգնել իր երբեմնի կայսրութիւնը, այլոց պարտադրել իր պաշտօնական կրօնը կամ էլ սրի ուժով արտահանել իր յեղափոխութիւնը:

«Մեր քաղաքականութիւնը հիմնւած է խաղաղասիրութեան եւ ժողովրդների իրաւունքների պաշտպանութեան սկզբունքների վրայ: Մենք չենք հանդուրժում բռնակալութիւնն ու պաշտպանում ենք տառապեալներին: Մեր հռետորաբանութիւնը հիմնւած է արժանապատւութեան վրայ, մենք չենք հանդուրժում սպառնալիքների հռետորաբանութիւնը: Մենք հաւասար դիրքերից, փոխադարձ յարգանքով եւ յաղթանակ-յաղթանակ տրամաբանութեան վրայ կառուցւած բանակցութեան կողմնակիցն ենք»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Անդրադառնալով տարածաշրջանի անկայուն վիճակին եւ դրանում ԱՄՆ-ի դերակատարութեանը, Հանրապետութեան նախագահն ասել է. «ԱՄՆ կառավարութիւնը պէտք է իր քաղաքացիներին բացատրի, թէ Ամերիկայի ու մեր տարածաշրջանի բնակչութեան միլիարդաւոր դոլարները ծախսելով՝ ինչու է խաղաղութեանն ու կայունութեանը նպաստելու փոխարէն միայն պատերազմ, աղքատութիւն, ահաբեկչութեան ու ծայրայեղականութեան աճ բերել»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։