Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 12:40

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետի հետ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետ, արդարադատութեան գեներալ-լէյտենանտ Վահրամ Շահինեանի հետ: 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 3-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պետ, արդարադատութեան գեներալ-լէյտենանտ Վահրամ Շահինեանի հետ: Տեղեկացնում է ՀՀ յատուկ քննչական ծառայութեան պաշտօնական կայքը:

Հանդիպման ընթացքում Վահրամ Շահինեանը դեսպան Սաջջադիին ներկայացրել է ՀՀ-ում գործող անկախ մասնագիտացւած նախաքննական մարմնի` ՀՀ յատուկ քննչական ծառայութեան գործունէութիւնն ու քննչական աշխատանքի առանձնայատկութիւնները: Ծառայութեան պետը, անդրադառնալով հայ-իրանական գործընկերային կապերի ակտիւացմանը, կարեւորել է երկու երկրների` նմանատիպ գործառոյթներ ունեցող իրաւապահ կառոյցների միջեւ համագործակցութեան ձեւաւորման անհրաժեշտութիւնը: Վ. Շահինեանը նշել է, որ աշխատակիցների վերապատրաստման եւ քննչական մեթոդիկայի կատարելագործման համար համագործակցութեան արդիւնաւէտ սկիզբ կարող են լինել փորձի փոխանակումն ու համատեղ սեմինարների կազմակերպումը:

Դեսպան Սաջջադին, ողջունելով Իրանի համապատասխան կառոյցների հետ համագործակցութեան ուղիներ փնտրելու ՀՀ յատուկ քննչական ծառայութեան նախաձեռնութիւնը, ներկայացրել է Իրանի քննչական եւ վարչական արդարադատութեան մարմինների, երկրում պետական պաշտօններ զբաղեցնող հոգեւորականների կողմից կատարւած յանցագործութիւնների քննութեամբ զբաղւող, ինչպէս նաեւ այն իրաւապահ մասնագիտացւած կառոյցների գործունէութիւնը, որոնց հետ կարելի է արդիւնաւէտ համագործակցութեան եզրեր գտնել: Դեսպանը, մասնաւորապէս, առանձնացրել է Իրանի գերագոյն դատական մարմինը, որը զբաղւում է երկրի գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութեան մարմինների բարձրաստիճան պաշտօնեաների կողմից կատարւած յանցագործութիւնների քննութեամբ եւ դատաքննութեամբ:

Հանդիպման ընթացքում քննարկւել են նաեւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Դեսպանը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել ՀՀ յատուկ քննչական ծառայութեանը` Իրանի Իսլամական Հանրապետութեան համապատասխան կառոյցի միջեւ արդիւնաւէտ համագործակցութիւն ձեւաւորելու գործում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։