Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 05 Հոկտեմբերի 2017 08:30

Թեհրանն ու Անկարան անընդունելի են համարում տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւնը

Թեհրանն ու Անկարան դէմ են տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութեանը: Այս մասին երկկողմ հանդիպման աւարտից յետոյ կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել են Հասան Ռոհանին ու Թայիբ Էրդողանը:

«alikonline.ir» - Աւարտւեց Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի մէկ օրեայ այցը Թեհրան:

Այցի շրջանակում երէկ՝ հոկտեմբերի 4-ին կայացել է Հանարապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ Թայիբ Էրդողանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային իրադարձութիւններին վերաբերող թեմաներ: Ուշադրութեան կենտրոնում է եղել յատկապէս Իրաքեան Քուրդիստանի հարցը:

Ռոհանին եւ Էրդողանը պայմանաւորւել են սերտօրէն համագործակցել՝ կանխելու Իրաքի եւ Սիրիայի տարանջատումն ու հակադարձել Իրաքեան Քուրդիստանի անկախութեան ձգտմանը:

Հանդիպման աւարտից յետոյ երկու նախագահները հանդէս են եկել համատեղ մամլոյ ասուլիսով:

«Մենք կայունութիւն եւ անվտանգութիւն ենք ուզում Մերձաւոր Արեւելքում: Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն արտասահմանեան երկրների կողմից ղեկավարւող դաւադրութիւն է եւ մերժւում է Թեհրանի ու Անկարայի կողմից»,- ասուլիսի ժամանակ յայտարարել է նախագահ Ռոհանին՝ ընդգծելով, որ Թեհրանն ու Անկարան դէմ են տարածաշրջանում «անջատողական շարժումներին»։

«Իրանն ու Թուրքիան չեն հանդուրժելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւնը»,- յայտարարել է նախագահը:

Անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, Հանրապետութեան նախագահը նշել է, որ երկու երկրների կառավարութիւնները վճռակամ են բոլոր բնագաւառներում ընդլայնել եւ զարգացնել յարաբերութիւնները. «Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալները հասնելու են տարեկան 30 մլրդ. դոլարի»,- նշել է նա:

Նշենք, որ Թայիբ Էրդողանի թեհրանեան այցի շրջանակում երկու երկրները ստորագրել են համագործակցութեան 4 համաձայնագիր:

Երկու համաձայնագիր է ստորագրւել մաքսային եւ բանկային ոլորտում համագործակցութեան մասին։ Միւս փաստաթղթերը ստորագրւել են երկու երկրների ազգային հեռուստառադիոընկերութիւնների եւ Իրանի ազգային գրադարանի ու Թուրքիայի վարչապետի արխիւների մասին։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։