Հա

Քաղաքական

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 14:10

Հանրապետութեան նախագահ. «Միջուկային բանակցութիւններում յաղթանակն անշրջելի գործընթաց է»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ հոկտեմբերի 7-ին Թեհրանի պետական համլասարանում մասնակցել է Իրանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների, գիտահետազօտական եւ տեխնոլոգիական կենտրոնների ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի արարողութեանը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ հոկտեմբերի 7-ին Թեհրանի պետական համլասարանում մասնակցել է Իրանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների, գիտահետազօտական եւ տեխնոլոգիական կենտրոնների ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի արարողութեանը:

Իր ելոյթում նախագահը անդրադառնալով գիտութեան եւ կրթութեան առանցքային նշանակութեանը երկրի եւ հասարակութեան զարգացման ու վերելքի գործում՝ կարեւորել է յատկապէս համալսարանների դերն ու նշանակութիւնը հասարակութեան գիտակցութեան մակարդակի բարձրացման գործում. «Համալսարանները մշտապէս եղել են անցումային օղակ. անցում՝ բռնապետական հասարակարգից դէպի ազատ եւ անկախ հասարակութիւն»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ համալսարաններում են ծնւում երկրի ապագայ ղեկավարներն ու գտնւում երկրի եւ հասարակութեան դէմ ծառացած հիմնախնդիրների լուծումները:

Հանրապետութեան նախագահն ի թիւս այլ հարցերի խօսել է նաեւ երկրի քաղաքական հոսանքների միջեւ ծաւալւող պայքարի մասին՝ անուղղակիօրէն անդրադառնալով իր առաջաին տեղակալի եղբօր ձերբակալութեանն ու նախկին նախագահ՝ դոկտ. Խաթամիի նկատմամբ նոր սահմանափակումներ կիրառելու մասին շրջանառւող լուրերին:

«Մեզ մօտ, քաղաքական հոսանքների միջեւ ձեւաւորւել է ոչ այնքան առողջ պայքար: Բոլորս մասնակցում ենք ընտրութիւններին: Դրանց աւարտից յետոյ բոլորը պէտք է քաջալերւեն իրենց մասնակցութեան համար: Սակայն, հոսանքներից մէկը քաջալերւում է, իսկ միւսը՝ պատժւում: Նման գործընթացն կարո՞ղ է արդեօք վերածւել հանրային մասնակցութեան, հանրային վստահութեան ու հասարակական կապիտալի: Միգուցէ կան որոշ կառոյցներ, որոնք անգործութեան են մատնւած. դրանց համար անհրաժեշտ է նոր պարտականութիւններ եւ անելիքներ սահմանել»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «Անհրաժեշտ է թօթափել այս ընթացքը: Քանի անգամ է պէտք փորձել այն»:

Նա զարմանք է յայտնել, որ երկրի համար նոր ճգնաժամերի առաջացումը ոմանց հրճւանքի պատճառն է դառնում եւ խօսել է միջուկային բանակցութիւններում գրանցւած յաջողութիւնների եւ ձեռքբերումների մասին:

«Մեր դիւանագէտներն այնքան կարող են, որ բանակցում են միջազգային 6 հզօրագոյն ուժերի հետ եւ հասնում են այնպիսի համաձայնութեան, որ միւս կողմը (ԱՄՆ-ԽՄԲ.) յայտարարում է, թէ մենք խաբւել ենք: Իհարկէ այդ խօսքն էլ ճիշտ չէ, քանզի մենք աշխատել ենք յաղթանակ-յաղթանակ սկզբունքով»,- նշել է նախագահը՝ յաւելելով, որ այս յաղթանակն անշրջելի է:

«Մենք յաղթել ենք միջազգային դիւանագիտութեան ասպարէզում: Միջուկային գործարքը մեր բարոյական յաղթանակն էր, որն աշխարհին ապացուցեց, թէ մենք ճշմարտացի ենք, իսկ մեր թշանամիները ստում են: Սա անշրջելի գործընթաց է, որը կը մնայ մեր պատմութեան մէջ»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ բոլորին կոչ անելով, որ թոյլ չտան, որպէսզի որոշակի մի խումբ հասարակութեանը յուսախաբ անի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։