Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 17:00

Էսհաղ Ջահանգիրի. «Հայաստանի հետ համագործակցութեան համար չկայ որեւէ սահմանափակում»

Սադաբադ պատմական համալիրում կայացել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի եւ ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի հանդիպումը:

«alikonline.ir» - Սադաբադ պատմական համալիրում կայացել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի եւ ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանի հանդիպումը:

Հանդիպման աւարտից յետոյ կայացած համատեղ մամլոյ ասուլիսի ընթացքում նախագահի առաջին տեղակալն անդրադառնալով Թեհրան-Երեւան յարաբերութիւններին, նշել է, որ Հայաստանը յատուկ տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականութեան ոլորտում եւ երկկողմ համագործակցութեան ընդլայնման համար չկայ որեւէ սահմանափակում:

«Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցութեան համար չկայ որեւէ սահմանափակում»,- ասել է Ջահանգիրին՝ յաւելելով. «Իրանն ու Հայաստանը ունեն բազմադարեայ յարաբերութիւններ եւ քաղաքակրթական ու մշակութային համատեղութիւններ: Այս յարաբերութիւնները մշտապէս կայուն են եղել եւ ապագայում էլ շարունակելու են նոյն կերպ մնալ»:

Երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման գործում նա յատուկ կարեւորել է նաեւ իրանահայութեան դերը՝ նշելով, որ իրանահայ համայնքը երկու երկրների միջեւ կապող կամուրջի դեր է կատարում:

Անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ի անդամ է եւ լաւ յարաբերութիւններ ունի նաեւ ԵՄ-ի հետ, Էսհաղ Ջահանգիրին նշել է, թէ պաշտօնական Թեհրանը կարող է օգտւել այդ հնարաւորութիւնից՝ վարչապետ Կարապետեանի այցը համարելով լաւագոյն առիթ, որը կարող է նպաստել երկկողմ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնմանը:

Ջահանգիրին տեղեկացրել է, որ Կարէն Կարապետեանի հետ քննարկել են յատկապէս էներգետիկ, գիւղատնտեսութեան, տեխնոլոգիաների, տրանսպորտի եւ գիտա-մշակութային ոլորտրենում երկկողմ համագործակցութիւնների ընդլայնման հետ կապւած թեմաներ:

«Հայաստանը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող առանցքներից մէկն է: Այսօր մենք քննարկել ենք էլեկտրաէներգիայի տարանցման եւ գազի արտահանման ծաւալների աւելացման հնարաւորութիւնները»,- ասել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալը:

ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանն էլ իր հերթին նշել է, որ Էսհաղ Ջահանգիրիի հետ իր հանդիպումն անցել է կառուցողական եւ մտերմիկ մթնոլորտում: Հաստատելով իրանցի իր գործընկերոջ առաջ քաշած մտքերը, Կարէն Կարապետեանը պաշտօնական Երեւանի անունից պատրաստակամութիւն է յայտնել աւելացնելու երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալները:

«Կարծում եմ, թէ կողմերը յստակօրէն գիտեն, թէ ինչ ոլորտներում է անհրաժեշտ աշխատել»,- ասել է Կարէն Կարապետեանը:

ՀՀ վարչապետը նշել է, թէ բանակցութիւնների ընթացքում քննարկւել են նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրները: Նա բարձր է գնահատել ԼՂ հակամարտութեան հետ կապւած Իրանի կառուցողական դիրքորոշումը:

Կարէն Կարապետեանն Էսհաղ Ջահանգիրիին հրաւիրել է այցելել Հայաստան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։