Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 08:20

Իրանահայ պատգամաւոր. «Իրանի համար Հայաստանը հիմա գուցէ անփոխարինելի լինի քաղաքական եւ որոշ տնտեսական հարցերում»

Իրանահայ պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի խօսքով՝ Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի այցը Իրան՝ իրանցի իր գործընկերոջ հրաւէրով, արարողակարգային էր եւ մտնում էր Իրանի կողմից տարւող` այլ երկրների հետ իր յարաբերութիւնները սերտացնելու մշտական ու տեւական աշխատանքի տրամաբանութեան մէջ:

«alikonline.ir» - Իրանահայ պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի խօսքով՝ Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեանի այցը Իրան՝ իրանցի իր գործընկերոջ հրաւէրով, արարողակարգային էր եւ մտնում էր Իրանի կողմից տարւող` այլ երկրների հետ իր յարաբերութիւնները սերտացնելու մշտական ու տեւական աշխատանքի տրամաբանութեան մէջ:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ ինքն անձամբ ներկայ է եղել Կարէն Կարապետեանի եւ Իրանի խորհրդարանի նախագահ Արի Լարիջանիի հանդիպմանը: 

«Շատ սիրալիր եւ բարեկամական յարաբերութիւններ էին: Ընդհանուր խօսակցութիւնը սա է, որ Հայաստանի եւ Իրանի յարաբերութիւնների զարգացման մէջ ոչ մի խոչընդոտ չկայ: Տարբեր բնագաւառներում երկկողմ զարգացման պայմաններ պէտք է ապահովւեն: Մնում է, որ այս աշխատանքի համար յստակ ծրագրեր մշակւեն եւ երկկողմ բանակցութիւնների ընթացքում, մասնագիտական, աշխատանքային խմբերի միջոցով արդիւնքի հասնենք»,- ասաց նա:

Ժորժիկ Աբրահամեանը նկատեց, որ մշտապէս է խօսւում երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնների զարգացման մասին, եւ մշտապէս այդ խօսակցութիւններն իրականութիւն չեն դառնում: 

«Դա այն բանաձեւերից է, որ 2000 թւականից շարունակ լսում ենք: Այդ բանաձեւն իրականացնելու համար պէտք է տնտեսական հիմքեր լինեն»,- ասաց նա։

Ժորժիկ Աբրահամեանի նկատառմամբ՝ Հայաստանը պէտք է կարողանայ արտադրութիւններ հիմնել եւ դրանք հանել իրանական շուկայ: 

«Հայաստանի արդիւնաբերութիւնը պէտք է արտադրի այնպիսի ապրանքատեսակներ, որոնք հնարաւոր կը լինեն իրանական շուկայում մրցունակ դարձնել։ Ցաւօք, այսօր Հայաստանն արդիւնաբերութիւն չունի, իսկ եղածներն էլ խնդիրներ են ունենում: Յատկապէս սննդամթերքը եւ մի շարք այլ տեսականիներ: Ահաւասիկ, սրանք այն շրջանակներն են, որոնց նկատմամբ պէտք է մշակւեն երկկողմ թէ՛ մաքսային, թէ՛ իրաւական յատուկ ռեժիմներ, որպէսզի երկու երկրների միջեւ տնտեսութիւնը զարգանայ»,- ասաց նա եւ նկատեց, որ երկու երկրների տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու ծրագրերով յատկապէս շատ ակնկալւում է զբօսաշրջութեանը զարկ տալը, էներգետիկ համագործակցութիւնն ընդլայնելը:

Իրանահայ պատգամաւորի խօսքով՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու համար պէտք է ջանքեր գործադրւեն, երկու կողմերը ծրագրեր կազմեն եւ աշխատանք տանեն: 

«Ցածր որակով եւ թանկ ապրանքը, օրինակ, չի կարող իրանական շուկայում գոյութիւն ունենալ»,- ասաց նա:

Մեղրիում էլ Իրանի եւ Հայաստանի միջեւ ազատ տնտեսական գօտի ստեղծելու հետ կապւած քննարկումները, իրանահայ պատգամաւորը նկատեց, շարունակւում են. «Ըստ երեւոյթին արդէն մինչեւ տարեվերջ այդ հարցը պէտք է համարենք լուծւած»։

Իրանի՝ Եւրասիական տնտեսական միութեանը միանալու վերաբերեալ քննարկումների իրականութիւն դառնալը Ժորժիկ Աբրահամեանն իրատեսական համարեց: Նա նշեց, որ նման տեսակէտ եւ խօսակցութիւն Իրանում կայ:

ԵԱՏՄ-ին միանալու Իրանի շարժառիթների մասին խօսելիս նա նկատեց՝ տնտեսութիւնը միշտ էլ ազդւում է քաղաքականութիւնից եւ հակառակը. «Ինձ թւում է, որ կայ հնարաւորութիւն: Դա յատկապէս կարող է ռազմավարական նշանակութիւն ունենալ»։

Վերադառնալով Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու հնարաւորութիւններին, նա նկատեց՝ Հայաստանը կարող է շատ յուսալի օղակ լինել Ւրանի համար անգամ Եւրոպայի հետ յարաբերութիւնները հաստատելու հարցում. «Այստեղ որոշ աշխատանքներ կարելի է անել Հայաստանի միջոցով եւրոպական ընկերութիւնների հետ աւելի հեշտ կապեր ստեղծելու եւ աշխատելու համար»:

Դիտարկմանը, թէ Իրանը եւրոպական շուկայ դուրս գալու համար նախընտրում էր Թուրքիայի հետ համագործակցել, հիմա գուցէ փորձում է կապերն այդ երկրի հետ խզե՞լ, նա պատասխանեց․ «Կապերը չեն խզւում: Ցանկացած խելացի երկիր պարզապէս այլընտրանքներ է փնտրում, որ յարաբերութիւնները միշտ նման հսկողութեան տակ լինեն: Այդ առումով որքան էլ կապը լաւ լինի որեւէ երկրի հետ, դա չի խանգարում այլ երկրների հետ կապ հաստատելուն»,- ասաց նա:

Ժորժիկ Աբրահամեանի խօսքով՝ Իրանի համար Հայաստանը հիմա գուցէ անփոխարինելի լինի քաղաքական եւ որոշ տնտեսական հարցերում. «Դրանք երեւոյթներ են, որոնք ինքին ստեղծում են մի երկրի մօտ հետաքրքրութիւն միւսի նկատմամբ»։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։