Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 13:40

Իրանցի փորձագէտ. «Ադրբեջանը նախկինում բանաստեղծներ ու գրողներ էր փորձում գողանալ, հիմա՝ երկրներ»

Վերջերս Արցախ էր այցելել Հարաւային Կովկասի պատմութեան ուսումնասիրող-հետազօտող, իրանցի Սալար Սէյֆօլդինին: Ներկայացնում ենք «Ապառաժ»-ի բացառիկ հարցազրոյցը իրանցի հետազօտողի հետ:

«alikonline.ir» - Վերջերս Արցախ էր այցելել Հարաւային Կովկասի պատմութեան ուսումնասիրող-հետազօտող, իրանցի Սալար Սէյֆօլդինին: Ներկայացնում ենք «Ապառաժ»-ի բացառիկ հարցազրոյցը իրանցի հետազօտողի հետ:

 

- Պարոն Սէյֆօլդինի, նախ՝ շնորհակալութիւն հարցազրույցի հրաւէրն ընդունելու համար: Կը խնդրէի ներկայացնել Արցախ Ձեր այցելութեան նպատակը:

- Շնորհակալ եմ հրաւէրի համար: Ես ուսումնասիրութիւններ եմ կատարում Կովկասի, Թուրքիայի եւ Իրանի ներքին խնդիրների վերաբերեալ: Ներկայումս Արցախում եմ, որպէսզի իմ համալսարանական աշխատութեան համար տեղում ուսումնասիրութիւններ կատարեմ: Հիմա իմ ուսումնասիրութիւնների նիւթն է Իրանի դերակատարութիւնը Կովկասում, իսկ աւելի կոնկրետ՝ Արցախեան խնդրում:

 

- Առաջին անգա՞մ էք միջազգայնօրէն չճանաչւած երկրում, եւ արդեօ՞ք Ձեզ ապահով էք զգում Արցախում:

- Ես տարբեր երկրներ եմ այցելել, եւ առաջին անգամ եմ Հայաստանում եւ Արցախում: Երեւանում եւ Ստեփանակերտում անչափ ապահով եմ զգում: Կարծում եմ, որ բացի նրանից, որ արտաքին վտանգ չի սպառնում, ներքին իմաստով էլ ապահովութիւնը շատ լաւ մակարդակի վրայ է:

Առաջին անգամ է, որ միջազգային մակարդակով չճանաչւած երկրում եմ: Այլ երկրների հետ յարաբերութիւններում է ճշտւում որեւէ երկրի ճանաչւած կամ չճանաչւած լինելը: Բայց առօրեայ կեանքում որեւէ բան չի զգացւում, որովհետեւ առկայ է երկրի կառավարման համակարգ, պետական սահմաններ, որոնք էլ հսկւում են համապատասխան միջոցներով:

 

- Արցախ այցելած օտարերկրեայ քաղաքացիները յաճախ յայտնւում են Ադրբեջանի սեւ ցուցակում. մտավախութիւն չկա՞յ այդ առումով:

- Ադրբեջանի սեւ ցուցակը գնալով ճոխանում է, աւելի շատ մարդիկ են ընդգրկւում, բայց ես կարեւորութիւն չեմ տալիս դրան: Այդ օրէնքով Ադրբեջանը կարող է միայն իր քաղաքացիներին թելադրել՝ որեւէ երկիր գնալ կամ չգնալ, բայց ես Իրանի քաղաքացի եմ եւ, բնականաբար, Ադրբեջանի օրէնքներն իմ դէպքում չեն գործում:

 

- Արցախեան խնդրի առնչութեամբ Իրանը միշտ հաւասարակշիռ քաղաքականութիւն է վարում: Ինչպէ՞ս է դա յաջողւում Իրանին՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Իրանում ապրում են 20 մլն.-ից աւելի ազերիախօսներ:

- Սա քաղաքական աւանդոյթ է, որը գալիս է դեռեւս Ղաջարների ժամանակներից: 1905-1907 թթ. Կովկասում թաթարների եւ հայերի միջեւ ընդհարումների ժամանակ, երբ բախումներ եղան Բաքւում, Նախիջեւանում եւ Երեւանում, թաթար ծայրայեղականները փորձում էին այդ խռովութիւնները հրահրել նաեւ Իրանում: Թաթարները ներկայացուցիչներ ուղարկեցին Իրան՝ փորձելով Համադան, Զանջան եւ Թաւրիզ քաղաքներում եւս սադրանքներ հրահրել: Նոյնիսկ Թաւրիզ քաղաքում խմբեր էին հաւաքագրել, որոնք արդէն պատրաստ էին հայկական թաղամասերում կոտորածներ իրագործել: Սակայն Թաւրիզի հոգեւոր առաջնորդին՝ իմամին, յաջողւել է նրանց հանդարտեցնել: Այն ժամանակ շահը Իրանում չէր, եւ Եւրոպայից հեռագիր է ուղարկում՝ յորդորելով ամէն կերպ թոյլ չտալ, որպէսզի այդ սադրանքը Իրանի սահմաններից ներս մտնի:

1917-18 թթ. եւս նմանօրինակ դէպքեր հրահրւեցին: Իրանի իշխանութիւնները ամէն ինչ արեցին, որպէսզի հայերին վտանգ չսպառնայ: Ադրբեջանցիները պատւիրակներ են ուղարկում դեմոկրատական կուսակցութեան ղեկավար Շէյխ Մուհամմադ Խիաբանիի մօտ, ովքեր առաջարկում են համատեղ ուժերով ճնշել հայերին: Շէյխ Մուհամմադ Խիաբանին մերժում է առաջարկը եւ շեշտում՝ եթէ դուք իսկական մուսուլմաններ էք, երբեք չէք ցանկանայ վրէժխնդիր լինել, մարդկանց սպանել:

Այս դէպքերը պատմեցի նրա համար, որպէսզի Ձեր ուշադրութիւնը հրաւիրեմ Իրանում առկայ այդ աւանդոյթների վրայ: Իրանը Արցախի հակամարտութեան երկու կողմերին որպէս իր եղբայրների է վերաբերում: Կովկասը պատկանում էր Իրանին, եւ Ռուսաստանը Իրանից խլել է այս տարածքը: Իրանը միշտ սրտացաւութիւն է ցուցաբերել եւ խաղաղութեան կողմնակից է: Կարծում եմ, որ Ռուսաստանի քաղաքականութեան պատճառով է այս հակամարտութիւնը տեղի ունենում:

1988-94 թթ. պատերազմի տարիներին Իրանը փորձեց հակամարտութեան նկատմամբ իր աւանդական մօտեցումը պահպանել: Առաջին ամիսներից Իրանը միջամտեց փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար: Լաչինի «գրաւման» օրերին Իրանը Թեհրան էր հրաւիրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին խաղաղութեան համաձայնագիր ստորագրելու համար, որը յայտնի է որպէս Թեհրանի խաղաղութեան համաձայնագիր: Իրանի բանակցութիւններն այդպէս էլ արդիւնքի չհասան: Իրանը հնարաւորինս փորձել է անկողմնակալ օգնութիւն ցուցաբերել հակամարտող երկու կողմերին էլ: Օրինակներից մէկն էլ այն է, որ Ղարաբաղից դէպի Իրան փախած ազերիները Իրանի տարածքում շուրջ 6-7 ամիս ստացան մարդասիրական օգնութիւն, որից յետոյ տեղափոխւեցին Ադրբեջան: Այս բարեգործութիւնների պատասխանը, իհարկէ, ստացանք Բաքւի կողմից երախտամոռութեամբ, Իրանի դէմ քաղաքական քայլերի կիրառմամբ:

 

- Իրանը եւ Արցախը բաւականին մեծ ընդհանուր սահման ունեն: Ինչպէ՞ս էք գնահատում ուղղակի տնտեսական եւ քաղաքական համագործակցութեան հնարաւորութիւնը:

- Իրանի հետ Արցախի սահմանը շատ կարեւոր է մեզ համար: Իրանի եւ Հայաստանի սահմանային գիծը 35 կմ. է, իսկ Արցախի հետ՝ 135 կմ.: Հետագայ համագործակցութեան հարցին քաղաքագէտները պէտք է պատասխանեն: Բայց այն մեծամասամբ կախւած է հակամարտութեան հանգուցալուծումից եւ կայուն խաղաղութիւնից: Այժմ տարածաշրջանը ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն իրավիճակում է, եւ Արցախի ճանաչումն այն հիմնական խնդիրն է, որի հետեւանքով որեւէ իրաւական հիմք չկայ յարաբերութիւններ հաստատելու համար: Այնպէս է ստացւել, որ Արցախի հետ 135 կմ. սահման ունենք, որը մի մեծ դարպաս է դէպի Կովկաս եւ չենք կարող այդ դարպասից օգտւել: Դեռ չգիտենք՝ խաղաղութեան պայմանագիր ստորագրելուց յետոյ սահմանամերձ տարածքների վիճակն ինչ է լինելու: Կարեւոր է, որ վերջնական խաղաղութեան պայմանագրի մէջ Իրանը եւ Ղարաբաղն ունենան ընդհանուր, թէկուզ փոքր սահման:

 

- Դուք այցելել էք նաեւ իրանական մշակոյթ ներկայացնող կառույցներ: Ի՞նչ տպաւորութիւններ ստացաք տեսածից:

- Իրանական հին գրքերում խօսւում է «Իրանւիչ» կոչւող սուրբ տարածքի մասին, որտեղ ոչ հիւանդութիւն կայ, ոչ էլ որեւէ բացասական բան: Ուսումնասիրելով իսլամական 3-4-րդ դարերի պատմութիւնը, Սասանեան գրականութեան մէջ հանդիպել եմ, որ Ղարաբաղը հէնց այդ Իրանւիչն է: Իրանւիչը սուրբ տարածք էր համարւում Զրադաշտների սուրբ գրքի՝ Աւեստայի, նաեւ պահլաւերէն կրօնական տեքստերում: Որոշ իրանագէտների կարծիքով՝ Իրանւիչը Ղարաբաղում է գտնւում: Իհարկէ, Իրանւիչի գտնւելու վայրի մասին այլ տեսակէտներ եւս կան: Սակայն դա ցոյց է տալիս, թէ այս տարածաշրջանը որքան կարեւոր էր Իրանի եւ իրանական մշակոյթի համար: Մենք այսօր այցելեցինք Ակնայում գտնւող իրանական մզկիթը: Ես այնտեղ ցուցատախտակի վրայ կարդացի, որ պետական պաշտպանութեան ներքոյ է գտնււմ մզկիթը: Ճիշտ է, այն փակ է, բայց կառոյցը կայ, պահպանւել են նրա ճարտարապետութիւնը, մինարեթները, սալիկապատումը: Կարծում եմ, եթէ այդ տարածքը պատերազմական շրջան չլինէր, հեշտութեամբ կարելի էր մզկիթը վերակառուցել եւ թանգարանի վերածել, ինչպէս արւում է Շուշիի մզկիթի դէպքում: Շուշիի մզկիթի եւ նրա շրջակայքում գտնւող գերեզմանաքարերի գրութիւնները պարսկերէն կամ արաբերէն են, որոնք շատ լաւ են պահպանւած: Սա վկայում է, որ իրանական մշակոյթն այստեղ առկայ է եւ պահպանւում է: Բնականաբար, իրանցիներն այս մօտեցումը համարում են հայերի բարի կամքի դրսեւորում: Հաւանաբար, եթէ այս տարածաշրջանը գտնւէր Ադրբեջանի վերահսկողութեան տակ, այդ մզկիթները կը ներկայացնեին որպէս թուրանական մշակութային արժէքներ: Պարսկերէն արձանագրութիւնները կը վերացնէին եւ ազերիական արձանագրութիւններ կը տեղադրէին: Ադրբեջանը նախկինում բանաստեղծներ ու գրողներ էր գողանում եւ փորձում սեփականացնել, հիմա էլ՝ երկրներ ու թագաւորութիւններ: Նրանք պարսկական Սեֆեաների, Աւշարների, Ղաջարների դինաստիաների մասին պատմութիւններ են հորինում, փորձում իւրացնել:

Հարցազրոյցը՝ ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։