Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 14:50

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Մինչ միւս կողմը չհրաժարւի Միջուկային գործարքից մենք նման քայլի չենք դիմի»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ հոկտեմբերի 18-ին ընդունել է մի խումբ լաւագոյն ուսանողների, միջազգային գիտական օլիմպիադաների ընտրեալներին եւ համլասարանի մուտքի քննութիւններում լաւագոյն արդիւնք ցոյց տւած դիմորդների:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ հոկտեմբերի 18-ին ընդունել է մի խումբ լաւագոյն ուսանողների, միջազգային գիտական օլիմպիադաների ընտրեալներին եւ համլասարանի մուտքի քննութիւններում լաւագոյն արդիւնք ցոյց տւած դիմորդների:

Իր ելոյթում Իսլ. յեղափոխութեան առաջնորդը կարեւորել է գիտութեան դերն արտասահմանեան կախւածութիւնից երկիրը ձերբազատելու գործում:

Այաթ. Խամենէին նշել է, որ Իսլամական յեղափոխութեան շնորհիւ երկրին յաջողւեց թօթափել քաղաքական կախւածութեան լուծը, սակայն միւս բնագաւառներում կախւածութեան վերացումը չափազանց բարդ աշխատանք է. «Կախւածութիւնը դժբախտութեան պատճառ է դառնում: Կախւածութեան վերացման կարեւոր գործօններից մէկը գիտական առաջաընթացն է»,- ասել է յեղափոխութեան առաջնորդը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած վերջին ելոյթին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է, որ չի ցանկանում ժամանակ վատնել նրա յիմարաբանութիւններին պատասխանելու համար:

«ԱՄՆ-ը միջազգային սիոնիզմի գործակատարն է: ԱՄՆ-ը ԴԱԷՇ-ի եւ թաքֆիրական շարժումների ստեղծողն է: Իսկ դուք ակնկալո՞ւմ էք, թէ ԱՄՆ-ը չարացած չլինի այն ուժի նկատմամբ, որը կանգնել է ԴԱԷՇ-ի դէմ: Նրանք չարացած են, քանզի Իրանը չէզոքացրել է Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի հետ կապւած իրենց նախագծերը»,- յայտնել է այաթ. Խամենէին:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային Իսլ. յեղափոխութեան առաջնորդը մէկ անգամ եւս շեշտել է, որ քանի դեռ միւս կողմը չի հրաժարւել դրանից, Իրանը նման քայլի չի գնայ:

Ողջունելով հանդերձ Միջուկային գործարքի հետ կապւած Եւրոպայի դիրքորոշումը, այաթ. Խամենէին այդուհանդերձ, դա Գործարքի պահպանման համար անբաւարար է համարել. «Եւրոպական պետութիւնները պաշտպանեցին Միջուկային գործարքն ու դատապարտեցին ԱՄՆ-ի նախագահի խօսքերը: Մենք ողջունում ենք դա, սակայն փաստաթուղթը չպատռելու մասին կոչերը բաւարար չեն»,- նշել է յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով. «Միջուկային գործարքը նրանց շահերից է բխում: Քանի դեռ միւս կողմը չի հրաժարւել դրանից, մենք նման քայլի չենք դիմի: Սակայն, եթէ, այնուամենայնիւ, որոշեն պատռել այն, ապա մենք փաստաթուղթը կը մանրացնենք»:

Այաթ. Խամենէին եւրոպական պետութիւններից պահանջել է կանգնել ԱՄՆ-ի գործողութիւնների դէմ եւ չմիջամտել Իրանի պաշտպանական գործունէութեանը. «Այն որ կրկնեն նոյն խօսքերը, թէ Իրանն ինչո՞ւ է ներկայութիւն տարածաշրջանում, դա իրենց գործը չէ: Կամ յայտարարեն, թէ Իրանն Ինչո՞ւ է հրթիռներ արտադրում, դա նրանց չի վերաբերում: Դուք ինչո՞ւ էք հրթիռ արտադրում, ինչո՞ւ էք ատոմային զէնք արտադրում»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յատուկ ընդգծելով, որ Իրանը երբեւէ չի հանդուրժի ամերիկացիների կամայականութիւններին եւրոպական կողմի ձայնակցութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։