Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 11:00

Վարդան Ոսկանեան. «Թուրքիան ու Իսրայէլը կը զիջեն, Իրանն աւելի կուժեղացնի սեփական դիրքերն Իրաքի տարածքում»

Ընդհանուր առմամբ պէտք է նշել, որ Իրաքյան Քուրդիստանի քաղաքական ղեկավարութեանը, եւ ընդհանրապէս, քուրդ ռազմաքաղաքական վերնախաւին այս տարիների ընդացքում չյաջողւեց ձեւաւորել միասնական հրամանատարութեան տակ գտնւող բանակային զօրամիաւորումներ: Իսկ քրդական փեշմարգայի զինուժը, մեծ մասամբ, կամ գրեթէ ամբողջութեամբ բաղկացած է բացառապէս կուսակցական պատկանելիութեան ենթակայ զօրաջոկատներից, ինչի արդիւնքում արդիւնաւէտ գործելն Իրաքի կենտրոնական իշխանութեանը ենթակայ բանակային միաւորումների դէմ, ըստ էութեան, անհնարին է:

«alikonline.ir» - Ընդհանուր առմամբ պէտք է նշել, որ Իրաքյան Քուրդիստանի քաղաքական ղեկավարութեանը, եւ ընդհանրապէս, քուրդ ռազմաքաղաքական վերնախաւին այս տարիների ընդացքում չյաջողւեց ձեւաւորել միասնական հրամանատարութեան տակ գտնւող բանակային զօրամիաւորումներ: Իսկ քրդական փեշմարգայի զինուժը, մեծ մասամբ, կամ գրեթէ ամբողջութեամբ բաղկացած է բացառապէս կուսակցական պատկանելիութեան ենթակայ զօրաջոկատներից, ինչի արդիւնքում արդիւնաւէտ գործելն Իրաքի կենտրոնական իշխանութեանը ենթակայ բանակային միաւորումների դէմ, ըստ էութեան, անհնարին է: Այս մասին «scannews.am»-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը, անդրադառնալով Իրաքի կողմից Քիրկուկի յետգրաւմանը:

Ոսկանեանը մի շատ կարեւոր հանգամանքի վրայ է ուշադրութիւն դարձնում, այն է, որ Քիրկուկի գործողութեան ընթացքում առաջատար դերակատարութիւն ունեցաւ Իրաքի ժողովրդական աշխարհազօրը, որը հրահանգաւորւում եւ որի գործողութիւնները համակարգւում է Իրանի իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի, իրանական էլիտար զօրամիաւորումների հրամանատարութեան կազմի որոշ ներկայացուցիչների կողմից, եւ այս իմաստով Քիրկուկի՝ նման կերպով յետ վերադարձը Բաղդադի վերահսկողութեան տակ, որեւէ կասկած չէր հարուցում:

«Ակնյայտ է, որ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում հէնց Իրաքի Քուրդիստանի ներսում, որտեղ երկու հիմնական քաղաքական կուսակցութիւնները՝ «Քուրդիստանի դեմոկրատական» կուսակցութիւնն ու «Իրաքի Քուրդիստանի հայրենակցական միութիւն»-ը, լուրջ տարաձայնութիւններ ունեն եւ արդէն սկսել են փոխադարձ մեղադրանքներով հանդէս գալ՝ դաւաճան եւ այլ պիտակումներով: Ինչն ակնյայտօրէն բերելու է նրան, որ ի վերջոյ զարգացումների մի սցենար ի յայտ գայ, որի արդիւնքում Քուրդիստանի տարածաշրջանը, որն այժմ էլ վերահսկւում է երկու կուսակցութիւնների եւ նրանց զինւած զօրաջոկատների կողմից, կարող է հանդէս չգան միասնական դիրքորոշումով եւ տարածքում ձեւաւորւի երկու վարչական կառավարում»,- ասաց Ոսկանեանը:

Իրանագէտը նշում է, որ Իրաքի կենտրոնական կառավարութիւնը գործում է անսպասելի, շատ դէպքերում քրդերի համար անսպասելի մեթոդաբանութեամբ, դա վերաբերում է թէ՛ պատժամիջոցների կիրառմանը, թէ՛ ռազմադաշտում իրականացւող գործողութիւններին:

Նշենք, որ Իրաքի վարչապետն արդէն նահանգապետ է նշանակել Քիրկուկում: Նորանշանակ նահանգապետ Րաքան Ջուբուրին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այժմ նահանգի անվտանգութեան պատասխանատւութիւնն ընկած է Իրաքի ոստիկանութեան վրայ:

«2014 թւականից ի վեր սա առաջին նահանգապետն է, որը նշանակւում է Բաղդադի կողմից, եւ այս իմաստով տարածքն Իրաքի համար կարեւոր է ոչ միայն աշխարհագրական, վարչական եւ այլ առումներով, այլ յատկապէս տնտեսական խնդիրներ ունենալով, որովհետեւ Իրաքի Քուրդիստանի տարածքից արտահանւող եւ արդիւնահանւող նաւթի 50 տոկոսից աւելին Քիրկուկի նաւթահորերից էր, եւ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարութիւնն ունենալու է նաեւ տնտեսական դժւարութիւններ, որովհետեւ ակնյայտօրէն կրճատւելու է իր եկամուտը, միւս կողմից էլ Իրաքի տարածքում աւելի են ուժեղանում Իրանի դիրքերը: Իրանը փաստացի վերահսկում է Իրաքի գրեթէ ողջ քրդական հատւածը, դա լինի տնտեսական ներկայութեամբ, ռազմական չերեւացող ներկայութեամբ, լինի կրօնական ներկայութեամբ, որովհետեւ ամենամարտունակ բանակային զօրամիաւորումը, որն այսօր Իրաքի զինւած ուժերի շարքում կռւում է, դա իրանական հովանաւորութիւնը վայելող Ժողովրդական աշխարհազօրն է»,- ասաց Վարդան Ոսկանեանը:

Իսկ, թէ այս ամէնից յետյո ինչ հարւած կը ստանայ Թուրքիան, իրանագէտը նշեց.

«Քուրդիստանի տարածաշրջանից արդյունահանւող նաւթը նաւթամուղով հասցվւում էր թուրքկան Ջէյհան նաւահանգիստ եւ այնտեղից նաւթի զգալի չափաբաժին յատկացւում էր Իսրայէլին՝ պահանջարկը բաւարարելուն, ապա ակնյայտ է, որ քիրկուկեան նաւթի վերահսկողութիւնը փաստացի Իրանի կողմից հովանաւորւող Բաղդատի կենտրոնական իշխանութեան կողմից որոշակի դիրքերի զիջում է նշանակում մի կողմից Թուրքիայի, միւս կողմից Իսրայէի համար, եւ կրկին լրացուցիչ լծակ Իրանի պարագայում, այսինքն այս երկու պետութիւններն ակնյայտօրէն Իրաքում կորցնելու են իրենց դիրքերը, իսկ Իրանն աւելի ուժեղացնելու է սեփական դիրքերն Իրաքի տարածքում»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։