Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 14:50

Բահրամ Ղասեմի. «Ռիադի պառակտիչ քաղաքականութիւնը վնասում է տարածաշրջանին»

Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական խօսնակ Բահրամ Ղասեմին արձագանգել է Սաուդական Արաբիայի ԱԳ նախարարի հակաիրանական հերթական անհիմն արտայայտութիւններին:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական խօսնակ Բահրամ Ղասեմին արձագանգել է Սաուդական Արաբիայի ԱԳ նախարարի հակաիրանական հերթական անհիմն արտայայտութիւններին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

 Նա նշել է, որ Ռիադի չմտածւած ու պառակտիչ քաղաքականութիւնը վնասում է տարածաշրջանին:

«Սաուդական Արաբիայի ԱԳ նախարարը խեղաթիւրելով իրականութիւնը, կրկնում է երիցս չարչրկւած անպտուղ փորձը, որպէսզի հանրային կարծիքի ուշադրութիւնը շեղի տարածաշրջանում իր երկրի վարած ապակայունացնող քաղաքականութիւնից»,- ասել է Ղասեմին՝ յաւելելով, որ տարածաշրջանի բոլոր ժողովրդներն ականատեսն են, թէ Պարսից ծոցից եւ Եմէնից յետոյ, այս անգամ Ռիադն ինչպէս է փորձում ապակայունացնել Լիբանանը:

Անդրադառնալով տարածաշրջանային վերջին իրադարձութիւններին, ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակն ընդգծել է. «Այն դէպքում, երբ վերջին տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ջանք չի խնայել նպաստելու տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան կայացմանը, տարածաշրջանը կրկին անգամ ախտահարւել է սաուդացիների չմտածւած, ծայրայեղական քաղաքականութեամբ, որը հիմնականում կոչւած է շեղելու հանրային կարծիքը հէնց իրենց ձեռքով ստեղծւած ներքին եւ արտաքին հիմնախնդիրներից: Այս իրավիճակի աւերիչ հետեւանքների յաղթահարումը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների կողմից քաղաքական կամքի դրսեւորում եւ խելամիտ մօտեցում»:

Նշենք, որ Սաուդական Արաբիայի ԱԳ նախարարն ամերիկեան «CNBC» հեռուստալիքին տւած հարցազրոյցում ասել էր, թէ իբր Եմէնից դէպի Ռիադ արձակւած հրթիռը հուսիներին է տրամադրւել Իրանի կողմից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։