Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 15:30

Նախագահը՝ Մակրոնի հետ հեռախօսազրոյցում. «Միջուկային գործարքի ամբողջական գործադրումը փորձաքար է միջազգային նշանակութեան այլ համաձայնագրերի համար»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ նոյեմբերի 21-ին հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ նոյեմբերի 21-ին հեռախօսազրոյց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հեռախօսազրոյցի ընթացքում Հանրապետութեան նախագահը կարեւորել է Միջուկային համապարփակ համաձայնագրի ամբողջական գործադրումը՝ նշելով, որ այն իւրայատուկ փորձաքար է միջազգային նշանակութեան այլ համաձայնագրերի համար: Դոկտ. Ռոհանին յատուկ ընդգծել է, որ համաձայնագրում որեւէ փոփոխութիւն մտցնելը դրա ամբողջական կազմաքանդման պատճառը կը դառնայ:

Անդրադառնալով Սիրիայում ԴԱԷՇ-ի վերահսկողութեան տակ գտնւող վերջին յենակէտի ազատագրմանը, նախագահը նշել է, որ այն երկար սպասւած՝ ուրախացնող լուր էր ողջ աշխարհի համար՝ շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր նպատակը տարածաշրջանում բոլոր ահաբեկչական խմբաւորումների ոչնչացումն է:

Նա նշել է, որ Իրանի ներկայութիւնն Իրաքում եւ Սիրիայում պայմանաւորւած է եղել այդ երկրների կառավարութիւնների հրաւէրով՝ ընդգծելով, որ պաշտօնական Թեհրանը տարածաշրջանում սեփական հեգեմոնիան տարածելու նպատակ չի հետապնդում:

Խօսելով տարածաշրջանային վերջին իրադարձութիւնների մասին, դոկտ. Ռոհանին հարեւան երկրների որոշ անփորձ արքայազնների արկածախնդրութիւնները համարել է ողջ տարածաշրջանի շահերին հակասող քայլեր, եւ կարծիք է յայտնել, որ Ֆրանսիան պահպանելով իր չէզոքութիւնը եւ օգտագործելով իր դիրքն ու ազդեցութիւնը կարող է կառոցողական դեր ստանձնել տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործընթացում:

Ինչ վերաբերում է Լիբանանին, նախագահը նշել է, որ բոլորը պէտք է նպաստեն, որպէսզի լիբանանեան տարբեր խմբաւորումներին յաջողւի կողք-կողքի ունենալ մի կառավարութիւն, որը կը նպաստի երկրի բարգաւաճմանն ու առաջընթացին: Նա նշել է, որ «Հեզբօլլահ»-ը լիբանանեան հասարակութեան անքակտելի մի մասնիկն է, որը վայելում է մեծ ժողովրդականութիւն, եւ որի ռազմական կարողականութիւնը կոչւած է բացառապէս պաշտպանելու երկիրը՝ արտաքին թշնամու հնարաւոր ոտնձգութիւններից:

Էմանուէլ Մակրոնն էլ իր հերթին շեշտել է բոլոր բնագաւառներում Իրանի հետ յարաբերութիւնների ընդլայնման Փարիզի մտադրութեան մասին՝ կարեւորելով Միջուկային գործարքի պահպանման անհրաժեշտութիւնը: Նա մէկ անգամ եւս յիշեցրել է, որ Ֆրանսիան շարունակելու է հաւատարիմ մնալ Միջուկային գործարքին:

Տարածաշրջանում կայունութեան ամրապնդման գործում, Մակրոնը կարեւորել է երկրների միջեւ կառուցողական երկխօսութիւնը, այն համարելով Ֆրանսիայի տարածաշրջանային քաղաքականութեան կարեւոր բաղադրիչներից մէկը: Նա պաշտօնական Փարիզի անունից պատրաստակամութիւն է յայտնել այդ գործընթացում միջնորդի դեր ստանձնել:

Էմանուէլ Մակրոնը նախագահ Ռոհանիին հրաւիրել է մասնակցելու դեկտեմբերին Փարիզում կայանալիք Կլիմայական փոփոխութիւնների մասին միջազգային խորհրդաժողովին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։