Հա

Քաղաքական

03/01/2018

Նախագահը՝ Մակրոնի հետ հեռախօսազրոյցի ընթացքում. «Իրանի սկզբունքային քաղաքականութիւնը տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդումն է»

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ կայացած հեռախօսազրոյցի ընթացքում, դոկտ. Հասան Ռոհանին կարեւորել է Թեհրան-Փարիզ երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը՝ նշելով, որ դրանք առանցքային նշանակութիւն են կարող ունենալ տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդման համար:

«alikonline.ir» - Յունւարի 2-ի երեկոյեան Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ կայացած հեռախօսազրոյցի ընթացքում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին կարեւորել է Թեհրան-Փարիզ երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը՝ նշելով, որ դրանք առանցքային նշանակութիւն են կարող ունենալ տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդման համար:

Շնորհաւորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, դոկտ. Ռոհանին յոյս է յայտնել, որ 2018 թւականին երկկողմ յարաբերութիւնների առաւել զարգացման եւ ընդլայնման ականատեսը կը լինենք:

Նա նշել է, որ Իրանի սկզբունքային քաղաքականութիւնը տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդումն է, եւ մէկ անգամ եւս յիշեցրել է, որ Իրանի ներկայութիւնն Իրաքում եւ Սիրիայում պայմանաւորւած է եղել այդ երկրների օրինական իշխանութիւնների հրաւէրով, եւ ահաբեկչութեան դէմ պայքարի նպատակով. «Այսօր բոլորի համար պարզ է, թէ Իրանի ջանքերի եւ օժանդակութեան շնորհիւ է ոչնչացւել ԴԱԷՇ-ը»,- ընդգծել է նախագահը:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային, դոկտ. Ռոհանին նշել է, որ այն միջազգային նշանակութեան պայմանաւորւածութիւն է, որից շահել են բոլորը: Նա մէկ անգամ եւս յիշեցրել է, որ Իրանը հաւատարիմ կը մնայ դրան այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում է օգտւել դրա ընձեռած հնարաւորութիւններից:

Ինչ վերաբերում է երկրի պաշտպանական եւ հրթիռային կարողականութեանը, Հանրապետութեան նախագահն ընդգծել է, որ դրանք չեն հակասում ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւերին՝ նշելով, որ դրանք բացառապէս ծառայում են երկրի անվտանգութեան ապահովմանը:

Դոկտ. Ռոհանին ասել է, որ այսօր Իրանում առկայ է ճշգրիտ աշխատող ժողովրդավարութիւն, որի վառ ապացոյցը նախագահական ընտրութիւններն են: Ըստ նրա՝ բռնութեան տարածումը չի կարող հաւասարեցւել օրինական ազատութիւնների, քննադատութեան եւ պահանջների ներկայացման հետ:

Զրոյցի ընթացքում նախագահ Մակրոնն էլ իր հերթին նշել է, որ պաշտօնական Փարիզը հաւատարիմ է Միջուկային գործարքին, եւ այն կարեւոր է համարում միջազգային կայունութեան եւ անվտանգութեան ամրապնդման համար:

Տարածաշրջանային հիմնախնդիրների կարգաւորման համար նա կարեւորել է երկխօսութիւնն ու փոխգործակցութեան ընդլայնումը:

Մակրոնը յատուկ ընդգծել է, որ Ֆրանսիայի համար անընդունելի է այն տեսակէտը, որն Իրանին չարի առանցք է համարում:

Նա նշել է, որ պաշտօնական Փարիզը երբեւէ չի հերքել «Ղոդս»-ի ուժերի առանցքային դերակատարութիւնն ահաբեկչութեան դէմ պայքարի գործում եւ երախտապարտ է դրա համար:

Ինչ վերաբերւում է Իրանի զինեալ-ահաբեկչական ընդդիմութեան գործունէութեանը Ֆրանսիայում՝ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան երբեւէ չի պաշտպանել այդ խմբաւորմանը, եւ թոյլ չի տայ իր երկրի տարածքն օգտագործել մէկ այլ երկրի դէմ պայքարելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։