Հա

Քաղաքական

Կիրակի, 07 Յունւարի 2018 10:30

«Սատանայի դաւերը», կամ ինչ է սպասում Հայաստանին, եթէ թուլանայ Իրանի «իմունիտետը»

ԱՄՆ-ը փորձում է դուրս մղել Իրանին մերձաւորարեւելեան քաղաքականութիւնից եւ վերադարձնել պատժամիջոցները, կարծում են փորձագէտներ։

Իրանում ապակայունացումը կարող է յանգեցնել Հայաստանի համար կործանարար հետեւանքների: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ը փորձում է դուրս մղել Իրանին մերձաւորարեւելեան քաղաքականութիւնից եւ վերադարձնել պատժամիջոցները, կարծում են փորձագէտներ։

Իրանում ապակայունացումը կարող է յանգեցնել Հայաստանի համար կործանարար հետեւանքների: «Sputnik» Արմենիային ասաց քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը։

 

Աղէտ կամ չինական սցենար

Բոզոյեանը նշում է, որ ի սկզբանէ Իրանի դէպքերն առաջացել են սոցիալ-տնտեսական պատճառներով, մասնաւորապէս` որոշակի մթերքների գների բարձրացման։

«Հաշւի առնելով այն, որ Իրանը լուրջ աշխարհաքաղաքական հակառակորդ ունի՝ ի դէմս ԱՄՆ-ի եւ Սաուդական Արաբիայի, հասկանալի է, որ նրանք բաց չեն թողել յարմար առիթից օգտւելու հնարաւորութիւնը»,- ասաց Բոզոյեանը։

Քաղաքագէտի խօսքով՝ նրանք փորձել են «կապիտալիզացնել» այդ ելոյթները։ Հէնց այդ պատճառով գումարւել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը, որտեղ ԱՄՆ-ն կոչ է արել պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել Թեհրանի դէմ։

Ինչպէս կարծում է փորձագէտը, Իրանի ինքնամեկուսացման բազմամեայ քաղաքականութիւնը լուրջ դժգոհութիւն է առաջացրել երկրում, քանի որ այդ պայմաններում բարդ է ապահովել երկրի զարգացումը։ Նա կարծում է, որ Իրանում ներքին հակասութիւնները կը շարունակւեն, բայց չեն բերի լուրջ փոփոխութիւնների։

«Եթէ Իրանում կրօնական համակարգը փոխւի, երկիրը կարող է բախւել լուրջ խնդիրների հետ։ Այն բազմազգ երկիր է, որտեղ բոլոր ժողովուրդներին համախմբում է հէնց կրօնը, այնտեղ, այսպէս ասած,  պաշտօնապէս ազգութիւններ չկան։ Ամէն դէպքում` Իրանը իւրայատուկ կայսրութիւն է»,- ասաց Բոզոյեանը։

Հայաստանի համար կենսականօրէն կարեւոր է, որպէսզի Իրանում կայունութիւն պահպանւի։ Եթէ Իրանը վերածւի նոր Լիբիայի կամ Իրաքի, ապա Բոզոյեանի խօսքով, Հայաստանը կը սպառնայ նոր վտանգ։

«Եթէ Իրանում սկսւեն ազգայնական շարժումներ, ապա հաշւի առնելով այն, որ բնակչութեան մեծութեամբ երկրորդ խումբն ադրբեջանցիներ են (շուրջ 20-25 միլիոն), ապա դժւար չէ հասկանալ, թէ ինչպիսի սպառնալիք կը ծագի Հայաստանի համար։ Իրանի անկումն ուղղակի աղէտ կը լինի»,- ասաց Բոզոյեանը։

Բոզոյեանը կարծում է, որ Իրանի համար լաւագոյն ուղին Չինաստանի փորձն է, որը պաշտօնապէս չի հրաժարւել սոցիալիստական համակարգից, բայց դէ ֆակտօ գնացել է կապիտալիզմի ճանապարհով։

 

Իրանական «դիմադրողականութիւն»

Քաղաքական տեխնոլոգ Վիգէն Յակոբեանը կարծում է, որ Վաշինգտոնի ակտիւութիւնն Իրանի ելոյթների ֆոնին ցոյց է տալիս, որ նրանք ցանկանում են վերադարձնել պատժամիջոցները։

«Ինձ մօտ տպաւորութիւն է ստեղծւում, որ այդ ամէնը կը վերջանայ ԱՄՆ-ի վերադարձով պատժամիջոցների քաղաքականութեանը։ Ամէն դէպքում, ամերիկեան վարչակազմը նման նպատակ ունի, նա դա չի էլ թաքցնում»,- ասաց Յակոբեանը։

Միաժամանակ, քաղտեխնոլոգը կարծում է, որ Իրանի իրավիճակը (չեղեալ յայտարարել միջուկային գործարքը) նման կը լինի Երուսաղէմի հարցում ԱՄՆ-ի որոշմանը. մեծ տարաձայնութիւններ կը լինեն։

Ինչ վերաբերում է հէնց Իրանին, ապա նրա խօսքով, ներկայ իրավիճակը խնդիրների համալիր արդիւնք է։ Առաջին հերթին տնտեսական, ապա  ներքաղաքական իրավիճակը, թէեւ արտաքին ուժեր էլ որոշակի ազդեցութիւն ունեն։

Նրա խօսքով՝ որոշ երկրներ շահագրգռւած են իրավիճակի ապակայունացման մէջ։ Միաժամանակ, նրա խօսքով, ԻԻՀ-ն լուրջ «դիմադրողականութիւն» ունի դրա դէմ։ Իրավիճակը դուրս չի գայ իշխանութիւնների վերահսկողութիւնից, կարծում է քաղտեխնոլոգը։

 

Անվտանգութեան խորհուրդը թուլացնելու ԱՄՆ-ի փո՞րձ

Քաղաքագէտ Սուրէն Սարգսեանը կարծում է, որ միանշանակ հասկանալի էր, որ ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ ԱԽ-ին առաջարկած բանաձեւը չի ընդունւելու։

Այդ քայլը կարող էր նշանակել, որ Վաշինգտոնը կա՛մ ցանկանում է առաւելագոյն ուշադրութիւն դարձնել Իրանի խնդրին, կա՛մ թուլացնել ՄԱԿ ԱԽ-ը։

«Շատ երկրներ կարծում են, որ ԱԽ գումարելու պատճառներ չեն եղել, քանի որ Իրանն ինչ-որ քայլ չի կատարել, որը սպառնում է միջազգային անվտանգութեանը»,- ասաց Սարգսեանը։

 

ԱՄՆ-ի պատասխանը Թեհրանի մերձաւորարեւելեան յաջողութիւններին

Իրանագէտ Ահարոն Վարդանեանն «Sputnik» Արմենիային ասաց, որ  վերջին երկու օրերին Իրանում իրավիճակը բաւական հանգիստ է, ցոյցերն աւելի սակաւամարդ են, քան նախկինում, անցկացւում են կառավարամէտ երթեր (որոնք աւելի զանգւածային են, քան ցուցարարներինը)։

«Իշխանութիւնները կարողացել են լիովին վերահսկել իրավիճակը»,- ասաց Վարդանեանը։

Նրա խօսքով՝ ԱՄՆ-ը տեսնում է, որ Իրանը զգալի «յաղթանակների» է հասել Մերձաւոր Արեւելքոմ։ Խօսքը ինչպէս ռազմական, այնպէս էլ դիւանագիտական յաջողութիւնների մասին է, եւ փորձում են Թեհրանին մերձաւորարեւելեան քաղաքականութիւնից դուրս մղել ներքին ապակայունացման հաշւին։

Միւս կողմից, նրա խօսքով, Թեհրանում կարողանում են լուծել ճգնաժամերը, իսկ Վաշինգտոնն իր դաշնակիցների (Սաուդական Արաբիա եւ Իսրայէլ) հետ դեռեւս լծակներ չունի երկրում աւելի մեծ ապակայունացում ստեղծելու համար։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։