Հա

Քաղաքական

08/01/2018

Հանրապետութեան նախագահ. «Ժողովուրդն արդարացիօրէն պահանջում է տեսնել իրեն»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յունւարի 8-ին հանդիպել է էկոնոմիկայի նախարարի եւ նախարարի տեղակալների հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ յունւարի 8-ին հանդիպել է էկոնոմիկայի նախարարի եւ նախարարի տեղակալների հետ:

Անդրադառնալով վերջին օրերի ընթացքում երկրում տեղի ունեցած զանգւածային բողոքի ակցիաներին, նախագահը նշել է, որ ոմանք փորձել են չարաշահել բողոքի ակցիաները. «Սակայն ժողովուրդն արդարացիօրէն պահանջում է տեսնել եւ լսել իրեն, կատարել իր պահանջները»,- նշել է դոկտ. Ռոհանին:

«Այսօր մեր պարտականութիւնն է ծառայել, երկրին, մշակոյթին, կրօնին, յեղափոխութեանը, պատմութեանն ու գալիք սերունդներին: Կարող ենք ասել, որ այսօր կերտում ենք ապագայ սերունդների վաղւայ օրը»,- ասել է նա:

Խօսելով վերջին օրերի դէպքերի մասին, նախագահը նշել է, որ դրանում կար հիմնական մի խնդիր, որին, դժբախտաբար, նւազ ուշադրութիւն են դարձրել ռադիօ-հեռուստատեսութիւնն ու այլ ԶԼՄ-ները, եւ որը չափազանց կարեւոր է երկրի երկարատեւ խաղաղութեան, կայունութեան եւ անդորրի համար:

«Դա մեր՝ պատասխանատուների եւ նոր սերնդի միջեւ գոյութիւն ունեցող խզումն է: Այսօր նոր սերունդը չի մտածում այնպէս, ինչպէս մենք ենք մտածում: Աշխարհի եւ կեանքի հետ կապւած նոր սերնդի հայեացքները տարբերւում են մեր հայեացքներից, եւ սա հիմնական խնդիր է, որն անհրաժեշտ է կարգաւորել»,- ընդգծել է Հանրապետութեան նախագահը:

Նա բոլորին կոչ է արել սեփական ապրելակերպը չպարտադրել ապագայ սերունդներին. «Խնդիրը գոյանում է նրանում, որ մենք փորձում ենք մեր ապրելակերպը պարտադրել գալիք սերունդներին, այն դէպքում, երբ չենք կարող նրանց փոխարէն որոշում կայացնել, նրանց պարտադրել որոշակի ապրելակերպ՝ ստիպելով, որ սա է ուղին»,- ասել է նախագահը՝ նշելով, որ նոր սերունդի խօսքն ու պահանջը յստակ է. ես հասկանում եմ, ասելիք ունեմ, ստիպւած էք լսել ինձ: Իսկ ժողովուրդն էլ ըստ նրա՝ յստակ հասկացնել է տւել, որ նոյնպէս ունի ասելիք, որին անհրաժեշտ է լսել, եւ որ կարեւոր է՝ գործադրել այն:

«Եթէ երկրի մեծամասնութիւնը կազմում է նոր սերունդը, դա նշանակում է, որ ստիպւած ենք կատարել մեծամասնութեան պահանջը»,- յստակեցրել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ բոլոր տեղերում էլ կան անձինք, որոնք փորձում են չարաշահել հասարակական դժգոհութեան ալիքը:

Նա նշել է, որ երկրում քննադատութեան հետ կապւած չկայ որեւէ բացառութիւն, եւ կառավարութիւնն ընդառաջ է գնում քննադատութեանը. «Եթէ քննադատութիւնը կառուցողական է, ենթադրում է յստակ լուծումներ, ապա այն օգտակար է»,- ասել է նախագահը:

«Քննադատութիւնը ժողովրդի իրաւունքն է, որովհետեւ նրանք են երկրի տէրը: Մեր՝ պատասխանատուների հպարտութեան պատճառն այն է, որ մենք այս ժողովրդի ներկայացուցիչներն ենք ու նրանց վստահւած անձը: Ուստի նրանք իրաւունք ունեն վերահսկել մեր գործունէութիւնն ու հարկ եղած դէպքում քննադատել»,- նշել է Հանրապետութեան նախագահը՝ յիշեցնելով, որ չպէտք է անտեսել ոչոգու եւ ոչնչի, քանզի դա ամենավտանգաւոր մօտեցումն է:

«Անցեալ օրերի դէպքերը փորձառութիւն էր ժողովրդի եւ նոր սերնդի համար, որոնք պահանջում են աւելի լաւ ապրելակերպ: Ոմանք կարծում են, թէ ժողովուրդը միայն նիւթական լաւ վիճակ է ցանկանում: Սակայն կա՞յ արդեօք որեւէ մէկը, որը կը ցանկանայ ամսական ստանալ ինչ-որ շօշափելի գումար, իսկ փոխարէնը զրկւած լինի համացանցից, կամ տնից դուրս որոշակի սահմանափակումների ենթարկւի եւ չկարողանայ արտայայտւել: Միթէ՞ կարելի է ժողովրդի ազատութիւնը գնել փողով: Ինչու են ոմանք սխալ մատնանշումներ անում, սա ժողովրդի նկատմամբ անյարգալից վերաբերմունք է»,- յատուկ ընդգծել է դոկտ. Ռոհանին՝ յիշեցնելով, որ ժողովուրդն ունի որոշակի պահանջներ, որոնք պէտք է իրագործւեն:

«Եթէ գիտակցենք եւ ընդունենք, որ ժողովուրդն է երկրի տէրը, ապա բոլոր խնդիրները կը կարգաւորւեն»,- եզրակացրել է նախագահը:

Յարակից լուրեր

  • ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»
    ԱԳՆ խօսնակ. «Նախագահը Նիւ Եօրք կը մեկնի»

    Հանրապետութեան նախագահը կը մեկնի Նիւ Եօրք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային:

  • Զանգւածների մուտքը քաղաքականութիւն
    Զանգւածների մուտքը քաղաքականութիւն

    Այս տարւայ ապրիլեան դէպքերի՝ զանգւածային ցոյցերի ու ակցիաների հետեւանքով իշխանութիւնը փոխւեց։ Խորհրդարանում մի քանի պատգամաւոր ունեցող քաղաքական ուժի առաջնորդը դարձաւ վարչապետ, իսկ զանգւածները դարձան Հայաստանի քաղաքական կեանքի գլխաւոր գործօնը։ Գալիք խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ով կարողանայ տիրապետել եւ ուղղորդել զանգւածներին, նա էլ կը կարողանայ յաջորդ հինգ տարիների ընթացքում ունենալ իշխանութիւն։ 

  • Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»
    Երեւանն Իրանին առաջարկելու բան չունի, աւելի լաւ է կատարի 2016-ի «տնային առաջադրանքը»

    1993 թւականից բազմիցս փորձել եմ հասկացնել Հայաստանի բոլոր իշխանութիւններին, որ մեր երկրի համար Իրանի հետ յարաբերութիւնները պակաս կարեւոր չեն, քան Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Տէր-Պետրոսեանի կառավարման սեւ տարիներին դա անյոյս գործ էր: Տարածաշրջանում Իրանի դերի մասին յորդորները նոյնքան անյոյս գործ դարձան նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան երկու ժամկէտում: Դատելով ամէն ինչից՝ Իրանը չի ուզում բանի տեղ դնել նաեւ Նիկոլ Փաշինեանը:

  • Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը
    Հասան Ռուհանիի` Նիւ Եօրք նախատեսւող այցի նշանակութիւնը

    ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանը պատմական նշանակութիւն ունեցաւ Իրանի եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների համար: Իսլամական յեղափոխութիւնից ի վեր առաջին անգամ կայացաւ Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների հեռախօսազրոյցը: Հասան Ռուհանիի եւ Բարաք Օբամայի հեռախօսազրոյցից առաջ ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպել էին երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները՝ Ջան Քերին եւ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • Ինչպիսի իրավիճակում էր յայտնւել Էրդողանը Պուտինի ու Ռոհանիի կողքին․ թուրք ծաղրանկարիչը Թեհրանի գագաթնաժողովի մասին
    Ինչպիսի իրավիճակում էր յայտնւել Էրդողանը Պուտինի ու Ռոհանիի կողքին․ թուրք ծաղրանկարիչը Թեհրանի գագաթնաժողովի մասին

    Թուրք ծաղրանկարիչ Ութքու Ջան Աքէոլը «gazeteduvar.com.tr» կայքում հետաքրքրական ծաղրանկար է հրապարակել  Թեհրանում Ռուսաստան-Իրան-Թուրքիա նախագահների մակարդակով եռակողմ գագաթնաժողովի թեմայով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։