Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 09 Յունւարի 2018 12:30

Դոկտ. Կարէն Խանլարեան. «Ապակայունացնող երեւոյթներով չի կարելի Իրանին ինչ-որ բան պարտադրել»

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Իրանում տեղի ունեցող դժգոհութիւնների հիմքում ընկած են ե՛ւ սոցիալական դժգոհութիւնները, ե՛ւ արտաքին ազդակները:

«alikonline.ir» - Իրանի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարէն Խանլարեանի խօսքով՝ Իրանում տեղի ունեցող դժգոհութիւնների հիմքում ընկած են ե՛ւ սոցիալական դժգոհութիւնները, ե՛ւ արտաքին ազդակները։ Նա «tert.am»-ի հետ զրոյցում մատնանշեց՝ նման բողոքի ալիքները Իրանում նախկինում էլ են եղել, այն իր բնոյթով աննախադէպ չէր:

Իսկ այն, որ վերջին տարիների ընթացքում դժգոհութիւններ կային երկրի կառավարութեան վարած տնտեսական քաղաքականութիւնից, ակնյայտ էր: Դժգոհութիւնները, ըստ նրա, եղան Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու արդիւնքում:

«Վերջին բանակցութիւններն էլ միջուկային ծրագրի վերաբերեալ, ենթադրւում էր, որ կը մեղմացնէին այդ պատժամիջոցները, աստիճանաբար կը վերանային դրանք, սակայն այդպէս չեղաւ: Այդ պատժամիջոցները ոչ միայն չվերացան, այլ նաեւ աւելացան, որպէսզի Իրանին ինչ-որ բան պարտադրւեր»,- ասաց նա՝ նկատելով, որ իր ասածը պէտք է դիտարկել տարածաշրջանային քաղաքականութեան մէջ:

Կարէն Խանլարեանի խօսքով՝ Իրանի հասարակութեան սոցիալական դժգոհութիւնների ալիքի վրայ հիմնւեց նաեւ քաղաքական դժգոհութիւնը: Այստեղ իրենց դերն ունեն, ըստ նրա, ոչ միայն ԱՄՆ-ը, այլ վերջինիս՝ այս տարածաշրջանում ունեցած դաշնակիցները, մասնաւորապէս՝ Սաուդական Արաբիան, Իսրայէլը եւ Թուրքիան:

«Թուրքիան աներեւոյթ է գործում․ իբրեւ թէ խնդիրներ չունի Իրանի հետ, դաշնակիցներ են, բայց ոչ բացայայտ կերպով Թուրքիան բարձրացաւ այդ ալիքի վրայ»,- նշեց նա:

Դժգոհութիւնները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ նրա կառավարութեանն են ուղղւած: Նա յիշատակեց՝ որոշ ժամանակ առաջ Ռոհանին Իրանի խորհրդարանին էր առաջարկել բենզինի գները բարձրացնել, բայց դեռ չբարձրացած լուրեր տարածւեցին, թէ արդէն բարձրացել են:

«Բողոքը հէնց կառավարութեան դէմ էր: Խորհրդարանը, կարծում եմ, այս առաջարկին դէմ կարտայայտւի ի վերջոյ: Բայց ապատեղեկատւութիւն է տարածւել գործադիր իշխանութեան, նախագահ Ռոհանիի տնտեսական քայլերի դէմ»,- ասաց նա:

Իրանահայ պատգամաւորի խօսքով՝ վերջին տարիներին ընդհանրապէս խորհրդարանի դիմաց յաճախ էին տարբեր խաւեր բողոքի ակցիաներ անում: «Բողոքներ միշտ էլ լինում են, եւ դրանց ընթացքում ինչ-որ լուծումներ տրւում են: Բայց այս անգամ կարծես դուրս եկան նրանք իրենց բնական հունից, ինչը կարծում եմ՝ մի շարք քաղաքական շրջանակների կողմից կազմակերպւած էր, նպատակն էլ, ինձ համար պարզ է՝ պարտադրել Իրանին, որ համակերպւի տարածաշրջանում ինչ-որ քաղաքականութեան»,- ասաց նա:

Դիտարկմանն ի պատասխան, թէ ինչպիսի իրավիճակ է կանխատեսում Իրանի համար այն դէպքում, երբ ԱՄՆ-ն եւ նրան դաշնակցողներն օգտւում են իրավիճակից, Կարէն Խանրալեանը նկատեց, որ ԱՄՆ-ում արդէն լաւ հասկացել են, որ չի կարելի Իրանին այդ ոճով պատասխան տալ:

«ԱՄՆ-ի քաղաքականութեան մէջ արդէն նահանջ, յետքայլ նկատւում է այս համատեքստում: Չեմ հասկանում, թէ ինչու են ամերիկացիներն անընդհատ փորձում նոյն բանը: Պէտք է հասկանան, որ ներքին խժդժութիւններ ստեղծելով, ապակայունացնող երեւոյթներով չի կարելի Իրանին ինչ-որ բան պարտադրել,- ասաց նա՝ յաւելելով, որ Իրանում նման իրավիճակները ժողովրդավարական բոլոր ձեւերով հանդարտեցնել գիտեն,- եթէ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցութիւնների միջոցով հարցերը պարզէր, ապա աւելի առաջ կը գնար, արդիւնքի կը հասնէր, քան այսպիսի ձեւերով»:

Հայաստան-Իրան յարաբերութիւնների վրայ, ըստ Կարէն Խանլարեանի, Իրանում տեղի ունեցողն իր ազդեցութիւնը չի ունենայ: «Բայց մէկ բան չպէտք է մոռանանք․ Իրանը Հայաստանի եւ հայութեան համար ռազմավարական գործընկեր է: Կարծում եմ՝ հզօր Իրանն է, որ կարող է գործընկեր լինել հարեւանների, այս դէպքում, Հայաստանի համար: Ապակայունացած վիճակում Իրանը կարող է նոյնիսկ աղէտաբեր լինել տարածաշրջանի համար, Իրանի այս ստատուս քւոն է, որ խաղաղութեան կամ հանդարտութեան հեռանկար է պարզում այս տարածաշրջանում: Եթէ Իրանն իր այս ռազմավարական հզօրութիւնը կորցնի, կարծում եմ, այս տարածաշրջանն էլ աւելի կը մխրճւի աղէտալի իրավիճակների մէջ, որոնք անվերադարձ կը լինեն բոլորի համար»:

Հարցին, թէ ինչ է կարծում՝ արդեօ՞ք Հայաստանը պէտք է իր դիրքորոշումը յայտնի Իրանում տեղի ունեցողի վերաբերեալ, որպէս հարեւան երկիր, Կարէն Խանլարեանը պատասխանեց․ «Ես, որպէս Իրանի քաղաքացի, միշտ ակնկալում եմ Հայաստանից, որպէս Իրանին առնչակից երկիր եւ ամենամօտ երկրներից մէկը, որ իրանաֆոբիային, որը տարածում են արեւմտեան որոշ երկրներ, վերջ դնի․ Հայաստանն ու հայութիւնը Իրանի ե՛ւ քաղաքակրթութեանը, ե՛ւ անցյալին, ե՛ւ ներկային լաւ ծանօթ են, գիտեն, որ Իրանն այն դէմքը չունի, որ փորձ է արւում ներկայացնել աշխարհին: Շատերը փորձում են Իրանին ներկայացնել որպէս ահաբեկիչ պետութիւն, բայց մենք գիտենք, որ այդպէս չէ, գիտենք, որ Իրանն այս տարածաշրջանի անկայունութեան մէջ եղել է կայունութեան կղզեակը, իսկ դա բխում է Իրանի անցեալից, քաղաքական փորձից: Հայերը պէտք է, որպէս այս ամէնին գիտակ, աշխարհին դա ներկայացնեն, այս հարցում Հայաստանի դիւանագիտական կորպուսը կարող է ունենալ շատ դրական դերակատարութիւն: Այդ ամրագրումները հիմա պէտք են, քանի որ տարածաշրջանը գտնւում է նոր ձեւաւորումների փուլում»,- ասաց նա:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ