Հա

Քաղաքական

11/01/2018

Վարդան Ոսկանեան. «Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաները որեւէ կերպ չեն ազդի հայ-իրանական օրակարգի վրայ»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ վերջերս Իրանում տեղի ունեցածի հիմքում ընկած էին տնտեսական խնդիրները՝ թանկացումների, արտարժոյթի փոփոխութիւնների հետեւանքով:

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ վերջերս Իրանում տեղի ունեցածի հիմքում ընկած էին տնտեսական խնդիրները՝ թանկացումների, արտարժոյթի փոփոխութիւնների հետեւանքով:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նկատեց, որ յետոյ գործ ունեցանք տնտեսական խնդիրները քաղաքականի վերածելու խնդրի հետ, բայց ոչ թէ ինքնաբուխ կերպով, այլ ակնյայտ արտաքին միջամտութեան եղանակով՝ օգտագործելով սոցիալական ցանցերի ընձեռած հնարաւորութիւնները, արտասահմանեան լրատւամիջոցների լուսաբանումները:

«Կիրառւում էր տեխնոլոգիական հնարք, որոշակի տնտեսական բողոքի ալիքը դարձնելու «յեղափոխական ալիք»»,- ասաց նա:

Վարդան Ոսկանեանը բողոքի ակցիաների բուռն շրջանում Իրանում էր, նոր է վերադարձել այնտեղից: Նրա հաւաստմամբ՝ այդ օրերին, երբ խօսք էր գնում, որ Իրանի որոշ քաղաքներում իշխանութիւնն անցել է «ապստամբների ձեռքը», իրավիճակն անկառավարելի է դարձել, ինքն անձամբ է տեսել՝  որեւէ կերպ չէր զգացւում, որ այդ քաղաքների որեւէ հատւածում բողոքի ցոյց կայ:

«Դա պայմանաւորւած էր նախեւառաջ այն հանգամանքով, որ բողոքի ցոյցի մասնակիցների քանակը չափազանց փոքր էր, բազմամարդ ցոյցեր տեղի չէին ունենում, եւ երկրորդ կարեւոր հանգամանքը, որին պէտք է անդրադառնանք, այն է, որ նոյն քաղաքներում բնակւող մարդիկ անտարբեր էին այդ ցոյցերի նկատմամբ: Մէկ այլ  կարեւոր խնդիր էլ կար, որին պէտք է ուշադրութիւն դարձնել․ այն է, որ կիրառւում էր ոչ միայն առկայ իրադարձութիւնների ուռճացւած ներկայացման մեթոդաբանութիւնը, այլ նաեւ կեղծ տեղեկատւութեան ներկայացումը»,- ասաց նա:

Իրանագէտը պատմեց, որ իրականութեանը չէր համապատասխանում այն տեղեկատւութիւնը, որ ոստիկանութիւնը դիմում է բռնի ուժի կիրառմանը: Նա նշեց, որ այդ օրերին նկատելի էր ոստիկանական ուժերի կենտրոնացում, սակայն որեւէ բախում  ցուցարարների հետ տեղի չի ունեցել: «Ոստիկանութիւնը գործել է չափազանց հանդարտ, կանխարգելիչ մեթոդաբանութեամբ, ոչ թէ բախումների գնալու ճանապարհով»,- նշեց նա:

«tert.am»-ի հարցադրումներին` ինչո՞ւ հիմա Իրանում սկսած սոցիալական բողոքները լայն արձագանգ ստացան միջազգային լրատւամիջոցներում, ինչո՞ւ բոլորի ուշադրութիւնը հիմա շեղւեց Իրանում տեղի ունեցողի վրայ, եթէ, ինչպէս որոշ տեսաբաններ են նշում, բողոքի ցոյցեր միշտ էլ Իրանում լինում են, եւ վերջիններն էլ իրենց մասշտաբներով շատ մեծ չէին, Վարդան Ոսկանեանը պատասխանեց՝ մատնանշելով՝ աւարտւել է ԴԱԷՇ ահաբեկչական կազմակերպութեան դէմ պայքարի հիմնական փուլը.

«Արդիւնքում` Իրանը կարողացաւ ոչ միայն մասնակից դառնալ ահաբեկչութեան դէմ պայքարին, այլեւ այդ պայքարից դուրս գալ յաղթանակով, եւ առանց այն էլ իր մեծ ազդեցութիւնը դարձնել անսահմանափակ Մերձաւոր Արեւելեան տարածաշրջանում: Ակնյայտ է, որ կարիք կայ՝ որոշ արեւմտեան շրջանակների կողմից անհրաժեշտութիւն կայ Իրանի նկատմամբ կիրառել յեղափոխական զանազան տեխնոլոգիաներ: Այդ տեխնոլոգիաները, կարծես, իրականացւում են սիրիական սցենարով, այսինքն՝ սկզբում կազմակերպել բողոքի ակցիաներ համեմատաբար փոքր քաղաքներում՝ մայրաքաղաքից դուրս, այնուհետեւ դրան տալ քաղաքական երանգաւորում, այնուհետ ձնագնդի էֆեկտով այդ բողոքի ալիքը հասցնել մինչեւ մայրաքաղաք, եւ երկրում ստեղծել քաոսային վիճակ, որի կառավարումն իշխանութիւնների կողմից դժւար կը լինի,- ասաց նա՝ յաւելելով, որ Իրանի դէպքում այդ սցենարը չիրականացաւ,- այս պետութիւնը հինաւուրց, քաղաքակրթական եւ քաղաքական կառավարման համակարգերի կրող երկիր է, եւ Իրանի հանդէպ կիրառել այն տեխնոլոգիաները, որոնք կարող են յաջողութիւն ունենալ այլ մերձաւորարեւելեան, նոյնիսկ Արեւելեան Եւրոպայի երկրների դէպքում, հնարաւոր չէ»:

Վարդան Ոսկանեանը նաեւ նշեց, որ Իրանի իշխանութիւններն այս ընթացքում փորձեցին ոչ միայն ցուցարարների նկատմամբ զսպման մեխանիզմներ օգտագործել, այլ նաեւ որոշակի բարեփոխումների գնալու մեխանիզմներ կիրառեցին:

«Ասեմ Ձեզ, որ եթէ մենք համեմատելու լինենք Իրանում եղած տնտեսական խնդիրները Մերձաւոր Արեւելքի այլ երկրների հետ, ապա կը նկատենք, որ Իրանը նոյնիսկ այդ տնտեսական խնդիրները չունի: Բնակչութեան կենսամակարդակն Իրանում բաւական բարձր է, դա նոյնիսկ կարելի է նկատել անզէն աչքով»,- նշեց նա:

Իրանագէտը համաձայնեց դիտարկմանը, որ Արեւմուտքը Իրանի հարցով երկու մասի է բաժանւել․ եւրոպական երկրները հիմնականում չեն կիսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մօտեցումները, Իրանին վերջնագրեր ներկայացնելու գործելաոճը:

«Եւրոպական երկրները Սիրիայի չափազանց տխուր փորձի վրայ հասկացել են, որ Մերձաւոր Արեւելքը սերտօրէն կապւած է Եւրոպայի հետ, եւ Մերձաւոր Արեւելքի վիճակի ապակայունացումը խնդիրներ է յարուցում նաեւ եւրոպական երկրներում: Իսկ Միացեալ Նահանգները հեռու է եւ այդ առումով աւելի անվտանգ վիճակում է»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ ԱՄՆ-ի համար պէտք է պարզ լինի, որ Իրանում իրենց կիրառած մեթոդաբանութեամբ վարչակարգ փոխելու փորձեր կատարելը մատնւած է անյաջողութեան: «Իրանցիները, եթէ նոյնիսկ դժգոհ են իրենց կառավարութիւնից, արտաքին միջամտութիւնների պարագայում դրսեւորում են համախմբւածութիւն: Այս երկրի բնակչութիւնը համարում է, որ ինքը թէ՛ պատմական, թէ՛ քաղաքակրթական, թէ՛ մշակութային առումով իրաւունք ունի գերտէրութիւն համարւել»,- ասաց նա:

Հիմա, ըստ Վարդան Ոսկանեանի՝ Իրանում որեւէ ցոյց չկայ, չկայ նաեւ ուժեղացւած ոստիկանութիւն:

Իրանում տեղի ունեցածը, նրա խօսքով, որեւէ ազդեցութիւն չի ունեցել եւ չի կարող ունենալ հայ-իրանական յարաբերութիւնների վրայ: Եղած համաձայնութիւնները, ըստ նրա՝ կը շարունակեն իրագործւել իրենց բնականոն հունով:

«Իրանն ապակայունացնելը դժւար է` յամենայնդէպս տեսանելի ապագայում: Մտահոգութիւններ ունենալ հիմա հայ-իրականական յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից, տեղին չէ,- նշեց նա՝ նկատելով, որ Հայաստանում անտեղի անհանգստութիւնների պատճառը հիմնականում արեւմտեան մամուլի ներկայացրած խեղաթիւրումներն են,- Հայաստանում, կարծես, յստակ պատկեր չի եղել կատարւածի վերաբերեալ, եւ դա էլ անհանգստութիւններ է առաջացրել: Իրանում շրջելով հինգ-վեց հազար կիլոմետր` ես որեւէ տեղ չեմ նկատել յեղափոխական գործընթացներ»:

Վարդան Ոսկանեանը եզրափակեց․ «Իրանում կատարւածը որեւէ կերպ չի ազդի հայ-իրանական օրակարգի վրայ, ես վստահ եմ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։