Մոսկւայում կայացել է Իրանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, որի ընթացքում կողմերը հիմնականում քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած թեմաներ:
«alikonline.ir» - Երէկ՝ յունւարի 10-ին Մոսկւայում կայացել է Իրանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆի եւ Սերգէյ Լաւրովի հերթական հանդիպումը, որի ընթացքում կողմերը հիմնականում քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած թեմաներ:
Միջուկային գործարքը համարելով միջազգային դիւանագիտութեան կարեւոր եւ գլխաւոր ձեռքբերումներից մէկը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները յատուկ ընդգծել են դրա պահպանման, ամբողջական իրագործման եւ շարունակականութեան ապահովման անհրաժեշտութիւնը:
Նրանք անդրադարձ են կատարել նաեւ երկկողմ յարաբերութիւններին՝ ծանրանալով յայտկապէս տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի գործում համագործակցութեանն ու կայունութեան, խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման ու ամրապնդման գործում երկու երկրների ներդրած համատեղ ջանքներին:
Այս համատեքստում նրանք կարեւորել են յատկապէս ռուսական Սոչի քաղաքում նախատեսւող միջսիրիական ազգային բանակցութիւնները, յոյս յայտնելով, որ դրանք կը նպաստեն Սիրիայում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը:
Նշենք, որ մոսկովեան բանակցութիւնների աւարտից յետոյ, դոկտ. Զարիֆը մեկնել է Բրիւսէլ, ու այսօր՝ յունւարի 11-ին կայանալու է Միջուկային համապարփակ համաձայնագրի կապակցութեամբ ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի եւ Գերմանիային, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ նրա բանակցութիւնները:
Բրիւսէլ մեկնելուց առաջ դոկտ. Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Իրանի լիակատար հաւատարմութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւններին: Սակայն, այդ ընթացքի շարաունակականութիւնը պայմանաւորւած է նրանով, որ ԱՄՆ-ը եւս լիարժէքօրէն կատարի համաձայնագրով ստանձնած իր պարտաւորութիւնները: