Հա

Քաղաքական

23/01/2018

Հանրապետութեան նախագահ. «Ժողովրդին չենք մոռանալու»

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունւարի 22-ի երեկոյեան Իրանի պետական հեռուստատեսութեան առաջին ալիքի ուղիղ եթերում հեռարձակւող հարցազրոյցի ընթացքում անդրադարձել է ժողովրդին հետաքրքրող եւ հանրային կարծիքը յուզող մի շարք թեմաների, այդ թւում՝ «Սանչի»-ի միջադէպին, Քերմանշահի երկրաշարժին, «Մասքան Մեհր» նախագծին, տարադրամի փոխարժէքի տատանումներին, սնանկ ճանաչւած ֆինանսական հաստատութիւնների խնդիրներին, ժողովրդական բողոքի ակցիաներին եւ օդի աղտոտւածութեանը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ յունւարի 22-ի երեկոյեան Իրանի պետական հեռուստատեսութեան առաջին ալիքի ուղիղ եթերում հեռարձակւող հարցազրոյցի ընթացքում անդրադարձել է ժողովրդին հետաքրքրող եւ հանրային կարծիքը յուզող մի շարք թեմաների, այդ թւում՝ «Սանչի»-ի միջադէպին, Քերմանշահի երկրաշարժին, «Մասքան Մեհր» նախագծին, տարադրամի փոխարժէքի տատանումներին, սնանկ ճանաչւած ֆինանսական հաստատութիւնների խնդիրներին, ժողովրդական բողոքի ակցիաներին եւ օդի աղտոտւածութեանը:

Խօսելով «Սանչի» լցանաւի դէպքի մասին, դոկտ. Ռոհանին նշել է, որ ցաւալի միջադէպի կապկացութեամբ համազգային սգոյ օր յայտարարելն ու զոհերին նահատակներ կոչելը ձեւական քայլ չէր. «Երբ կառավարութիւնը համազգային սգոյ օր է յայտարարում դա վկայում է խնդրի կարեւորութեան մասին: Դէպքից յետոյ ես յատուկ պատւիրակ գործուղեցի հանդիպելու եւ լսելու սգակիր ընտանիքներին, ծանօթանալու եւ վերահաս լինելու նրանց խնդիրներին եւ պահանջներին: Ուրեմն շեշտում եմ. այն, որ յայտարարւում է համազգային սգոյ օր, իսկ զոհերը կոչւել են նահատակներ չի կարող ձեւական լինել»,- ասել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ դէպքի առնչութեամբ կեանքի կոչւած յատուկ յանձնաժողովը հետեւելու է խնդրին, եւ ջանք չի խնայելու պաշտպանելու Իրանի բոլոր իրաւունքները:

Քերմանշահի երկրաշարժի հետ կապւած, Հանրապետութեան նախագահը նշել է, որ կատարւել է մեծ ծաւալի աշխատանք, որը սակայն, բաւարար չէ:

Ըստ նրա՝ աղէտի առաջին ժամերից սկսած կառավարութիւնն իր բոլոր հնարաւորութիւնները մոբիլիզացրել է օգնելու տուժածներին: Նա տեղեկացրել է, որ իրենց բնակարանները կորցրած քաղաքացիներին անվճար տրամադրւելու են նոր բնակարաններ, իսկ փլւած շէնքերի տարածքներում կառուցւելու են զբօսայգիներ կամ հանրային օգտագործման այլ կառոյցներ:

Ինչ վերաբերում է այս օրերին ժողովրդին խիստ մտահոգող տարադրամի փոխարժէքի կտրուկ տատանումներին, դոկտ. Ռոհանին նշել է, որ խուճապի մատնւելու որեւէ պատճառ չկայ, դա ժամանակաւոր բնոյթ է կրում եւ շուտով կարգաւորւելու է:

Նախագահը վստահեցրել է, որ երկրում չկայ արտասահմանեան տարադրամի պակաս, եւ կառավարութիւնն ապահովելու է շուկայի ողջ պահանջարկը:

Հարցազրոյցի ընթացքում չի շրջանցւել նաեւ վերջին շրջանի բողոքի ակցիաներն ու անկարգութիւնների թեման:

Դոկտ. Ռոհանին ասել է, որ ընտրութիւնների ժամանակ ժողովրդին խոստացել է պահպանել անվտանգութիւնն ու խաղաղութիւնը եւ ապահովել ազատութիւն եւ առաջադիմութիւն՝ շեշտելով, որ հաւատարիմ է տրւած խոստմանը:

«Բողոքն ու քննադատութիւնը խնդիր չէ: Ժողովուրդը կարող է փողոց դուրս գալ եւ օրէնքի շրջանակում ցոյցեր կազմակերպել, սակայն, այն ինչը, որ մտահոգում է ժողովրդին դա ապակայունացումն է»,- ասել է նախագահը՝ նշելով, որ 11-րդ եւ 12-րդ կառավարութիւնները մեծ ջանքեր է գործադրել քաղաքական բաց մթնոլորտ ապահովելու համար:

Նա ընդգծել է անհրաժեշտ է, որ մթնոլորտն օր օրի առաւել ազատականացւի, որպէսզի տաղանդները դրսեւորման հնարաւորութիւն ունենան: Դոկտ. Ռոհանին նշել է, որ անկարգութիւնների օրերին կարեւորելով համացանցում բիզնես գործունէութիւն ծաւալող քաղաքացիների շահերը, կառավարութիւնն ամէն ինչ արել է, որպէսզի օր առաջ վերանան սահմանւած սահմանափակումները:

Սնանկ ճանաչւած ֆինանսական հաստատութիւնների եւ դրանց գործունէութիւնից տուժած քաղաքացիների խնդիրների վերաբերեալ նախագահ Ռոհանին նշել է, որ խնդիրը գտնւում է կառավարութեան մշտական տեսադաշտում, եւ մինչ օրս կառավարութիւնը յատկացրել է 11.5 հազար մլրդ. թուման, որպէսզի կարգաւորւեն տուժած քաղաքացիների 98 տոկոսի խնդիրները:

Նա տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկին յանձրարարել է այլեւս ոչ կառավարական բանկեր հիմնադրելու արտօնագիր չտրամադրել:

Նախագահը բնապահպանական հիմնահարցերը համարել է երկրի դէմ ծառացած գլխաւոր մարտահրաւէրներից, որի կարգաւորումը պահանջում է յստակ ռազմավարութիւն, երկարատեւ ծրագրաւորում, ֆինանսական մեծ աղբիւրներ եւ սկզբունքայնութիւն:

Նա տեղեկակցրել է, որ 1397 թւականի պետ բիւջէում կառավարութիւնը յատուկ գումար է յատկացրել մանրափոշիների դէմ պայքարի համար:

Իսկ թերեւս ամենակարեւորը. Նախագահը խոստացել է, որ կառավարութիւնը երբեք չի մոռանալու ժողովրդին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։