Հա

Քաղաքական

06/02/2018

Դոկտ. Զարիֆ. «Իրանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է»

ԱԳ նախարար Դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը փետրւարի 5-ի երեկոյեան ներկայ է եղել Իրանի հեռուստատեսութեան Երկրորդ ալիքի լրատւական ծրագրի տաղաւարում:

Հարցազրոյցի ընթացքում ԱԳ նախարարը շնորհաւորելով բոլորին Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-ամեակի կապակցութեամբ նշել է, որ Իրանը համարւում է տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը, որի համար պարտական է ժողովրդի զգօն եւ գիտակից ներկայութեան:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը փետրւարի 5-ի երեկոյեան ներկայ է եղել Իրանի հեռուստատեսութեան Երկրորդ ալիքի լրատւական ծրագրի տաղաւարում:

Հարցազրոյցի ընթացքում ԱԳ նախարարը շնորհաւորելով բոլորին Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-ամեակի կապակցութեամբ նշել է, որ Իրանը համարւում է տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը, որի համար պարտական է ժողովրդի զգօն եւ գիտակից ներկայութեան:

«Մեր անվտանգութիւնը պայմանաւորւած է ժողովրդի զգօն ներկայութեամբ: Ամէն ինչի համար մենք պարտական ենք ժողովրդին: Մեր շրջապատում կան երկրներ, որոնք ամբողջովին կախւածութեան մէջ են օտարներից եւ անվտանգութեան մասին միայն երազում են: Այսօր, սակայն, Իրանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է, որը մեզ հապարտութեան առիթ է տալիս»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով, որ յենւելով ժողովրդի վրայ Իրանը միջազգային ասպարէզում ներկայացնում է իր տեսակէտները, առանց երկմտելու, թէ դրանք ում դուրը կը գան, իսկ ում՝ ոչ:

Շարունակելով տարածաշրջանային անվտանգութեան թեման, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, թէ այդ կապակցութեամբ գոյութիւն ունի երկու՝ իրար հակասող տեսակէտ: Առաջինը, փորձում է անվտանգութիւնն ապահովել յենւելով սեփական ուժերի եւ քաղաքական գործընթացներում ժողովրդի մասնակցութեան վրայ, որն Իրանի մօտեցումն է, իսկ երկրորդը, ըստ նրա՝ փորձում է գնել անվտանգութիւնը. «Այդ պատճառով էլ ականատեսն ենք, թէ Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ երկրներ անցեալ տարի 116 մլրդ. դոլար գումար են ծախսել սպառազինութիւնների ձեռք բերման համար»,- ասել է նա:

Շեշտելով, որ ներքին եւ տարածաշրջանային անվտանգութեան ապահովման համար Իրանը ձգտում է յենւել բացառապէս ներքին ռեսուրսների վրայ, դոկտ. Զարիֆն ասել է. «Հէնց այդ սկզբունքից էլ ելնելով մենք երկխօսութիւնը համարում ենք տարածաշրջանային գործակցութեան հիմքը, սակայն, ցաւօք, տարածաշրջանի որոշ երկրներ, որոնք ստիպւած են սեփական անվտանգութիւնն ապահովել դրսից, անընդհատ փորձում են ցոյց տալ, թէ վատանգւած են: Նրանք սեփական անվտանգութիւնն ապահովոմ են դրամի եւ օտարներից կախւածութեան միջոցով»:

Հարցազրոյցի ընթացքում ԱԳ նախարարը չի շրջանցել նաեւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների թեման՝ նշելով, որ Միջուկային գործարքի հետ կապւած Դոնալդ Թրամփի վարքագիծը կանխատեսելի էր:

«Մենք չէինք ակնկալում, որ ԱՄՆ-ը բարեխղճօրէն կը կատարի իր ստանձնած պարտաւորութիւնները, սա այն դէպքում, երբ համաձայնագիրը պարտաւորեցնում էր ԱՄՆ-ին բարեխղճօրէն կատարել իր պարտաւորութիւնները: Համաձայնագրում, մենք բազմիցս շեշտել ենք, որ կողմերը ստիպւած են բարեխղճօրէն կատարեն ստանձնած պարտաւորութիւնները: Համաձայնագրում այս պարզ սկզբունքի ընդգծումը պայմանաւորւած էր նրանով, որ մենք ենթադրում էինք, թէ նրանք հակառակն են անելու: Առաջին իսկ օրւանից կար մտահոգութիւն, որ նրանք կը վարւեն այնպէս, ինչպէս այսօր են վարւում»,- յստակեցրել է դոկտ. Զարիֆն՝ աւելացնելով, որ Միջուկային գործարքի հետ կապւած Թրամփի գլխաւոր խնդիրներից մէկն էլ այն է, որ այն կայացել է Բարաք Օբամայի ղեկավարման օրօք:

«Ամերիկացիներն ու անձամբ Դոնալդ Թրամփը դժգոհ են Միջուկային գործարքից: Թրամփը փորձում է միջոցներ գտնել, որոնց միջոցով հնարաւոր կը լինի չեղարկել համաձայնագիրը, եւ այդ իսկ պատճառով էլ փորձում է առաջ քաշել այնպիսի թեմաներ, որոնք բացարձակապէս կապ չունեն Միջուկային գործարքի հետ»,- նշել է դոկտ. Զարիֆիը՝ յաւելելով, որ հէնց այդ պատճառով էլ Իրանը որոշել է հրթիռային կարողականութեան թեման տարանջատել Միջուկային գործարքի թեմայից:

Նա շեշտել է, որ Միջուկային համապարփակ համաձայնագիրը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի մի մասնիկն է, եւ Իրանը պնդում է այն ինչի վրայ, որը գոյութիւն ունի, թէեւ ամերիկացիները փորձում են աղաւաղել իրականութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։