Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 06 Փետրւարի 2018 15:20

Ռոհանին՝ Պուտինի հետ հեռախօսազրոյցի ժամանակ. «Իրանի հաւատարմութիւնը Միջուկային գործարքին պայմանաւորւած է միւս կողմի վարքագծով»

Այսօր՝ փետրւարի 6-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«alikonline.ir» - Այսօր՝ փետրւարի 6-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հեռախօսազրոյց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հեռախօսազրոյցի ընթացքում երկու նախագահները քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի, տարածաշրջանային եւ երկկողմ յարաբերութիւններին վերաբերող թեմաներ:

Անդրադառնալով սիրիական հիմնահարցին նախագահ Ռոհանին նշել է, որ Սիրիայի հիւսիսում լարւածութիւնը չի բխում ոչ ոքու շահերից՝ յոյս յայտնելով, որ բոլոր երկրները կը յարգեն Սիրիայի տարածքային ամբողջականութիւնն ու ազգային ինքնիշխանութիւնը:

Ահաբեկչութեան դէմ պայքարի եւ Սիրիայում կայունութեան, խաղաղութեան ու անվտանգութեան վերականգման համար նախագահը կարեւորել է Եռակողմ ձեւաչափով Թեհրանի, Մոսկւայի եւ Անկարայի միջեւ համագործակցութիւնը՝ յոյս յայտնելով, որ այն կը շարունակւի մինչեւ ահաբեկիչների դէմ վերջնական յաղթանակը:

Ինչ վերաբերւում է Թեհրան-Մոսկւա երկկողմ յարաբերութիւններին, դոկտ. Ռոհանին իր գոհունակութիւնն է յայտնել դրանց զարգացման դրական ընթացքի կապակցութեամբ, կարեւորելով ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների օր առաջ կեանքի կոչումը, որն ըստ նրա՝ թռիչքային առաջընթաց կապահովի երկկողմ յարաբերութիւններում:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային, Հանրապետութեան նախագահը յատուկ ընդգծել է, որ Իրանը հաւատարիմ կը մնայ իր ստանձնած պարտաւորութիւններին այնքան ժամանակ, քանի դեռ միւս կողմը եւս նոյն կերպ կը վարւի: Նա կարեւորել է Միջուկային գործարքի հետ կապւած որոշ երկրների ապակառուցողական քայլերի չէզոքացումը:

Նախագահ Պուտինն էլ իր հերթին նշել է, որ պաշտօնական Մոսկւան հաստատակամ է բոլոր բնագաւառներում ընդլայնել իր յարաբերութիւնները Թեհրանի հետ:

Կարեւորելով Միջուկային համապարփակ համաձայնագիրը, նա նշել է, որ Ռուսաստանը այն թուլացնելու կամ չեղարկելու ցանկացած փորձ համարում է խիստ վտանգաւոր, որի մասին տեղեկացրել է համաձայնագրի միւս կողմերին եւս:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանն էլ Իրանի պէս հաւատացած է, թէ Սիրիայի ժողովուրդն է, որ պէտք է վճռի երկրի ապագայ ճակատագիրը՝ յատուկ ընդգծելով, որ Մոսկւան հաւատարիմ է մնալու այս դիրքորոշմանը:

Զրոյցի ընթացքում երկու նախագահներն անդրադարձել են նաեւ Եմէնի իրավիճակին, կարեւորուելով խաղաղ բանակցութիւնների միջոցով առկայ ճգնաժամի օր առաջ կարգաւորումն ու երկրում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան հաստատումը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։