Հա

Քաղաքական

07/02/2018

Վարդան Ոսկանեան. «Թուրքիայի ազդեցութեան մեծացումը Սիրիայի տարածքում Իրանի համար անթոյլատրելի է»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ Աֆրինում թուրքական գործողութիւնների վերաբերեալ զուսպ դիրքորոշումը փաստում է՝ գործ ունենք իրանական «նուրբ դիւանագիտութեան» հետ, որը միտւած է Սիրիայում Իրանի դիրքերը ամրապնդելուն:

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանի խօսքով՝ Աֆրինում թուրքական գործողութիւնների վերաբերեալ զուսպ դիրքորոշումը փաստում է՝ գործ ունենք իրանական «նուրբ դիւանագիտութեան» հետ, որը միտւած է Սիրիայում Իրանի դիրքերը ամրապնդելուն:

Նա «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ իրանցիները, սկզբնական շրջանում չարձագանգելով Աֆրինում թուրքական զօրքերի ներխուժմանը, նպատակ ունէին՝ թուրքական վտանգի միջոցով ազդելու քրդերի վրայ, որպէսզի վերջիններս դաշինք կազմեն Դամասկոսի կենտրոնական իշխանութիւնների հետ:

«Որովհետեւ այս պահի դրութեամբ թուրքական ուժի դեմ պայքարելու ռէալ հնարաւորութիւն ունի Դամասկոսի կենտրոնական կառավարութիւնը՝ սիրիական բանակը: Հաշւի առնելով, որ քրդական ուժերին փաստացի Միացեալ Նահանգները օժանդակութիւնից զրկել է, նրանք ստիպւած են լինելու աւելի մերձենալ Դամասկոսի հետ: Քրդական կողմից արդէն նման յայտարարութիւններ կան, նաեւ Դամասկոսի կողմից որոշակի պատրաստակամութիւն կայ` հակաթուրքական ճակատ դրսեւորելու հարցում»,- ասաց նա՝ նկատելով, որ, կարծես թէ, իրանցիների ցանկութիւնն իրականանում է:

Թուրքիայի ազդեցութեան մեծացումը Սիրիայի տարածքում Իրանի համար անթոյլատրելի է, իսկ գործընթացն ուղղւած է՝ Թուրքիային այնտեղից դուրս հանելուն: «Ակնյայտ է, որ իրանցիները չեն կարող թոյլ տալ, որ Թուրքիայի ներկայութիւնը մեծանայ այնտեղ: Դա իրանցիների համար մէկ խնդիրն է»,- ասաց նա՝ նշելով, որ իրանցիներին նաեւ շատ մտահոգում է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման հարցը:

Անդրադառնալով Իրանի զուսպ, Թուրքիային չսաստող արձագանգների բացակայութեան խնդրին՝ Վարդան Ոսկանեանը նշեց՝ Իրանը չի կարող կոշտ չլինել: «Մի հանգամանք է այստեղ կարեւոր․Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն ներքին համաձայնութիւն անվտանգութեան գօտիների վերաբերեալ, եւ դրա համար բացայայտօրէն չի կարող արձագանգել: Բայց ակնյայտ է, որ դիւանագիտական դաշտում ունեցած իր լծակներով ազդում է ներսիրիական ճգնաժամի վրայ՝ բնականաբար հնարաւորինս սահմանափակելով Թուրքիայի ազդեցութեան մեծացումը Սիրիայում»,- ասաց նա:

Իրանագէտի համոզմամբ՝ Իրանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնութիւնները չեն լուծւել․ սիրիական հիմնախնդրի վերաբերեալ կան հակասութիւններ, բայց պարզապէս կողմերը եկել են համաձայնութեան, որոնք իրանական կողմը բացայայտ չի խախտի եւ հրապարակայնօրէն այդ պայմանաւորւածութիւնները կասկածի տակ չի դնի:

«Կարծում եմ՝ իրականում Իրանն իր ունեցած ողջ գործիքակազմը կը կիրառի, որպէսզի Դամասկոսի եւ քրդական ուժերի համագործակցութիւն լինի»,- նշեց նա:

Անդրադառնալով այս գործընթացներով Հայաստանի հետաքրքրւածութեան կարեւորութեանը՝ նշեց, այստեղ կարեւոր է ՀՀ ներգրաււածութիւնը հայ համայնքի պահպանման առումով:

«Սիրիայում ընթացող զարգացումները չափազանց կարեւոր են Հայաստանի համար, եւ Հայաստանն էլ մասնակցում է այդ գործընթացներին՝ փորձելով լուծել մի քանի խնդիր: Դրանցից առաջինը, բնականաբար, սիրիահայ համայնքին առնչւող խնդիրներն են: Նաեւ պէտք է հաշւի առնել, որ Սիրիան եւ Բաշշար Ասադի իշխանութիւնը միշտ էլ բարեկամական են տրամադրւած եղել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Հետեւաբար, Սիրիայում խաղաղութեան եւ կայունութեան հաստատումը անմիջականօրէն բխում է նաեւ մեր շահերից»,- նշեց նա:

Ըստ Վարդան Ոսկանեանի՝ սիրիական հակամարտութեան մէջ ներքաշւած է նաեւ բարեկամական Իրանը: «Իրանական ներկայութիւնը որոշակի խողովակ կարող է դառնալ հայկական շահերն ապահովելու տեսանկիւնից: Միւս կողմից չափազանց կարեւոր է, որ ռուսական կողմն էլ, որի հետ մենք ունենք ռազմավարական յարաբերութիւն, տարբեր կերպ աջակցում է եւ ականջալուր է հայկական կողմի առաջարկներին: Այսինքն՝ մեզ բարեկամ երկրները ներգրաււած են սիրիական հակամարտութեան մէջ, եւ մենք օգտագործում ենք նաեւ այդ երկրների խողովակները մեր խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։