Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 07 Փետրւարի 2018 09:10

Հանրապետութեան նախագահ. «Մենք պէտք է լսենք ու հասկանանք ժողովրդին»

Երէկ՝ փետրւարի 6-ին տեղի է ունեցել 12-րդ կառավարութեան գործունէութեան ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի 2-րդ մամլոյ ասուլիսը, որի ընթացքում նախագահն անդրադարձել է այս օրերին ժողովրդին յուզող ամենատարբեր թեմաներին:

«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 6-ին տեղի է ունեցել 12-րդ կառավարութեան գործունէութեան ընթացքում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի 2-րդ մամլոյ ասուլիսը, որի ընթացքում նախագահն անդրադարձել է այս օրերին ժողովրդին յուզող ամենատարբեր թեմաներին:

Բնականաբար, ուշադրութեան կենտրոնում է յայտնւել վերջին շրջանում երկրի տարածքում անցկացւած զանգւածային բողոքի ցոյցերը: Մեկնաբանելով, դրանք, նախագահը յայտնել է, որ իշխանութիւնները պէտք է բաց լինեն քննադատութեան համար եւ լսեն ու հասկանան ժողովրդի պահանջները, տեսակէտներն ու ցանկութիւնները:

Նա յատուկ ընդգծել է, որ ժողովրդի քննադատութիւնն ու բողոքը չի սահմանափակւում միայն տնտեսական թեմաներով. «Մարդիկ քննադատում են տնտեսութիւնը, բողոքում են դրա դէմ, եւ դա ճիշտ է, սակայն նրանց բողոքները չեն սահմանափակւում տնտեսութեամբ, նրանք սոցիալական եւ քաղաքական հարցեր են վեր հանում, ինչպէս նաեւ միջազգային յարաբերութիւններ: Մենք պէտք է բաց լինենք այդ քննադատութեան համար եւ հասկանանք, թէ ինչ են ուզում մարդիկ»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ այսօր երկրի բոլոր իշխանաւորները ընդունում են ցոյցերի գաղափարը, եւ ասում են, որ ժողովրդի ձայնը պէտք է լսելի լինի:

Յատուկ առանձնացնելով երիտասարդութեանը, Հանրապետութեան նախագահը նշել է, որ անհրաժեշտ է ոչ միայն լսել երիտասարդութեանը, այլ, նաեւ, ընդունել այն ուղին, որը նրանք մատնանշում են. «Պէտք է ընդունենք այն ուղին, որը երիտասարդներն են նախընտրում եւ մատնանշում. նրանց նախընտրութիւնը պէտք է ազդեցիկ դառնայ իշխանութիւնների կամքի ձեւաւորման գործում, որովհետեւ նարնք են կազմում հասարակութեան մեծամասնութիւնը»,- ասել է նախագահը:

Դոկտ. Ռոհանին փորձել է պաշտպանել կառավարութեան տնտեսական գործունէութիւնն ու քաղաքականութիւնը: Նա նշել է, որ իր գլխաւորած կառավարութեանը յաջողւել է կարգաւորել սղաճը, առաջիկայ տարում եռապատկել թոշակառուների թոշակները, 5 տարւայ ընտացքում տնտեսական աճի ցուցանիշը -7-ից բարձրացնել՝ այն դարձնելով երկնիշ, եւ աւելացնել արտասահմանեան ներդրումների ներգրաւումը:

Երկրի տնտեսական համակարգի բարեփոխման գործում նա կարեւորել է տնտեսութեան նաւթից կախւածութեան աստիճանական թուլացումն՝ ընդգծելով յատկապէս հարկերի հաւաքագրման ծաւալների աւելացումը: Նախագահը, սակայն, շտապել է նշել, որ դա բնաւ էլ չի նշանակում, որ պէտք է ճնշել հարկատուներին, այլ, ընդհակառակը՝ պէտք է կենտրոնանալ այն անձանց եւ հաստատութիւնների վրայ, որոնք խուսափում են հարկեր վճարելուց:

Երկրի տնտեսութեան առողջացման համար նախագահը նշել է, որ անհրաժեշտ է որպէսզի պետական բոլոր կառոյցները հրաժարւեն իրենց պատկանող տնտեսական կառոյցներից:

Ինչ վերաբերում է արտարժոյթի եւ մասնաւրապէս դոլարի գնի կտրուկ աճին, դոկտ. Ռոհանին նշել է, որ կառավարութեան արտարժոյթային եկամուտները գերազանցում են ծախսերը, երկրում չկայ արտարժոյթի ծաւալի պակաս, եզրակացնելով, որ երեւոյթն ունի հիմնականում հոգեբանական շարժառիթ:

Հանրապետութեան նախագահը չի շրջանցել նաեւ Միջուկային համապարփակ համաձայնագրի թեման:

«Միջուկային համապարփակ համաձայնագիրն առաջինը մենք չենք խախտելու: Դրան ոչ մէկ տող աւելանալու է, ոչ էլ դրանից մէկ տող պակասելու է: Որեւէ այլ թեմա չի առնչւում Միջուկային գործարքին: Այն բազմակողմ համաձայնութիւն է, այն ոչ թէ ԱՄՆ-ի «Դեմոկրատական» կուսակցութեան, այլ՝ ԱՄՆ-ի կառավարութեան յանձնառութիւնն է»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ ապագայի հնարաւոր զարգացումների համար անհրաժեշտ կանխատեսումներն արւած են, եւ մինչ այն պահը, որ Միջուկային գործարքն ապահովում է երկրի շահերը, Իրանը շարունակելու է հաւատարիմ մնալ դրան:

Նախագահը յատուկ անդրադարձել է նաեւ բնապահպանական խնդիրներին՝ առանձնացնելով յատկապէս մայրաքաղաք Թեհրանի օդի աղտոտւածութեան թեման:

Այդ պատճառով դպրոցներում դասերի դադարեցումը նա համարել է խնդրի ամենահեշտ, բայց միեւնոյն ժամանակ նաեւ վատագոյն լուծումը:

Բնապահպանման առկայ խնդիրների կարգաւորման համար նախագահը կարեւորել է մտածւած ու գիտական մօտեցումը, որի իրագործումն ըստ նրա՝ պայմանաւորւած է ֆինանսական անհրաժեշտ հոսքերի առկայութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։