Հա

Քաղաքական

12/02/2018 - 08:40

Դոկտ. Հասան Ռոհանի. «Իրանի Իսլ. յեղափոխութեան ժառանգութիւնն՝ սահմանադրական օրէնքն է»

Երէկ՝ փետրւարի 11-ին, երկրի բոլոր քաղաքներում միլիոնաւոր քաղաքացիներ մասնակցել են Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումներին:

«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 11-ին, երկրի բոլոր քաղաքներում միլիոնաւոր քաղաքացիներ մասնակցել են Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միջոցառումներին:

Թեհրանի բազմամիլիոնանոց երթից յետոյ գլխաւոր միջոցառումը տեղի է ունեցել Ազադի հրապարակում, ուր ելոյթով հանդէս է եկել երկրի նախագահ Հասան Ռոհանին:

Իր ելոյթում նախագահը նշել է, որ Յեղափոխութիւնն, այս տարի թեւկոխում է իր 40-ամեակը, որը ըստ նրա՝ հասունացման տարիք է: Դա անհրաժեշտ է դարձնում՝ առաւել միասնականութեան պահպանումն ու յոյսի ներշնչումը:

«Երբ յեղափոխութիւնն յաղթեց բոլորս միասին էինք, յեղափոխութեան գնացքում կային բազմաթիւ ճամբարոդներ, նրանցից ոմանք իրենց ցանկութեամբ լքեցին գնացքը, իսկ ոմանց էլ մենք ստիպեցինք լքել գնացքը եւ կարող էինք այդպէս չվարւել: Հիմա անհրաժեշտ է բոլորին հրաւիրելու կրկին միանալ յեղափոխութեան յաջողութիւնների եւ յաղթանակի գնացքին»,- նշեց նախագահը:

Նա ժողովրդին եւ քաղաքական բոլոր կուսակցութիւններին ու հոսանքներին միաւորւելու կոչ արեց՝ նշելով, որ ներկայ պայմաններում բարեկամների բազմահազարանոց բանակը քիչ է, իսկ մեր թշնամին՝ շատ: Իսկ դա անհրաժեշտ է դարձնում մի կողմ թողնել մանր խնդիրներն ու միաւորւել:

Յիշեցնելով, որ Էմամ Խոմէյնիի ժառանգութիւնը եւ յեղափոխութեան ժառանգութիւնն օրէնսդրութեան օրէնքն է դոկտ. Ռոհանին կոչ արեց յարգել այն եւ օգտագործել դրա ընձեռած ողջ հնարաւորութիւնները. «Ազատութիւնների եւ հասարակական յարաբերութիւնների հետ կապւած այսօր առկայ բազմաթիւ խնդիրները, սահմադրական օրէնքների լիարժէք չօգտագործման արդիւնքն է»:

Կարեւորելով քաղաքական բոլոր հոսանքների եւ հայացքների մասնակցութիւնն ընտրութիւններին, Հանրապետութեան նախագահը պետական պատկան մարմիններին կոչ արեց աւելի դիւրին դարձնել ընտրութիւնների մասնակցութեան հնարաւորութիւնը: Իսկ տարաձայնութիւնների հետ կապւած, ըստ նրա՝ անհրաժեշտ է խուսափել անտեղի վէճերից եւ քաշքշուքներից, ապաւինելով սահմանադրական օրէնքի 59-րդ յօդւածին կազմակերպել հանրաքւէ. վերջնական վճիռը թողնելով ժողովրդին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։