Հա

Քաղաքական

18/03/2018

Թեհրանեան ճեպընթաց. Կը միանա՞յ արդեօք Իրանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը պէտք է դառնար Հայաստանի քաղաքական մեկուսացմանն ուղղւած Բաքւի ու Անկարայի քաղաքականութեան յաղթանակը։ Սակայն նախագծի տնտեսական նպատակայարմարութիւնը դեռ մշակման փուլում մեծ կասկածներ առաջացրեց, որոնք ժամանակի ընթացքում միայն ամրապնդւեցին։ 

«alikonline.ir» - Դրա համար պէտք է առնւազն երկաթուղի կառուցւի Ադրբեջանի ու Իրանի միջեւ, ինչը Թեհրանը չի պատրաստւում անել։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը պէտք է դառնար Հայաստանի քաղաքական մեկուսացմանն ուղղւած Բաքւի ու Անկարայի քաղաքականութեան յաղթանակը։ Սակայն նախագծի տնտեսական նպատակայարմարութիւնը դեռ մշակման փուլում մեծ կասկածներ առաջացրեց, որոնք ժամանակի ընթացքում միայն ամրապնդւեցին։ Գրում է «Sputnik»-ը:

Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի ու Թուրքիայի առաջնորդները 2017 թւականի հոկտեմբերի 30-ին հանդիսաւորութեամբ բացեցին Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս (ԲԹԿ) երկաթուղին, որի կառուցման համար աւելի քան մէկ միլիոն դոլար է ծախսւել։ Դեռ 2017 թւականի դեկտեմբերի վերջին յայտնի դարձաւ, որ այդ երկաթգծով ընդամենը երկու շարժակազմ է անցել։

Մարտի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն ասաց լրագրողներին, որ Իրանն ուզում է միանալ ԲԹԿ-ին։ Այս մասին նշւում է նաեւ օրեր առաջ ստորագրւած Բաքւի հռչակագրում, որը ստորագրել են Իրանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները։ Փաստաթղթում նշւում է Հարաւ-արեւմուտք տրանսպորտային միջանցքի շրջանակում չորս երկրների համագործակցութեան եւ տարանցիկ ներուժի ընդլայնման հնարաւորութեան մասին` Ռեշտ-Աստարա երկաթուղու միջոցով Պարսից ծոցի իրանական Բանդար Աբաս եւ Ջաբահար նաւահանգիստները միացնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ։

Իրանին պէ՞տք է արդեօք միանալ այդ ճանապարհին, եթէ Թուրքիայի հետ կապող երկաթգիծ արդէն ունի։ Արեւելագէտ, Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նշեց, որ առաջին հեթին պէտք է հիմնւել հէնց իրանական իշխանութիւնների յայտարարութիւնների վրայ, թէեւ կասկած չկայ, որ Թեհրանը ձգտում է ընդլայնել համագործակցութեան աշխարհագրութիւնը։

«Հասկանալի է, որ Իրանն իր հնարաւորութեան սահմաններում հիւսիս դուրս գալու տարբեր ճանապարհներ է դիտարկում, բայց չեմ կարծում, որ երկաթուղին կարող է տնտեսապէս արդարացնել իրեն։ Իրանցիներն էլ են դա լաւ հասկանում»,- ասաց Ոսկանեանը։

Նրա խօսքով` պէտք է հասկանալ, որ նոյնիսկ Ադրբեջանի տարածքով դէպի Իրան գնացող երկաթուղին անցնում է գրեթէ ափով, Կասպից ծովի անմիջական հարեւանութեամբ։

Բացի այդ, բուն Իրանում Ռաշտ-Աստարա հատւածում, որն ապագայում Իրանը պէտք է միացնի ԲԹԿ-ի հետ, ոչ մի մետր երկաթգիծ կառուցւած չէ։

Թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանը յիշեցնում է, որ ԲԹԿ-ի Ախալքալաք-Կարս հատւածը միայն 90 կիլոմետր է, իսկ շինարարութիւնը տեւել է գրեթէ 10 տարի ու նախատեսւածից տասն անգամ աւելի թանկ է արժեցել։ Ընդ որում` թէեւ պաշտօնական բացումն արդէն եղել է, բայց ենթակառուցւածքների շինարարութիւնը դեռ չի աւարտւել։

«Աշխատանքները դեռ չեն աւարտւել։ Կարծում եմ` ԲԹԿ-ի վրայ շարժակազմերի բացակայութիւնը հէնց դրա հետ է կապւած։ Ինչ վերաբերում է Իրանի միանալուն, ապա այսպիսի պայմաններում դեռ մի տասը տարի էլ պէտք է սպասել»,- ասաց Իսպիրեանը։

Միաժամանակ, նրա խօսքով, Իրանի ու Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցութիւն կայ, եւ նոր ճանապարհի օգտագործման նպատակայարմարութիւնը խիստ կասկածելի է։

«Sputnik» Արմենիայի հետ զրոյցում Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրէ Մամրաձէն Չաւուշօղլուի ասածը «ընդամենը յայտարարութիւն» անւանեց։

«Քանի տարի են կառուցում Վրաստանի տարածքի այդ հատւածը, ոչ մի կերպ չեն կարողանում աւարտել։ Բայց երբ առաջընթաց է լինում, պէտք է ողջունել»,- ասաց Մամրաձէն։

Միաժամանակ նա կտրականապէս դէմ է, որ երկաթուղու աշխատանքը 21-րդ դարում որեւէ մէկի համար սպառնալիք դիտարկւի։

«Հիմա ժամանակներն այդպիսին չեն։ Ես նկատի ունեմ նաեւ Իւանիշւիլիի աղմկայարոյց յայտարարութիւնն այն մասին, որ պէտք է բացել ճանապարհը Աբխազիայի միջով»,- ասաց Մամրաձէն։

Յաւելենք, որ Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկի Բախտաձէի` մարտի 16-ի յայտարարութեան համաձայն` Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհով լիարժէք բեռնափոխադրումները կը մեկնարկեն 6 ամսից։

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։