Հա

Քաղաքական

08/04/2018

Դոկտ. Կարէն Խանլարեան. «Թուրքիայի նպատակը Սիրիայի մասնատումն է»

Թուրքիայի ներխուժումը Սիրիա հայկական մամուլում մեկնաբանւում եւ գնահատւում է ոչ այնքան ահաբեկչութեան դէմ պայքարի համատեքստում, որքան ռուս-թուրքական մերձեցումից յետոյ Թուրքիայի ձեռքերին ազատութիւն տրւելու տեսանկիւնից: Եւ դա պատահական չէ, քանի որ հէնց ռուս-թուրքական մերձեցումից յետոյ միանգամայն նոր իրավիճակ ստեղծւեց Սիրիայում, որն իր ազդեցութիւնն է թողել նոյնիսկ ԱՄՆ գլխաւորած կոալիցիայի գործողութիւնների վրայ: Հետաքրքիր է նաեւ Արեւմուտքի լոիեալ վերաբերմունքը:

«alikonline.ir» - Թուրքիայի ներխուժումը Սիրիա հայկական մամուլում մեկնաբանւում եւ գնահատւում է ոչ այնքան ահաբեկչութեան դէմ պայքարի համատեքստում, որքան ռուս-թուրքական մերձեցումից յետոյ Թուրքիայի ձեռքերին ազատութիւն տրւելու տեսանկիւնից: Եւ դա պատահական չէ, քանի որ հէնց ռուս-թուրքական մերձեցումից յետոյ միանգամայն նոր իրավիճակ ստեղծւեց Սիրիայում, որն իր ազդեցութիւնն է թողել նոյնիսկ ԱՄՆ գլխաւորած կոալիցիայի գործողութիւնների վրայ: Հետաքրքիր է նաեւ Արեւմուտքի լոիեալ վերաբերմունքը:

Աստանայի հարթակում ընթացող Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ քննարկումների նկատմամբ, որոնք, եթէ հետեւենք եռեակի յայտարարութիւններին, միտւած են Սիրիայի խնդրի կարգաւորմանը: Իրանի իսլամական խորհրդարանի հայ պատգամաւոր Կարէն Խանլարեանը, սակայն, կարծում է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Աստանայի հարթակում ոչ այնքան համագործակցում են, որքան հետապնդում են սեփական արտաքին քաղաքական շահերը` տարածաշրջանում իրենց ազդեցութեան պահպանման եւ ամրապնդման հեռանկարով: Նրա կարծիքով` Սիրիայի խնդրի կարգաւորման հարցերում Իրանի եւ Ռուսաստանի տեսակէտները մեծ հաշւով հակասում են Թուրքիայի տեսակէտներին, սակայն Աստանան տւեալ պահին միակ հարթակն է, որ, դիցուք` Ռուսաստանին եւ Իրանին հնարաւորութիւն է տալիս ինչ-որ չափով վերահսկելի պահել Թուրքիայի գործողութիւնները Սիրիայում:

 

Այսինքն, հակառակ պարագայում, Թուրքիան կարող է աւելի՞ հեռուն գնալ:

- Այո: Ռուս-թուրքական հակամարտութիւնն այս տարածաշրջանում դարաւոր պատմութիւն ունի: Այս երկրները միշտ էլ վիճարկել են տարածաշրջանային առաջատարի դերը: Այսօր Սիրիայի թուլանալով` թուլանում է նաեւ Ռուսաստանը: Եւ Թուրքիան դա լաւ է հասկանում ու, խաղալով Ռուսաստանի դաշնակցի դերը (չենթարկւելով Ռուսաստանի դէմ միջազգային պատժամիջոցների պահանջներին, գազի եւ զինտեխնիկայի ակտիւ առեւտրային գործարքներ կնքելով), առաջ է տանում իր գործերը Սիրիայում: Բայց Թուրքիան ոչինչ անել չէր կարող, եթէ, ի հեճուկս Իրանի, շարունակէր միանշանակ պաշտպանել Սաուդական Արաբիա-Իսրայէլ-ԱՄՆ հակաիրանական եռեակի գիծը: Էրդողանը դիմել է խորամանկութեան` արհեստական հակասութիւն ձեւաւորելով թուրք-ամերիկեան եւ թուրք-իսրայէլեան յարաբերութիւններում: Նա Իսրայէլը յայտարարում է ահաբեկչական երկիր, միջազգային հարթակներում, ինչպէս դա տեղի ունեցաւ նաեւ վերջերս` կապւած Անգլիայում ռուսական հետախուզութեան նախկին աշխատակցի թունաւորման դէպքի հետ, դէմ գնում Արեւմուտքի յայտարարութիւններին: Իրանում, սակայն, սա դիտարկում են որպէս ժամանակաւոր երեւոյթ եւ համարում, որ վաղ թէ ուշ Թուրքիան կրկին յայտնւելու է ամերիկեան արտաքին քաղաքականութեան շրջագծում: Անհերքելի է, որ, ի տարբերութիւն Ռուսաստանի եւ Իրանի, Թուրքիան Սիրիայի նկատմամբ քրդերի դէմ պայքարի անւան տակ հողային պատերազմ է մղում` զաւթողական յստակ նկրտումներով: Թուրքիայի նպատակը Սիրիայի տարածքային ամբողջականութեան փլուզումն է: Քրդական հարցերում ոչ պակաս զգայուն Իրանը, որքան էլ շահագրգիռ լինի Սիրիայի ամբողջականութեան պահպանման հարցում, չի կարող այս պահին կտրուկ առճակատման գնալ Թուրքիայի հետ վերջինիս զորքերի` Աֆրին ներխուժելու պատճառով: Թուրքիայի այդ քայլն իր հերթին հարւած է նաեւ Սաուդական Արաբիային, որ նոյնպէս փորձում է ակտիւ դերակատարութիւն ունենալ Մերձաւոր Արեւելքում, ինչը չի համապատասխանում Իրանի ծրագրերին:

 

Իսկ ի՞նչ հանգուցալուծում կունենայ այս բարդ իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ Իրանն էլ աւելի է փորձում սիրաշահել Թուրքիային` օգտագործելով Ադրբեջանի հետ իր յարաբերութիւնները` առաջարկելով նորանոր կոմունիկացիոն ծրագրեր:

- Դժւար է ասել, թէ ինչ վերջաբան կունենայ Սիրիայի կարգաւորման գործընթացը կամ, որ աւելի ճիշտ է ասել` սիրիական պատերազմը: Այստեղ կայ քաղաքական լրջագոյն խնդիրների բախում: Կողմերից իւրաքանչիւրը փորձում է պարտւած չհեռանալ, թէեւ բոլորն էլ բարոյական պարտութիւն արդէն իսկ կրել են այդ պատերազմում: Նկատի ունեմ այն տառապանքները, որ պատճառւել են Սիրիայի ժողովրդին, եւ այն անվերականգնելի կորուստները, որ հասցւել են այդ երկրի հիրաւի ծաղկուն քաղաքներին ու տնտեսութեանը: Սակայն անխուսափելիօրէն գալու է օրը, եւ այս հակամարտութեան ակտիւ կողմերը կրկին վերադասաւորւելու են իրենց աշխարհաքաղաքական ալյանսներում, որովհետեւ նրանց փոխյարաբերութիւնները, վերջին հաշւով, գլոբալ աշխարհաքաղաքական բեւեռներով են պայմանաւորւած: Իսկ ինչ վերաբերում է այս փուլում Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում նկատւող տնտեսական աշխուժութեանը` կապւած տարանցիկ ճանապարհների հետ, կարող եմ ասել, որ դա Իրանի համար գերխնդիր չէ եւ որեւէ կերպ չի անդրադառնայ Հայաստանի հետ Իրանի յարաբերութիւններին: Իրան-Ադրբեջան տնտեսական ծրագրերը, որքան էլ Բաքւից դրանք ներկայացնեն որպէս Հայաստանի շրջափակման կամ մեկուսացման ծրագրեր, միեւնոյն է, ժամանակի որոշակի կտրւածքում, երբ տարածաշրջանում յստակեցւեն ուժերի փոխյարաբերութիւնները, այդ ծրագրերը կը ենթարկւեն որոշակի սրբագրումների` քաղաքական հիմնական օրակարգերի ազդեցութեան տակ:

 

Պարոն Խանլարեան, համաշխարհային մամուլն էլ գրում է, որ այսօր Սիրիայում Թուրքիան դարձել է հիմնական խաղացող` մինչեւ այն աստիճան, որ նոյնիսկ ՄԱԿ-ը չի պահանջում թուրքական օկուպացիոն զօրքերը դուրս բերել Սիրիայի տարածքից: Կարելի՞ է պնդել, որ Սիրիայի խնդրի կարգաւորման գործընթացում Թուրքիայի ինքնագլուխ պահւածքը բխում է ԱՄՆ եւ միջազգային կոալիցիայի շահերից:

- Ես կասէի` Թուրքիայի պահւածքն առնւազն չի շօշափում Արեւմուտքի շահերը Մերձաւոր Արեւելքում: Բանն այն է, որ ԱՄՆ-ն եւ կոալիցիան ձգտում են Սիրիայում նոր իշխանութիւն ձեւաւորել եւ առաւել կառավարելի ընդդիմութիւն: Արեւմուտքը եւս հանդէս է գալիս Սիրիայի միասնականութեյան օգտին, սակայն ո՛չ Ասադի ուժեղ եւ միանձնեայ իշխանութեան պայմաններում: Համաձայն չեմ այն պնդումների հետ, թէ Թուրքիան հիմնական խաղացող է դարձել Սիրիայում: Ռուսաստանը եւԱՄՆ-ն աւելի մեծ ուժեր ունեն Սիրիայում եւ աւելի հզօր զինտեխնիկայ, սակայն այդ երկրները, նրանց հետ՝ նաեւ Իրանը, ի տարբերութիւն Թուրքիայի, որ հակաահաբեկչական պայքարի անւան տակ բացայայտ զաւթողական պատերազմ է սկսել, աւելի շատ հակւած են Սիրիայի խնդրի քաղաքական կարգաւորմանը եւ այդ երկրի միասնականութեան պահպանմանը եւ դրանով իսկ առաւել ծանրակշիռ դերակատարութիւն ունեն, քան Թուրքիան: Վերջինս ստիպւած կը լինի վաղ թէ ուշ դուրս գալ ոչ միայն Իրաքից, որտեղ եւ տարածքից: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, եւ նրա պահւածքն անհասկանալի է նաեւ այդ համատեքստում: Հիւսիսատլանտեան դաշինքի համար անթոյլատրելի են նմանատիպ գործողութիւնները: Եւ սա նոյնպէս հանգամանք է, որ յուշում է Թուրքիայի ակտիւութեան ժամանակաւոր լինելը:

Սիրիայում Թուրքիայի գործողութիւնները յղի են վտանգներով հէնց Անկարայի համար: Սա ինձ յիշեցնում է Իրաքի ներխուժումը Քուվէյթ` 1990-1991 թւականներին, որ յայտնի է նաեւ «Ծոցի առաջին ճգնաժամ» անւամբ: Այն աւարտւեց միջազգային ուժերի ներգրաւմամբ ու Իրաքի պարտութեամբ։ Դա Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ առաջին խոշոր ռազմական բախումն է` օդային ուժերի եւ գերճշգրիտ զէնքի աննախադէպ օգտագործմամբ, ինչը, շատ մասնագէտների կարծիքով, վկայել է նաեւ ռազմական արւեստում նոր դարաշրջանի բացման մասին։ Եւս մի հատկանշական բան` իրաք-քուվէյթեան հակամարտութիւնը լայնօրէն լուսաբանւում էր մամուլում եւ հեռուստատեսութեամբ: Նոյն բանը նկատւում է նաեւ հիմա` կապւած թուրքական «Ձիթենու ճիւղ» գործողութեան հետ: Անկարան հասկանում է դա եւ կը փորձի առաւել զգոյշ մանեւրել ինչպէս Արեւմուտքի, այնպէս էլ իր հզօր հարեւանների` Ռուսաստանի եւ Իրանի հետ յարաբերութիւններում:

 Զրոյցը՝ ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆԻ

«hraparak.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։