Հա

Քաղաքական

08/04/2018

Իրանական շրջայց Նախիջեւանով․ Թեհրանն ուզում է նախաձեռնութիւնն իր ձեռքը վերցնել

Չնայած Սիրիայի թեմայի շուրջ մտերմացմանը, Անկարայի ու Թեհրանի մրցակցութիւնը դեռ ուժի մէջ է։ Այդ մրցակցութեան հարթակներից մէկը կարող է լինել Նախիջեւանը։

Այս օրերին Իրանը դիւանագիտական նախանձելի ակտիւութիւն է դրսեւորում կովկասեան ուղղութեամբ։ Հետաքրքրական է, որ այդ ակտիւութեան հիմնական «հասցէատէրը» Ադրբեջանն է։

«alikonline.ir» - Չնայած Սիրիայի թեմայի շուրջ մտերմացմանը, Անկարայի ու Թեհրանի մրցակցութիւնը դեռ ուժի մէջ է։ Այդ մրցակցութեան հարթակներից մէկը կարող է լինել Նախիջեւանը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Այս օրերին Իրանը դիւանագիտական նախանձելի ակտիւութիւն է դրսեւորում կովկասեան ուղղութեամբ։ Հետաքրքրական է, որ այդ ակտիւութեան հիմնական «հասցէատէրը» Ադրբեջանն է։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 29-ին Բաքու է այցելել, իսկ ապրիլի 6-ին իրանական դիւանագիտութեան ղեկավարն այցելել է․․․ Նախիջեւան։

Ջաւադ Զարիֆը Նախիջեւանում հանդիպել է ինքնավարութեան նախագահ Վասիֆ Թալիբովի հետ, որից յետոյ յայտարարել է` Իրանն ամենադժւար պահին Նախիջեւանի կողքին է լինելու։ Նա նաեւ յոյս է յայտնել, որ վերջին այցը կը խթանի Իրանի ու ինքնավարութեան տնտեսական կապերի զարգացմանը։

Մոհամմադ Ջաւադ Զարիֆի այս այցը բաւականին արտառոց իրադարձութիւն է նախեւառաջ հէնց այն պատճառով, որ Նախիջեւանի նկատմամբ ախորժակը չի թաքցնում տարածաշրջանի մէկ այլ խաղացողը՝ Թուրքիան։

Վերջին ամիսներին Նախիջեւանում պարբերաբար թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններ են անցկացւում։ Բացի այդ, ժամանակ առ ժամանակ թուրքական ու ադրբեջանական լրատւամիջոցներում քննարկւում է թուրքական մշտական կայանների տեղակայումը։

Թուրքական էքսպանսիայի ռազմական բաղադրիչին գումարւում է նաեւ տնտեսական գործօնը։ Դեռ նախորդ տարւայ ամռանը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զէյբեքչին յայտարարել էր, որ Անկարան մտադիր է ազատ տնտեսական գօտի ստեղծել Նախիջեւանում։ Ինքնավար հանրապետութեան ու մետրոպոլիայի միջեւ ընդհանուր սահմանների բացակայութիւնը թոյլ է տալիս հարեւան Թուրքիային ամրապնդել դիրքերը շրջանի տնտեսութեան բոլոր առանցքային ոլորտներում։

Չնայած Սիրիայի թեմայով մտերմացմանը, Անկարայի ու Թեհրանի մրցակցութիւնը դեռ ուժի մէջ է։ Այդ մրցակցութեան հարթակներից մէկը կարող է լինել ադրբեջանական անկլաւը։

Արեւելագէտ Յակոբ Չաքրեանի կարծիքով՝ շիական գործօնն այսօր մեծ դերակատարութիւն ունի Իրանի ու Ադրբեջանի յարաբերութիւններում։ Թէեւ Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպէս աշխարհիկ պետութիւն, որտեղ քաղաքական իսլամը հնարաւորինս ճնշւում է, սակայն ժամանակի ընթացքում ադրբեջանական շիաները կարող են Իրանի համար լաւ հիմք հանդիսանալ ազդեցութիւնը տարածելու հարցում։ Ու տրամաբանական կը լինէր այդ էքսպանսիան սկսել ադրբեջանական ինքնավարութիւնից, որը Իրանի հետ անմիջական սահման ունի։

Միաժամանակ Թեհրանը Ադրբեջանի կողմից հաւանական վտանգ է զգում` մերձկասպեան հանրապետութիւնը դիտարկելով որպէս Իրանի ներսում անջատողական տրամադրութիւնների աղբիւր։ Բաքուն տեսակաօրէն կարող է «էթնիկ խաղաքարտը» գործի դնել՝ հաշւի առնելով, որ Իրանի հիւսիսարեւմտեան ու հիւսիսարեւելեան տարածքներում մի քանի միլիոն էթնիկ ադրբեջանցի է բնակւում։

Յատկանշական է, որ մի քանի տարի առաջ Բաքւի քաղաքական գործիչները հանդէս էին գալիս նախաձեռնութեամբ՝ վերանւանել երկիրը Հիւսիսային Ադրբեջան։ Թէեւ հիմա Բաքւում այդ թեմային չեն անդրադառնում, բայց չի բացառւում, որ ժամանակի ընթացքում այն կրկին արդիական դառնայ։

Չաքրեանի կարծիքով՝ տարօրինակ է, որ ամերիկացիներն իրանական ռեժիմի դէմ պայքարում մինչեւ հիմա չեն օգտագործել էթնիկ գործօնը։ Փորձագէտը ենթադրում է՝ Վաշինգտոնը չի ուզում, որ Իրանը դեզինտեգրացիայի ենթարկւի` վախենալով, որ այդ դէպքում Թուրքիան կը ցանկանայ «իր հագով» փորձել առանձնացած իրանական տարածքները։

Չի բացառւում՝ անցանկալի զարգացումները կանխելու համար Իրանը կանխարգելիչ միջոցների է դիմում՝ ցանկանալով իր ձեռքը վերցնել նախաձեռնութիւնը։ Այսպէս, ինքնավարութեան նախագահի հետ վերոյիշեալ հանդիպմանը իրանցի նախարարը ընդգծել է միջբանկային համագործակցութեան, ուսանողների փոխանակման ու Արեւելեան ու Արեւմտեան Ադրբեջանների իրանական գաւառների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան համագործակցութեան ընդլայնման անհրաժեշտութիւնը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։