Հա

Քաղաքական

09/04/2018

Հանրապետութեան նախագահ. «Մեր միջուկային արդիւնաբերութիւնն աւելի արագ ընթացքով է առաջ շարժւում»

Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրւայ 12-ամեակի կապակցութեամբ այսօր՝ ապրիլի 9-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ներկայութեամբ տեղի է ունեցել միջուկային 83 նոր ձեռքբերումների շնորհանդէսը:

«alikonline.ir» - Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրւայ 12-ամեակի կապակցութեամբ այսօր՝ ապրիլի 9-ին Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի ներկայութեամբ տեղի է ունեցել միջուկային 83 նոր ձեռքբերումների շնորհանդէսը:

Օրւայ կապակցութեամբ ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահը: Անդրադառնալով միջուկային նոր ձեռքբերումներին, նա նշել է, որ դրանք յստակ պատգամ են նրանց համար, ովքեր թերահաւատաօրէն կարծում են, թէ 11-րդ եւ 12-րդ կառավարութիւնների պաշտօնավարման օրօք դանդաղել է երկրի միջուկային ծրագրի ընթացքը. «Մեր միջուկային արդիւնաբերութիւնն աւելի արագ ընթացքով է առաջ շարժւում»,- յստակեցրել է նախագահը:

«Միջուկային համապարփակ համաձայնագրից յետոյ, մեզ յաջողւեց լաւապէս օգտւել այլ երկրների հետ համագործակցութեան առիթից: Մենք համագործակցում ենք եւրոպական որոշ երկրների, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Ֆորդոյում կայուն իզոտոպների ուսումնասիրութեան կենտրոն ենք կառուցել, եւ մեր հետազօտութիւնների ընթացքն աւելի է արագացել»,- ասել է նախագահը:

Նշելով, որ միջուկային տեխնոլոգիաների իւրացման գործում Իրանը երբեւէ չի զիջելու իր դիրքերը, Հանրապետութեան նախագահը յատուկ ընդգծել է, որ հետազօտութիւնների բնագաւառում Իրանը որեւէ երկրի թոյլտւութեանը չի սպասելու, սակայն, պատրաստ է համագործակցել բոլորի հետ. «Հէնց սկզբից էլ մեր նպատակն աշխարհի հետ կառուցողական գործակցութիւնն էր»,- ասել է նա:

Իր ելոյթում դոկտ. Ռոհանին նշել է, որ երկրի գլխաւոր նպատակներից մէկն ազգային հզօրութեան ապահովումն է: Հզօրութիւն, որը հիմնւած է օրինական ուժի վրայ եւ օգտակար է երկրի համար:

«Հզօրութիւն, որը հիմնւած չէ սպառնալիքների եւ ագրեսիայի վրայ, այլ, օրինական հզօրութիւն՝ ուղղւած ազգային շահերի ապահովմանը, տարածաշրջանային կայունութեան եւ միջազգային խաղաղութեան պահպանմանը»,- ասել է նա:

Անդրադառանոլվ Միջուկային համապարփակ համաձայնագիրը չեղարկելու կապակցութեամբ ԱՄՆ-ի գործադրած ջանքերին, Հանրապետութեան նախագահը նշել է, որ Իրանը պատրաստ է սցենարի ցանկացած տիպի զարգացման համար, այնպէս, որ դրանցից չտուժեն ո՛չ միջուկային ծրագրի ընթացքը, ո՛չ էլ ժողովրդի կենցաղը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։