Հա

Քաղաքական

11/06/2018 - 14:30

Հայաստանն ու Իրանն ակտիւացնում են գործակցութիւնն առողջապահութեան ոլորտում

ՀՀ առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանն ու Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջջադին քննարկել են երկկողմ գործակցութեան ամենատարբեր ուղղութիւններին ու ծրագրերին առնչւող հարցեր:

«alikonline.ir» - ՀՀ առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանն ու Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջջադին քննարկել են երկկողմ գործակցութեան ամենատարբեր ուղղութիւններին ու ծրագրերին առնչւող հարցեր: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահութեան նախարարութիւնից:

Արդէն իսկ առողջապահութեան ոլորտում կողմերն ակտիւօրէն փոխգործակցում են հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի ամենամեայ նիստերի շրջանակներում ստորագրւած փոխըմբռնման յուշագրերով նախատեսւած կէտերի իրականացման շուրջ: Համատեղ ծրագրերը, մասնաւորապէս, առնչւում են բուժական, հիգիենիկ-հակահամաճարակային, վերապատրաստումների, կրթութեան ոլորտներին: Ուրւագծւում են երկու երկրների դեղարտադրողների միջեւ գործակցութեան նոր եզրեր:

Հանդիպման ժամանակ դեսպանը նախ շնորհաւորել է նախարարին՝ պաշտօնում նշանակւելու առիթով, ապա յոյս յայտնել, որ նոր իշխանութեան ձեւաւորումը համատեղ աշխատանքին նոր մակարդակ կը հաղորդի: «Հայաստանի ու Իրանի միջեւ քաղաքական գործակցութեան մակարդակը միշտ շատ բարձր է եղել, սակայն առողջապահութեան ոլորտում դեռ չիրացւած մեծ ներուժ կայ, ինչը եւ ցանկանում ենք օգտագործել: «Մեղրի» եւ «Արաս» ազատ առեւտրի գօտիներն էլ իրենց հերթին են նոր հնարաւորութիւններ ընձեռում»,- շեշտել է դեսպանը:

Արսէն Թորոսեանի հետ քննարկւել են նաեւ Հայաստանում քաղաքական իրադարձութիւնների պատճառով Իրան կատարւելիք չեղարկւած այցերը վերակազմակերպելու, մեր երկրում իրանական բուժկենտրոն բացելու եւ այլ հարցեր:

«Ուրախ կը լինենք գործակցութեան հեռանկարներն առաւել առարկայական քննարկել արդէն Իրանում՝ մեր առաջիկայ հանդիպումների ժամանակ»,-նշել է Արսէն Թորոսեանն ու պատրաստակամութիւն յայտնել դեսպանի բարձրացրած մի շարք հարցեր ուշադրութեան կենտրոնում պահել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։