Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 20 Յունիսի 2018 10:50

Ռոուհանին Եւրոպա է մեկնում. ի՞նչ էր նա ակնարկում Պուտինին Շանհայի գագաթնաժողովում

Եւրոպական քաղաքական դաշտում Իրանի աշխուժացումը կանխատեսելի էր այն պահից, երբ պարզ դարձաւ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր չէ տեղի տալ դաշնակիցների ճնշմանը, եւ Վաշինգտոնն իր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ չի չեղարկի, որքան էլ նրան համոզեն Մակրոնն ու Մերկէլը։

«alikonline.ir» - Եւրոպական քաղաքական դաշտում Իրանի աշխուժացումը կանխատեսելի էր այն պահից, երբ պարզ դարձաւ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր չէ տեղի տալ դաշնակիցների ճնշմանը, եւ Վաշինգտոնն իր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ չի չեղարկի, որքան էլ նրան համոզեն Մակրոնն ու Մերկէլը։

«Միջուկային» համաձայնագրից ամերիկացիների միակողմանի դուրս գալուց յետոյ, որպէս արտասահմանեան առաջին ուղեւորութեան հասցէ, Իրանի նախագահ Ռոուհանին ընտրեց ոչ թէ Եւրոպան, այլ Արեւելքը։ Նա մասնակցեց Շանհայի համագործակցութեան կազմակերպութիւն (ՇՀԿ) գագաթնաժողովին, որն անցկացւում էր Ցինդաոյում նոյն օրերին, երբ Կանադայում հաւաքւել էր «եւրոպական եօթնեակը» (G7)։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Հարկ է յիշել, որ այստեղ, արեւմտեան գագաթնաժողովի ժամանակ, Իրանի հետ «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու պատճառը արեւմտեան երկրների առաջնորդների միջեւ բաւական սուր եւ բարդ բանակցութիւնների հիմնական թեմա էր դարձել։ Աւելի ճիշտ` մի կողմից Թրամփի, միւս կողմից`միւս բոլորի։

Կարելի է չկասկածել, որ հեռւից, Ցինդաոյից, Ռոուհանին ուշադիր հետեւում էր աշխարհի միւս ծայրում ծաւալւող իրադարձութիւնների զարգացմանը։ Հէնց այնտեղից ստացւող տեղեկատւութեան համաձայն էլ նա կառուցում էր իր շփումը ՇՀԿ գագաթնաժողովին. եւ առաջին հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Քանի որ Կանադայում ակնյայտ դարձաւ, որ Թրամփը պատրաստ է ճակատ առ ճակատ մինչեւ վերջ կռիւ տալ իր եւրոպացի գործընկերների հետ, միայն թէ Իրանում իր դիրքորոշման վերաբերեալ «յետ քայլ» չանի, Ռոուհանին բաւական մեղմ, սակայն ակնարկեց է ՌԴ նախագահ Պուտինին, որ Թեհրանը ստիպւած է լինելու վերակառուցել «միջուկային գործարքին» վերաբերող իր ողջ քաղաքականութիւնը։

Եւ, ըստ ամենայնի, ոչ միայն Իրանի միջուկային համաձայնագիրի եւրոպական մասնակիցների մասով (Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա), այլ նաեւ` Ռուսաստանի եւ Չինաստանի։

 

Այս իրավիճակում Ռուսաստանից ինչ-որ բան պահանջելը կարող է թանկ արժենալ. եւ արդարացի էլ չի

Մի շարք ոլորտներում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ արդէն բաւական ջերմ ու շահաւէտ յարաբերութիւններ են ստեղծւել` պայքար ահաբեկչութեան դէմ, համագործակցութիւն Սիրիայում, կոնկրետ տնտեսական նախագծեր. որպէս օրինակ կարելի է բերել ասենք ԵԱՏՄ շրջանակներում առկայ համագործակցութիւնը։

Սակայն այդ ամէնը չի նշանակում, որ Իրանը կը համաձայնի իր ուսերին վերցնել միաժամանակ եւ՛ ամերիկեան պատժամիջոցների բեռը (որոնցից, ինչպէս յայտնի էր դարձել դեռ «G7»-ից առաջ, չէին կարողացել ազատւել եւրոպացիները), եւ՛ հրաժարւելը գիտական միջուկային հետազօտութիւններից, որոնցում Թեհրանն իսկապէս բաւական լուրջ առաջընթաց է գրանցել։

Սա չի կարելի անւանել «միջուկային գործարքից» ԱՄՆ դուրս գալու պատճառով Իրանի կրած կորուստները փոխհատուցելու անմիջական պահանջ։ Նման ուղիղ, կոնկրետ պահանջ պարունակում էր, ասենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնի հետ վերջերս կայացած զրոյցը։

«Եթէ Իրանը չկարողանայ օգտւել համաձայնագրի ընձեռած առաւելութիւններից, նրանից դուրս չգալը գրեթէ անհնար կը լինի»,- ասել էր Ռոուհանին` ընդգծելով, որ եւրոպացիների դիրքորոշումները պէտք է ուղեկցւեն պրակտիկ եւ շոշափելի միջոցներով եւ որոշումներով, որոնք Իրանին կօգնեն շահել համաձայնագրի մէջ մնալուց։

Ռուսաստանի դէպքում նման ուղիղ պահանջ չի հնչել. Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս թեմայով նոյնիսկ ակնարկելը Ռոուհանիի համար շատ դժւար էր։

Չէ՞ որ ռուսական դիւանագիտութիւնից աւելի որեւէ մէկը ջանք չի գործադրել, որպէսզի Իրանի հետ «միջուկային համաձայնագիրը» ստորագրւի. եւ Թեհրանում լաւ գիտեն այդ մասին։ Կրեմլը մեղաւոր չէ, որ ամերիկացիներն այդկերպ վարւեցին։

ԱՄՆ-ը մէկ հարւածով տապալեց բազմաթիւ մարդկանց աշխատանքի արդիւնքը։ Ո՞վ է դրա համար պատասխան տալու։

Եւ միեւնոյն ժամանակ փաստը մնում է փաստ` Իրանը, իր ուսերից արեւմտեան պատժամիջոցների բեռը թոթափելու համար, իսկապէս զոհաբերեց որոշ սկզբունքներ (ընդհուպ մինչեւ գաղափարական, էլ չենք խօսում ֆինանսականի մասին), հրաժարւելով շարունակել միջուկային հետազօտութիւնները։

Իսկ ԱՄՆ նախագահը, որը նպատակաուղղւած իրեն ու միւսներին ապացուցում էր, որ չի պատրաստւում որեւէ մէկի կամ որեւէ բանի հետ հաշւի նստել, վերցրեց եւ մէկ հարւածով քանդեց ողջ այն կոնստրուկցիան, որի վրայ երկար տարիներ աշխատում էին դիւանագէտներն ու քաղաքական գործիչները։

Արդիւնքում Թեհրանը կարող է կոտրւած տաշտակի մօտ յայտնւել` զրկւելով արտօնութիւններից, որոնք կարող էին բերել միջուկային հետազօտութիւնների առաջընթացը, եւ միեւնոյն ժամանակ չազատւելով պատժամիջոցների ծանր բեռից։

Աւելին, եւրոպացիները, որոնք բաւական բացասական արձագանքեցին Թրամփի միակողմանի քայլին, ինչպէս պարզւեց, ամենեւին էլ չեն ցանկանում կռւել ովկիանոսից այն կողմ գտնւող իրենց բոսսի հետ։ Գոնէ որոշ եւրոպական կորպորացիաներ ամենեւին էլ չեն բացառում, որ կենթարկւեն ամերիկացիներին եւ նրանց հակաիրանական պատժամիջոցներին։

Հէնց այդ պատճառով էլ Ռոուհանին առաջին այցով ուղեւորւեց ՇՀԿ գագաթնաժողովին` միեւնոյն ժամանակ հետեւելով, թէ ինչ է կատարւում Կանադայում։ Եւ այժմ, այդ ամէնն իմանալով, Իրանի առաջնորդը մեկնում է սկզբում Շւէյցարիա, այնուհետեւ` Աւստրիա. եւրոպացի առաջնորդներին հասցնելու համար մի դիրքորոշում, որը, ամենայն հաւանականութեամբ, համաձայնեցւել է Ռուսաստանի նախագահի հետ։

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ