Հա

Քաղաքական

28/06/2018

Հանրապետութեան նախագահ. «Կառավարութիւնը հաստատակամօրէն կը շարունակի իր ուղին»

Կառավարութիւնը հաստատակամօրէն շարունակել է իր ուղին, իսկ Իրանն էլ ոչ մի պարագայում կապիտուլեացիայի չի ենթարկւի ԱՄՆ-ի առաջ: Այս մասին երէկ՝ կառավարութեան աւագ տնօրէնների համաժողովի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Կառավարութիւնը հաստատակամօրէն շարունակել է իր ուղին, իսկ Իրանն էլ ոչ մի պարագայում կապիտուլեացիայի չի ենթարկւի ԱՄՆ-ի առաջ: Այս մասին երէկ՝ կառավարութեան աւագ տնօրէնների համաժողովի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Իր ելոյթում, անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի շուրջ ստեղծւած իրավիճակին եւ խնդրի հանգուցալուծման տարբերակներին, դոկտ. Ռոհանին նշել է, որ կայ հնարաւոր երեք ելք. առաջին՝ ԱՄՆ-ի ճնշումների դէմ ընկրկելն է, որը, ըստ նրա՝ «անտրամաբանական եւ անընդունելի է», երկրորդը՝ ցանկացած գնով ԱՄՆ-ի դէմ առճակատման գնալն է, որի համար անհրաժեշտ կը լինի «թանկ գին վճարել», իսկ երրորդ՝ տրամաբանական տարբերակը, դա նւազագոյն կորուստներով դիմակայութիւնն է, որը, ըստ նախագահի՝ Միջուկային գործարքի պահպանումն է, որին զուգահեռ «կառավարութիւնն ու ժողովուրդը պէտք է պատրաստւեն պատժամաիջոցների արդիւնքում, տնտեսական դժւարին պայմաններին դիմակայելու»:

«Մենք ոչ մի պարագայում կապիտուլեացիայի չենք ենթարկւի ԱՄՆ-ի առաջ եւ կը պահպանենք պատմական ազգային մեծութիւնը, եւ այս կամային պայքարում ծնկի կը բերենք ԱՄՆ-ին»,- յայտարարել է Հանրապետութեան նախագահը՝ յաւելելով, որ անհրաժեշտ է ցոյց տանք աշխարհին, որ դժւարութիւնների առջեւ ենք կանգանծ, սակայն, անդաւաճան ենք մնալու մեր մեծութեանը, ազատութեանը, անկախութեանը, ժողովրդավարութեանը, հանրապետական կարգին, կրօնին ու մշակոյթին:

Ակնարկելով վերջին օրերի ընթացքում կառավարութեան վրայ գործադրւող որոշակի ճնշումներին, նախագահը յստակեցրել է, որ կառավարութիւնը չի ընկրկելու դրանց դէմ եւ հաստատակամօրէն շարունակելու է իր ուղին:

«Եթէ որեւէ մէկը կարծում է, թէ կառավարութիւնը կընկրկի, կը նահանջի ու կը հեռանայ, սխալւում է»,- ընդգծել է դոկտ. Ռոհանին:

Ստեղծւած տնտեսական ճգնաժամի յաղթահարման համար, նախագահը կարեւորել է գների վերահսկումն ու շուկայի կարգաւորումը: Նա կարեւորել է նաեւ տնտեսական ասպարէզում մասնաւոր սեկտորի հզօրացումն ու ակտիւ ներկայութեան ապահովումը՝ նշելով, որ տնտեսական ճգնաժամի յաղթահարման համար առաջինը հէնց մասնաւոր սեկտորը պէտք է ելքեր առաջարկի:

Վերադառնալով կառավարութեան վրայ գործադրւող ճնշումներին եւ ծաւալւած հակաքարոզչութեանը, Հանրապետութեան նախագահը բոլորին համախմբւելու եւ միաւորւելու կոչ է արել՝ ընդգծելով, որ պատրաստ է համագործակցել թէկուզ նրանց հետ, ովքեր այսօր ամենաանյարգալից վերաբերմունքն են ցուցաբերում կառավարութեան նկատմամբ:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է իջեցնել ակնկալիքների մակարդակը, ընկալել ու հասկանալ օրւայ իրողութիւնը, միաւորւել ու համագործակցել:

«Եթէ ճնշումը դրսից է, ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից է, կարելի է դիմակայել դրան: Իսկ եթէ այն ուղեկցւում է ներքին ճնշումներով, ապա դրան դիմակայելն անհնար է դառնում»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։