Հա

Քաղաքական

01/07/2018 - 12:00

ՆԳ նախարարը՝ Խոռամշահրի դէպքերի մասին. «Զոհեր չկան, կայ մէկ վիրաւոր»

Ներքին գործերի նախարարն այսօր՝ յուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիւս այլ հարցերի յատուկ անդրադարձել է նախօրէին Խոռամշահր քաղաքում տեղի ունեցած դէպքերին եւ բողոքի զանգւածային ակցիաներին:

«alikonline.ir» - Ներքին գործերի նախարարն այսօր՝ յուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի թիւս այլ հարցերի յատուկ անդրադարձել է նախօրէին Խոռամշահր քաղաքում տեղի ունեցած դէպքերին եւ բողոքի զանգւածային ակցիաներին:

Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հերքել է կրակոցների արդիւքում զոհերի մասին շրջանառւող լուրերը. «Զոհեր չեն եղել: Կրակոց է տեղի ունեցել, մէկ հոգի վիրաւորւել է, որն էլ հիւանդանոց է տեղափոխւել»,- ասել է նախարարը:

Ըստ նրա՝ անվտանգութիւնն առանցքային խնդիրն է, որի պահպանումը ՆԳՆ-ի հիմնական պարտականութիւններից է. «Եթէ անվտանգութիւնն ապահովւի, բողոքի ակցիաների անցկացման հետ որեւէ խնդիր չունենք: Երբ բողոքաւորները փողոց են դուրս գալիս, ոմանք ոգեւորւում են, ոմանք էլ փորձում են առիթն ի չարս օգտագործել: Որոշ քայլեր են ձեռնարկում, որոնք խախտում են անվտանգութիւնն ու կարգ ու կանոնը: Նման դէպքերում իրաւապահ մարմիններն ունեն յստակ պարտականութիւններ, որոնց անտեսման դէպքում վտանգւելու է անվտանգութիւնն ու կարգ ու կանոնը: Մենք փորձում ենք ոստիկանութեան ուժերի համբերատարութեան եւ պատասխանատուների համագործակցութեան շնորհիւ, հնարաւորինս սեղմ ժամկէտներում վերջ տալ բողոքի ակցիաները: Սակայն, եթէ դա տեղի չունենայ, ապա իրաւապահ ուժերն ու դատական համակարգը ստիպւած են լինելու իրենց պարտականութիւնները կատարել»,- շեշտել է Ռահմանի Ֆազլին:

Նշենք, որ Խուզեստան նահանգի Խոռամշահր քաղաքում բողոքի զանգւածային ակցիաներ են կազմակերպւել ամառային տօթի պայմաններում խմելու ջրի սղութեան եւ դրա վատ որակի պատճառով:

Երէկ՝ երեկոյեան ցուցարարների եւ իրաւապահ մարմինների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

Ցուցարարներն ոստիկանական ուժերի ուղղութեամբ քարեր ու տարբեր իրեր են նետել, իսկ Իրաւապահ մարմինները ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազ են օգտագործել: Լսւել են նաեւ կրակոցներ:

Սոցիալական ցանցերում, կրակոցների արդիւնքում զոհերի մասին լուրեր են շրջանառւում: Խոռամշահրի կուսակալը սակայն հերքել է դրանք:

ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնը տեղեկացնում է, որ այս պահի դրութեամբ Խոռամշահրը հանդարտ է եւ իրաւապահ մարմինների լիարժէք տիրապետում են օպերատիւ իրավիճակին:

 

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։