Հա

Քաղաքական

05/07/2018

Իրանը չի հանդուրժի հիւսիսից հրահրւող ապակայունացումը

Իրանը երկիր է, որը մեծ կշիռ եւ ազդեցութիւն ունի ոչ միայն Մերձաւոր Արեւելքում, այլեւ Հարաւային Կովկասում։ Իրանում կամ նրա շուրջ իրավիճակի ցանկացած ապակայունացում անյապաղ անդրադառնում է ամբողջ մեծ ու պայթիւնավտանգ տարածաշրջանի վրայ։ Իրանի կայունութիւնը խախտելը հեշտ չէ, սակայն փորձերը չեն դադարում։

«alikonline.ir» - Իրանը երկիր է, որը մեծ կշիռ եւ ազդեցութիւն ունի ոչ միայն Մերձաւոր Արեւելքում, այլեւ Հարաւային Կովկասում։ Իրանում կամ նրա շուրջ իրավիճակի ցանկացած ապակայունացում անյապաղ անդրադառնում է ամբողջ մեծ ու պայթիւնավտանգ տարածաշրջանի վրայ։ Իրանի կայունութիւնը խախտելը հեշտ չէ, սակայն փորձերը չեն դադարում։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Եթե Իրանում ներքին գործընթացների ապակայունացումը շարունակւի եւ աւելի զգայուն դառնայ, ապա դա անպայման որոշակի չափով կը թուլացնի երկրի դիրքերը Մերձաւոր Արեւելքում, որտեղ Թեհրանը` Վաշինգտոն-Թել Աւիւ-Ռիադ առանցքի հակակշռի դեր ունի։ Արտաքին ազդեցութիւնն ու դրա ապակառուցողական հետեւանքները երկրին դեռ յաջողւում է նւազագոյնի հասցնել, սակայն Իրանի վրայ ազդելու որեւէ լուրջ փորձեր փաստացի դեռ չեն արւել Հարաւային Կովկասից. եթէ ինչ որ բան տեղի էլ ունենայ, դա կը լինի նախեւառաջ Ադրբեջանի միջոցով։

Իրանն ու Ադրբեջանը պաշտօնապէս համաձայնել են միմեանց դէմ չգործել։ Սակայն հարցն այն է, որ, թէեւ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները լաւ ու բարեկամական են թւում, դրանք լի են ստորջրեայ խութերով։ Ու թէեւ Իրանի ներկայութիւնն, ասենք, Նախիջեւանում, ծանրակշիռ է, այն անդրադառնում է միայն մշակութա-կրօնական ասպեկտներին, իսկ ռազմաքաղաքական առումով այնտեղ գերիշխում է Թուրքիան։ Իրանից մեծ հաշւով կախւած է Ադրբեջանի ներքին քաղաքականութեան եւ կեանքի իսլամացման ուղղութիւնն ու արագութիւնը, սակայն իսլամացմանը բացայայտ կերպով հակազդում եւ դիմադրում է երկրի ներկայիս աշխարհիկ իշխանութիւնը։

Ադրբեջանցիներն Իրանում աւելի շատ են, քան բուն Ադրբեջանում եւ հասկանալի է, որ արտաքին խաղացողները, եթէ նրանք որոշեն Իրանի դէմ գործել, կը փորձեն նախեւառաջ այդ քարտը խաղարկել։ Այդ պատճառով էլ Իրանը կտրականապէս դէմ է ցանկացած լարւածութեան` իր հիւսիսային սահմանի մօտ։ Չէ՞ որ նախագահ Ռոհանին յայտարարել էր, որ յանկարծ ինչ-որ բան լինի «Իրանը ձեռքերը ծալած չի նստի»։ Եւ դա էր պատճառներից մէկը, թէ ինչու Ադրբեջանի բանակի ստեղծման 100-ամեայ առիթով կազմակերպած զօրահանդէսին Բաքու էր ժամանել Իրանի մշակոյթի նախարարը։ Այլ ոչ թէ պաշտպանութեան նախարարը կամ գոնէ նրա տեղակալը, ինչն աւելի տրամաբանական կը լինէր։

Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանին իրավիճակը սրելու ֆոնին էլ հէնց նախօրէին տեղի ունեցաւ Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի եւ Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հանդիպումը։ Հանդիպման մասին պաշտօնական հաղորդագրութիւններում նշւած էր, որ բացի երկկողմ շահերը ներկայացնող հարցերից, քննարկւել են նաեւ տարածաշրջանային անվտանգութեանն ու հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած հարցեր։

Իրանի համար այժմ կատակելու ժամանակը չէ. երկրի տնտեսական անվտանգութեանը բազմաթիւ մարտահրաէրներ են սպառնում, կապւած նախեւառաջ իրանական նաւթի վաճառքից ստացւած եկամուտները զրոյացնելու Վաշինգտոնի ձգտման հետ։ Այդ նպատակին հասնելու համար ամերիկացիների կողմից կիրառւած պատժամիջոցները լուրջ ու բազմակողմանի են։ Նախագահ Ռոհանին վերջերս յայտարարել էր. «Եթէ ԱՄՆ-ն շարունակի ստիպել իր դաշնակիցներին հրաժարւել իրանական նաւթ գնելուց, ապա դրա արտահանումը Մերձաւոր Արեւելքի երկրներից կը վտանգւի, իսկ ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերը հետեւանքներ կունենան»։

Ակնյայտ է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ ռազմական առճակատման հիմա չի գնայ։ Թեհրանը, որը վերջին տասնամեակներին ռազմական միջամտութեան մշտական վտանգի տակ է, հզօր բանակ ունի, հաւանաբար ունի նաեւ պատասխան հարւածների լաւ մշակւած ծրագիր։ Այդ երկրի համար բարդ չի սահմանափակել դէպի Պարսից ծոց ԱՄՆ-ի հասանելիութիւնը, բացի այդ` նրա տնօրինութեան տակ կան քաղաքական եւ կրօնական պայքար վարելու գործիքներ։

Այս ֆոնին, իսկապէս, Իրանին միայն հիւսիսային սահմանների ապակայունացումն էր պակաս։ Ապակայունացումն այնտեղ առկայ է Արցախեան հակամարտութեան տեսքով, եւ Ռոհանին նախազգուշացնում էր Ադրբեջանին, որ յետ մնայ այն թէժացնելու փորձից։ Ինչո՞ւ Ադրբեջանին, ոչ թէ Հայաստանին` պարզ է. Հայաստանի համար հակամարտութիւնը սրելն անիմաստ է, եւ Իրանում դա քաջ գիտակցում են։

Լաւատեսութիւն չի ներշնչում նաեւ Մինգեչաուրի ՀԷԿ-ում վերջերս տեղի ունեցած միջադէպը, որտեղ յանկարծակի խնդիր է առաջացել։ Միակ էներգետիկ հանգոյցում տեղի ունեցած վթարի հետեւանքով ամբողջ Ադրբեջանը իսկական կոլապսի մէջ է. երկիրն ընկղմւեց մթութեան մէջ, ջրազրկւեց, կանգնեց տրանսպորտը, դադարեց գործել կապը։

Նման իրավիճակում ոչ միայն Իրանի, այլ տարածաշրջանի ցանկացած պետութեան մօտ պէտք է բնական մտահոգութիւն առաջանար` արդեօ՞ք Ադրբեջանի գովերգած թւային ու նորագոյն զէնքերը, որ այդչափ պարծանքով ցուցադրում էին զօրահանդէսների ժամանակ, նման քաոսի պայմաններում չեն սկսի յանկարծ անվերահսկելի եւ անկանխատեսելի ուղղութեամբ կրակել։

Եւ սա այդքան էլ ֆանտաստիկ սցենար չէ` հաշւի առնելով բուռն երեւակայութիւն ունեցող սցենարիստների առկայութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։