Հա

Քաղաքական

Շաբաթ, 07 Յուլիսի 2018 10:10

Իրանագէտ. «Իրանին չի բաւարարում Եւրոմիութեան ներկայացրած Միջուկային գործարքի պահպանման փաթեթը, սակայն Իրանը դուրս չի գայ Միջուկային գործարքից»

Իրանագէտ Արմէն Վարդանեանի խօսքով՝ Միջուկային համագործակցութեան գործարքից դուրս գալը ձեռնտու չէ Իրանի համար: Չնայած որ այս պահին Եւրոմիութեան հետ Միջուկային համաձայնութեան շուրջ անհամաձայնութիւններ կան, բանակցութիւնները շարունակւում են, Իրանը դուրս չի գայ միջուկային համաձայնագրից: 

«alikonline.ir» - Իրանագէտ Արմէն Վարդանեանի խօսքով՝ Միջուկային համագործակցութեան գործարքից դուրս գալը ձեռնտու չէ Իրանի համար: Չնայած որ այս պահին Եւրոմիութեան հետ Միջուկային համաձայնութեան շուրջ անհամաձայնութիւններ կան, բանակցութիւնները շարունակւում են, Իրանը դուրս չի գայ միջուկային համաձայնագրից: Այս մասին նա նշեց «tert.am»-ի հետ զրոյցում:

«Իրանական կողմը Եւրոմիութիւնից պահանջում էր այն բոլոր տնտեսական արտօնութիւնները, որ տրւել էին Միջուկային համաձայնութեան ժամանակ:  Իրանական կողմին մտահոգում է այն հարցը, թէ արդեօք իրենք կը կարողանան նախկինի նման նաւթ վաճառել Եւրոպային, որովհետեւ Իրանի արտահանման 78 տոկոսը նաւթի վաճառքն է: Եւրոմիութիւնը յստակ տւել է երաշխիքներ, որ իրենք շարունակելու են նաւթ գնել Իրանից: Բացի դրանից Եւրոխորհրդարանն ընդունեց օրէնք, ըստ որի՝ Եւրոպական Միութիւնը պէտք է պաշտպանի այն ընկերութիւններին, որոնք ներդրումներ են կատարել եւ կարող են յայտնւել ամերիկեան պատժամիջոցների ներքոյ»,- ասաց նա:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի հետ զրոյցում յայտարարել է, որ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ներկայացրած փաթեթը միջուկային գործարքի պահպանման համար հիասթափեցնող է: Արմէն Վարդանեանն այս մասով նկատեց, այո՛, Իրանին չի բաւարարում Եւրոմիութեան ներկայացրած փաթեթը, սակայն Իրանը դուրս չի գայ Միջուկային գործարքից:

«Եթէ դուրս գայ համաձայնագրից, տնտեսական կոլապս կառաջացնի: Այսօր Իրանում ամէն օր բողոքի ցոյցեր են լինում, ազգային արժոյթն արժեզրկւել է, եւ եթէ այս  իրավիճակում Իրանը դուրս գայ Միջուկային համաձայնագրից, Իրանի համար տնտեսական իրավիճակն աւելի կը վատթարանայ»,- ասաց նա:

Իրանագէտը նաեւ նկատեց, որ Եւրոմիութեան երկրների մօտ Իրանի նկատմամբ քաղաքականութեան հարցում միասնականութիւն կայ, այստեղ վճռական են, որ Իրանը դուրս չգայ Միջուկային համաձայնութիւնից: «Եւրոմիութեան արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան հարցերով բարձրագոյն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մի քանի անգամ յայտարարել է, եթէ Իրանը դուրս գայ Միջուկային համաձայնագրից, ապա տարածաշրջանում իրավիճակն էլ աւելի է լարւելու: Եւրոպան, կարծես, ամենաշատն է շահագրգռւած, որ համաձայնագիրը չչեղարկւի»,- ասաց նա:

Ներկայ անհամաձայնութիւնները, Իրանի սպասելիքների չարդարացումը, ըստ Արմէն Վարդանեանի, ժամանակաւոր բնոյթ են կրում, հիմա բանակցութիւններ են ընթանում: «Չեմ կարծում, որ Իրանը կը որոշի դուրս գալ համաձայնագրից»,- ասաց նա:

Իրանի նկատմամբ ներկայումս յստակ թշնամաբար են տրամադրւած Միացեալ Նահանգները, Իսրայէլը, Սաուդական Արաբիան եւ նրանց որոշ դաշնակիցներ: Ըստ Արմէն Վարդանեանի՝ Չինաստանին, Ռուսաստանին, Եւրոմիութեանը կարելի է համարել մէկ այլ բեւեռ, որոնք դէմ են Միջուկային համաձայնութեան չեղարկմանը եւ ԱՄՆ-ի կողմից իրենց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն:

Դիտարկմանը, թէ հնարաւոր է՝ Հարաւային Կովկասում Իրանի ազդեցութեան նւազեցումը խնդիր լինի նաեւ Հայաստանի համար, Արմէն Վարդանեանը պատասխանեց, թէ ինքը համաձայն չէ նրա հետ, որ Իրանը դերակատար է Հարաւային Կովկասում:

«Դա պէտք է յստակ հասկանալ: Իրանն ազդեցութիւն ունի այլ տարածաշրջանում, մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքում՝ Սիրիայում: Ճիշտ է, Հարաւային Կովկասը նոյնպէս կարեւոր է Իրանի համար, բայց կարելի է ասել՝ առաջնայինը Մերձաւոր Արեւելքն է: Ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի վրայ Իրանը քաղաքականապէս որեւէ ազդեցութիւն չունի»,- ասաց նա՝ նշելով, որ Իրանը ի շարունակի պահպանել իր ազդեցութիւնն այն երկրների հետ, որոնց վրայ մշտապէս ազդեցութիւն է ունեցել:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ