Հա

Քաղաքական

11/07/2018 - 14:50

Իրանագէտ. «Իրանցիներն այս ընթացքում դուրս չեն գայ միջուկային համաձայնագրից»

«Իրանական կողմը շարունակում է վարել Արեւմուտքի հետ երկու թեւերի քաղաքականութիւնը»,- երէկ՝ յուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով Միջուկային համաձայնագրի հետ կապւած Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակին:

«alikonline.ir» - «Իրանական կողմը շարունակում է վարել Արեւմուտքի հետ երկու թեւերի քաղաքականութիւնը»,- երէկ՝ յուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով Միջուկային համաձայնագրի հետ կապւած Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակին: Գրում է «panorama.am»-ը:

Նրա խօսքով՝ ԵՄ երկրների հետ Իրանի վարած քաղաքականութիւնը միտւած է նրան, որ իրանական միջուկային համաձայնագիրը ստորագրած պետութիւնները, եւրոպական պետութիւնները մնան այդ համաձայնագրի շրջանակներում, մինչդեռ Միացեալ նահանգների՝ համաձայնագրից դուրս գալու գործընթացը ստիպել է Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում իրանական կողմին որդեգրել շատ աւելի խիստ դիրքորոշումներ:

«Ակնյայտօրէն պէտք 1 յաջողութիւն համարել այն հանգամանքը, որ Իրանի արտգործնախարարը Վիրեննայում կայացած վերջին հանդիպմանը փաստացիօրէն հասաւ յաջողութեան: Բացի ԱՄՆ-ից, որը դուրս էր եկել միջուկային համաձայնագրից, միւս բոլոր պետութիւնները հաստատագրեցին, որ իրենք շարունակելու են հաւատարիմ մնալ այդ համաձայնագրի տառին»,- ասաց իրանագէտը:

Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում, Ոսկանեանի գնահատմամբ, իրանական կողմը փորձում է ինչ-որ առումով գործընթացը տեղափոխել ԱՄՆ ներքին դաշտ, ինչի արդիւնքում մեծանում են այն հանգամանքի շանսերը, ըստ որի իրանական կողմը կարող է ակնկալել, որ ԱՄՆ այս վարչակարգի կողմից պատժամիջոցների կիրառում տեղի չի ունենայ եւ կոնգրեսականները կը դիմակայեն Միացեալ նահանգների հակաիրանական քաղաքականութեանը:

«Իրանցիներն այս ընթացքում դուրս չեն գայ Միջուկային համաձայնագրից եւ կը ձգտեն պահպանել յարաբերութիւնները ԵՄ երկրների հետ: Իսկ փոխադարձ յայտարարութիւնների ու սպառնալիքների պահով ակնյայտ է, որ Իրանի նախագահը զգուշացրեց, եթէ ԱՄՆ-ը կիրառի իրանական նաւթի արտահանման վրայ ամբողջական պատժամիջոցների ռեժիմ, ապա իրանական կողմը կարգելափակի ողջ տարածաշրջանից նաւթի ելքը, ինչը նշանակում է իրանցիները կրկին կօգտագործեն Հորմոզ նեղուցի խաղաքարտը»,- ասաց իրանագէտը՝ շեշտելով, որ նաւթային հռետորաբանութիւնը յօգուտ Իրանի է աշխատում:

Նա նշեց, որ այս պահի դրութեամբ նաւթի գները ձեռնտու են Իրանին՝ հաշւի առնելով երկրում տնտեսական խնդիրները:

Ոսկանեանի կարծիքով՝ Իրանի դէմ կիրառւում են նաեւ հոգեբանական պատերազմի տարրեր, սակայն երկրի ներսում իրավիճակը կառավարելի է:

«Իրանի ներսում ցանկացած գործընթաց անմիջականօրէն առնչւում է Հայաստանի անվտանգութեան որոշակի բաղադրիչներին՝ հաշւի առնելով հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնները, մեր եւ Իրանի սահմանի կարեւորութիւնը մեր պետութեան համար, ինչպէս նաեւ հաշւի առնելով այն, որ Իրանի հիւսիսում՝ ատրպատականում բնակւում են թուրքալեզուներ, որոնք կարող են վատագոյն սցենարի դէպքում նոյնպէս ընդգրկւել անջատողական շարժումների մէջ»,- նշեց Ոսկանեանը:

Նա մտահոգութիւն յայտնեց նաեւ, որ վերջին շրջանում Հայաստան-Իրան յարաբերութիւնները ինչ-որ առումով մոռացութեան է տրւել. «Մեր հասարակութեան ուշադրութիւնն այս պահին սեւեռւած է ներքաղաքական, առանձին մանր սկանդալային դէպքերի վրայ, եւ մենք շատ դէպքերում մոռանում ենք մեզ համար շատ կարեւոր խնդիրներ՝ կենտրոնանալով կենցաղային գործընթացների վրայ: Մենք Իրանի հետ աշխատելու յստակ ծրագիր պէտք է ունենանք, իսկ այսօր, կարծում եմ, Իրանի հետ աշխատելու յստակ տեսալական պետական մակարդակում չկայ, ցաքուցրիւ է միայն: Սա բաց է, որը պէտք է հնարաւորին արագ եւ որակեալ կերպով լրացւի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։