Հա

Քաղաքական

12/07/2018 - 13:00

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ ֆինանսների եւ մշակոյթի նախարարների հետ

Յուլիսի 11-ին, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազեանի եւ մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:

«alikonline.ir» - Յուլիսի 11-ին, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազեանի եւ մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:

Սաջջադի-Ջանջուղազեան հանդիպման ժամանկ կողմերը քննարկել են հայ-իրանական առեւտրաշրջանառութեան զարգացմանը, մասնաւորապէս՝ տարանցիկ բեռնափոխադրումների մասով փոխադարձ նպաստաւոր պայմանների ստեղծմանն առնչւող հարցեր:

Նախարար Ջանջուղազեանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը, ինչպէս նաեւ զարգացնել յարաբերութիւնները այլ ուղղութիւններով:

Դեսպան Սաջջադին էլ ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնները մշտապէս եղել են թափանցիկ, ինչն էլ իր հերթին նպաստել է համագործակցութեան շարունակականութեանը եւ ընդլայնմանը:

Կողմերը քննարկել են նաեւ հարկային քաղաքականութեան եւ վարչարարութեան բարելաւմանը, «Մեղրի» ազատ տնտեսական գօտուն, Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրին առնչւող եւ մի շարք այլ հարցեր:

Սաջջադի-Մակունց հանդիպման ժամանակ դեսպան Սաջջադին նշել է. «Ես մեծ կարեւորութիւն եմ տալիս մշակութային համագործակցութեանը, որովհետեւ մշակոյթն է միջազգային այն լեզուն, որի միջոցով հնարաւոր է զարգացնել յարաբերութիւնները բոլոր ոլորտներում, այդ թւում՝ քաղաքական, տնտեսական: Մշակոյթի ոլորտում ակտիւ եւ արդիւնաւէտ համագործակցութեամբ մենք կարող ենք դառնալ լաւ օրինակ միւս ոլորտների համար»:

Նախարար Մակունցն էլ ընդգծել է, որ տարբեր երկրների հետ մշակութային ակտիւ համագործակցութիւնը Հայաստանի կառավարութեան որդեգրած քաղաքականութեան հիմքում է: Նա կարեւորել է, մասնաւորապէս՝ գրահրատարակչութեան, հայ պոէզիայի թարգմանութեան, կինոյի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպէս նաեւ հայ-իրանական աշուղական փառատօնի կազմակերպման շուրջ կոնկրետ քննարկումներ սկսելը:

Դեսպան Սաջջադին յիշեցրել է, որ մշակոյթի ոլորտում հայ-իրանական համագործակցութեան հնարաւորութիւններն անսահմանափակ են:

Հանդիպման աւարտին կողմերն արձանագրել են, որ մտնում են հայ-իրանական մշակութային համագործակցութեան նոր փուլ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։