Հա

Քաղաքական

15/07/2018

Հանրապետութեան նախագահը յանձնարարել է ուսումնասիրել աւտոմեքենաների ներմուծման հետ կապւած խախտումները

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարին յանձնարարել է ուսումնասիրել աւտոմեքենանրի ներմուծման հետ կապւած աղմկայարոյց խախտումները, եւ ուսումնասիրութեան արդիւնքների մասին զեկուցել հասարակութեանն ու դատական մարմիններին:

«alikonline.ir»- Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի նախարարին յանձնարարել է ուսումնասիրել աւտոմեքենանրի ներմուծման հետ կապւած աղմկահարոյց խախտումները, եւ ուսումնասիրութեան արդիւնքների մասին զեկուցել հասարակութեանն ու դատական մարմիններին:

Նախագահի յանձնարարականում յատուկ ընդգծւած է, որ անվտանգութեան նախարարութեան զեկոյցի համաձայն՝ արտասահմանեան աւտոմեքենաների ներմուծման պատւէրների գրանցումը տեղի է ունեցել խարդախութեամբ եւ օրէնքի կոպիտ խախտումով, ինչի արդիւնքում էլ ոմանց յաջողւել է ապօրինի շահոյթ ապահովել՝ իւրացնելով մեծ գումարներ:

Հանրապետութեան նախագահի յանձնարարականում նշւած է, որ ներմուծման համար ձեւակերպւած պատւէրներում խարդախութեամբ փոխւել է օրդերների գրանցման թւականը, ներմուծւող ապրանքատեսակի անւանումը եւ գումարի փոխանցման ձեւն ու ժամանակը:

Նոյն յանձնարարականով, դոկտ. Ռոհանին իրաւական հարցերով իր տեղակալին յանձնարարել է ի մի բերելով խնդրի հետ կապւած բոլոր ուսումնասիրութիւնների արդիւնքները, դատական հայց յարուցել օրինախախտների դէմ՝ հանրութեանը պատճառած վնասի վերականգնման նպատակով, իսկ Դատական ուժի ղեկավարին էլ կոչ է արել յատուկ ուշադրութեամբ եւ արագացւած կարգով ընթացք տալ դատական հայցին:

Յիշեցնենք, որ յանձնարարականը վերաբերում է հասարակական մեծ հնչեղութիւն ստացած արտասահմանեան աւտոմեքենաների ներմուծման հետ կապւած բացայայտմանը:

Շուրջ մէկ ամիս առաջ պարզ դարձաւ, որ որոշ անձինք շրջանցելով օրէնքը, ստացել են պետական գնով դոլար, որն էլ օգտագործել են մեծ քանակութեամբ արտասահմանեան թանկարժէք աւտոմեքենաների ներմուծման համար՝ գոյացնելով ապօրինի մեծ շահոյթ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։