Հա

Քաղաքական

15/07/2018

Ադրբեջանը «հայկական հետք» է փնտրում, իսկ Թեհրանը յեղափոխական «ողջոյն» է յղում Բաքւին

Ադրբեջանի հակաիրանական քաղաքականութիւնը գնալով աւելի մեծ անհանգստութիւն է առաջացնում Թեհրանում, որն ակնյայտ նախազգուշացումներ է ուղարկում Բաքւին։ 

«alikonline.ir» - Ադրբեջանի հակաիրանական քաղաքականութիւնը գնալով աւելի մեծ անհանգստութիւն է առաջացնում Թեհրանում, որն ակնյայտ նախազգուշացումներ է ուղարկում Բաքւին։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Գեանջայում տեղի ունեցած անկարգութիւնները ցոյց տւեցին, որ Ադրբեջանի գործող իշխանութիւնների համար սպառնալիք է հանդիսանում ոչ թէ աշխարհիկ «ձեռնասուն» ընդդիմութիւնը, որին ղեկավարութիւնը ձեռքի տակ է պահում, այլ ընդհատակեայ գործող իսլամական ուժերը։

Իշխանութիւնների պաշտօնական վարկածի համաձայն` յուլիսի 10-ին, ժամը 20:00-ին Գեանջայում մի խումբ անձինք փորձել են ապօրինի ակցիա անցկացնել քաղաքի գործադիր իշխանութեան շէնքի դիմաց։ Ենթադրաբար արմատական կողմնորոշում ունեցող մօտ երկու հարիւր անձանցից բաղկացած խումբը փորձել է անկարգութիւններ իրականացնել, խաթարել քաղաքի կայունութիւնը։ Իրավախախտները, անտեսելով ոստիկանութեան աշխատակիցների նախազգուշացումները, դիմադրել են իրաւապահներին եւ բութ ու կտրող-ծակող առարկաներ են կիրառել։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը յայտարարել է` Գեանջայում անկարգութիւններ կազմակերպելու փորձը ցոյց է տալիս, որ արտաքին ուժեր կան, որոնց Ադրբեջանի զարգացումը ձեռնտու չէ։ Ընդ որում, ըստ նրա, խօսքը ոչ միայն Հայաստանի, այլեւ «որոշակի արտաքին ուժերի» մասին է։ Պարզւում է` արտաքին ուժն Իրանն է։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովն էլ, առանց երկար-բարակ մտածելու, Գեանջայում լարւածութիւն հրահրելու համար ուղիղ մեղադարնք է հնչեցրել Իրանի հասցէին։ Նրա խօսքով` «կա՛մ Ադրբեջանին որեւէ բան են ուզում ցոյց տալ, կա՛մ Իրանի ղեկավարութեան արմատական շրջանակները փորձում են ապակայունացնել Ադրբեջանի իրավիճակը եւ շիաների ու սունիների միջեւ բախումների հանգեցնել»։

ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ուշադրութիւն է դարձնում այն հանգամանքին, որ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական խմբերը գործում են ոչ միայն Ապշերոնի թերակղզու տարածքում (թուրքալեզու դարձած թաթերի) եւ ծայրամասային հարաւ-արեւելքում (թալիշների շարքում), որտեղ շիաների քաղաքական իսլամը միշտ ուժեղ դիրքեր է ունեցել։

Հէնց այնտեղ են եղել հիմնական ընդդիմադիր կառոյցները, սակայն Գեանջայի իրադարձութիւնները ցոյց տւեցին, որ նրանք գործում են նաեւ Ադրբեջանի հիւսիս-արեւմուտքում, երկրի` մեծութեամբ երկրորդ քաղաքում։

«Սա վկայում է, որ Ադրբեջանի տարբեր հատւածներում բաւականաչափ շատ են այն մարդիկ, որոնք կարող են բողոքի ակցիաներ կազմակերպել եւ իրականացնել, ինչն էլ իր հերթին կարող է ճգնաժամային իրավիճակների հանգեցնել»,- ասաց Ոսկանեանը։

Փաստօրէն ընդդիմութիւնը, որը ոչ ուղիղ ձեւով, բայց սատարում է Իրանին, հաւատարիմ լինելով իրանական նշանակութեան քաղաքական իսլամին, սկսում է լուրջ դեր խաղալ Ադրբեջանում։ Հէնց նրանք են դառնում իշխանութեան հիմնական ընդդիմութիւնը։

Նրա խօսքով` ակնյայտ է, որ երկար տարիների ընթացքում իրանցիներն աշխատել են Ադրբեջանում հասարակ մարդկանց հետ, այն ժամանակ, երբ Թուրքիան աշխատում էր քաղաքական, ազգայնական վերնախաւի հետ։

«Արդիւնքում այնպիսի իրավիճակ է ստեղծւել, երբ վերեւները թուրքամէտ եւ հակաիրանական (վերջինս կարող է յաճախ թաքցւել) տրամադրւածութիւն ունեն, իսկ ներքեւի խաւում կան որոշակի թւով հաւատացեալներ, որոնց շարքերում ուժեղ է իրանամէտ տրամադրւածութիւնը»,- ասաց Ոսկանեանը։

Հասարակութիւնը Թուրքիայի եւ Իրանի նկատմամբ համակրանքի հարցում երկու մասի է բաժանւած։ Դա, ըստ Ոսկանեանի, ծխացող օջախ է, որը կարող է ցանկացած պահի բռնկել։

Իզուր չէին իրանցիները ակտիւ քաղաքականութիւն տանում Իրանի հոգեւոր կենտրոններում առանձին մարդկանց վերապատրաստման ուղղութեամբ, որից յետոյ Ադրբեջանում իրանամէտ համայնքներ ստեղծւեցին։

«Որոշակի իքս ժամի այդ բոլոր իրանամէտ համայնքների միաժամանակեայ գործողութիւնները կարող են յանգեցնել նրան, որ Ադրբեջանում իրանական ձեւով իսլամական յեղափոխութիւն իրականացւի։ Այս սցենարի իրականացման հաւանականութիւնը գիտակցում է նաեւ Ադրբեջանի ղեկավարութիւնը, եւ նրանց գործողութիւններից ելնելով` կարելի է ենթադրել, որ դա ամենավատ սցենարն է գործող իշխանութիւնների համար»,- ասաց Ոսկանեանը։

«Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար Կարէն Վերանեանն իր հերթին «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում համոզմունք յայտնեց, որ Իրանը կարող է ազդել Ադրբեջանում տիրող իրավիճակի վրայ իսլամամէտ ուժերի օգնութեամբ` յիշեցնելով Նարդարանում տեղի ունեցած դէպքերը։

«Գեանջայի իրադարձութիւնները կարող են պայմանաւորւած լինել Թեհրանի անմիջական միջամտութեամբ։ Բանն այն է, որ տարածաշրջանային գործընթացներում մի կողմից ակտիւօրէն ներգրաււած է Թուրքիան, միւս կողմից` Իսրայէլը (մասնաւորապէս ռազմատեխնիկական եւ հետախուզական ծառայութիւնների համագործակցութիւնը)։ Իրանին դա դուր չի գալիս»,- ասաց Վերանեանը։

Փորձագէտը նշեց` կարծիքներ կան, որ Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած պայթիւնը տեխնիկական խնդիր չէր։ Այն կարող էր պայմանաւորւած լինել կողմնակի միջամտութեամբ, այստեղ նաեւ Իրանի ձեռքի գործն են տեսնում։

Թեհրանին, նրա խօսքով, դուր չի գալիս ոչ միայն Ադրբեջանում Իսրայէլի ակտիւութիւնը, այլեւ ագրեսիւ յայտարարութիւնների ուժեղացման միտումները եւ Արցախի հետ սահմանին Բաքւի զօրավարժութիւնների քանակը։

«Իրանին ձեռնտու չէ, որ իր սահմանին կրկին ռազմական գործողութիւնների վտանգ առաջանայ»,- ասաց Վերանեանը։

Նա նշեց, որ այդ իրադարձութիւնները կարելի է Բաքւի իշխանութիւններին որոշակի նախազգուշացում համարել, որպէսզի ապագայում նրանք հրաժարւեն սրել տարածաշրջանի իրավիճակը։

Ընդ որում, Վերանեանը կարծում է, որ երկրների միջեւ անմիջական բախում չի լինի։ Ամենայն հաւանականութեամբ, որոշակի լատենտ գործընթացներ կը լինեն։ Սակայն տեղի ունեցած իրադարձութիւնները կարելի է մեսիջ համարել այն մասին, որ երկկողմ յարաբերութիւնները պէտք է կարգաւորել։

Իրանի միջուկային ծրագրի հետ կապւած մի շարք խնդիրներ կան, օղակն աստիճանաբար սեղմւում է, եւ Թեհրանը փորձում է կանխել այդ գործընթացում Ադրբեջանի մասնակցութիւնը։

Նշենք նաեւ, որ յուլիսի 13-ին Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը «յայտնաբերեց» լաւ քողարկւող, սակայն սպասելի «արմատական կրօնական-ծայրայեղական կազմակերպութիւնների սերտ կապը Հայաստանի յատուկ ծառայութիւնների հետ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։