Հա

Քաղաքական

21/07/2018 - 15:10

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «ԱՄՆ-ի հետ բանակցելն անօգուտ է»

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ յուլիսի 21-ին հանդիպել է ԱԳ նախարարի, նախարարութեան պատասխանատուների, արտերկրում Իրանի դեսպանների եւ դիւանագիտական ներկայացուցիչների հետ:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին այսօր՝ յուլիսի 21-ին հանդիպել է ԱԳ նախարարի, նախարարութեան պատասխանատուների, արտերկրում Իրանի դեսպանների եւ դիւանագիտական ներկայացուցիչների հետ:

Իր ելոյթում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը երկրի ազգային շահերի գոյացումն ու ամրապնդումը համարել է արտաքին քաղաքականութեան գլխաւոր նպատակը եւ նշել է, որ յեղափոխական հոգեբանութեան եւ խելամիտ դիւանագիտութեան շնորհիւ հնարաւոր է ընդլայնել արտաքին յարաբերութիւններն ու համակարգի ուժի եւ հզօրութեան ցուցիչները վերածել քաղաքական եւ դիւանագիտական ձեռքբերումների ամրապնդման գրաւականի:

Ազգային շահերը համարելով համակարգի ընդհանուր քաղաքականութեան եւ արժեհամակարգի բաղադրիչ մասը, այաթ. Խամենէին ասել է, որ դիւանագիտական համակարգը ջանք չպէտք է խնայի դրանց գոյացման, ամրագրման եւ պահպանման գործում:

Անդրադառնալով «գաղափարական դիւանագիտութեան» թեմային, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ ոմանք թիւրիմացաբար բարձրաձայնում են, դիւանագիտութիւնը գաղափարախօսութիւնից տարանջատելու անհրաժեշտութեան մասին, մինչդեռ դա սխալ եւ անտրամաբանական մօտեցում է:

«Գաղափարախօսութիւնը կոչւած է պահպանելու ազգային շահերը եւ համարւում է ցանկացած ժողովրդի նկարագրի բաղադրիչ մասը»,- ասել է յեղափոխութեան առաջնորդը:

Ակնարկելով Իրանի դէմ ծաւալւած հոգեբանական պայքարին, այաթ. Խամենէին նշել է, որ այդ պայքարն արդիւնաւորելու նպատակով թշնամին անընդհատ փորձում է իրանոֆոբիա տարածել եւ շեփորել Իրանում ազատութեան խիստ սահմանափակումների, մարդու հիմնարար իաւունքների եւ ժողովրդավարութեան խախտման անհիմն մեղադրանքների մասին: Դրա դէմ պայքարելու համար, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն արտերկրում իրանցի դիւանագէտներին յորդորել է մշտապէս հանդէս գալ ուժի, իրաւունքի եւ իրաւացիութեան դիրքերից:

Խօսելով Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների մասին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը երկրի հիմնախնդիրների կարգաւորումը ԱՄՆ-ի հետ բանակցելու կամ յարաբերութիւններ կառուցելու հետ կապելն «ակնյայտ սխալ» է անւանել. «ԱՄՆ-ն Իսլամական համակարգի հետ արմատական եւ սկզբունքային խնդիր ունի»,- ասել է այաթ. Խամենէին՝ նշելով, որ ԱՄՆ-ը ձգտում է Իրանում վերականգնել նախայեղափոխական շրջանի իր դիրքն ու ազդեցութիւնը եւ դրանից պակասով չի բաւարարւելու:

Իրանի միջուկային կարողականութեան եւ տարածաշրջանային ազդեցութեան հետ կապւած ԱՄՆ-ի ժխտողական վերաբերմունքն այաթ. Խամենէին համարել է Իսլամական համակարգի հզօրութեան հետ նրանց արմատական թշնամանքի արդիւնքը, եւ նշել է, որ Իրանի տարածաշրջանային ներկայութիւնն ու ազդեցութիւնն Իրանի անվտանգութեան բաղադրիչներից մէկն է, որն ունի ռազմավարական նշանակութիւն:

Նա կրկին յիշեցրել է, որ ամերիկացիներն անվստահելի են ու նրանց չպէտք է վստահել. «Ես մշտապէս յիշեցրել եմ, որ չի կարելի վստահել ամերիկացիների խօսքին, եւ ստորագրութեանը: Ուրեմն նրանց հետ բանակցելն անօգուտ է»,- ընդգծել է նա:

Նշենք, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ելոյթից առաջ, Իրանի արտաքին քաղաքականութեան գերատեսչութեան գործունէութեան վերաբերեալ համապարփակ զեկոյցով հանդէս է եկել ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։