Հա

Քաղաքական

22/07/2018

Ռոհանին՝ Թրամփին. «Առիւծի պոչի հետ չխաղա՛լ»

Իրանցիներն յայտնի են արժանապատւութեամբ: Պատմութեան ողջ ընթացքում տարածաշրջանի ծովային ուղիների անվտանգութեան երաշխաւորողն ենք եղել. Պրն. Թրամփ առիւծի պոչի հետ մի խաղա՛յ, կը փոշմանես:

«alikonline.ir» - Իրանցիներն յայտնի են արժանապատւութեամբ: Պատմութեան ողջ ընթացքում տարածաշրջանի ծովային ուղիների անվտանգութեան երաշխաւորողն ենք եղել. Պրն. Թրամփ առիւծի պոչի հետ մի խաղա՛յ, կը փոշմանես:

Ինչպէս հաղորդում է ԻՍՆԱ-ն՝ այսօր, արտերկրում Իրանի դիւանագիտական ներկայացուցիչների համագումարի ժամանակ նման յայտարարութեամբ է հանդէս եկել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Իր ելոյթում նախագահն ակնարկելով Իրանի դէմ ԱՄՆ-ի սադրած վերջին դաւադրութիւններին, նշել է, որ դրանց նպատակը միանշանակ է. յոգնեցնել եւ ծնկի բերել Իրանի ժողովրդին. «Իմացէ՛ք. Իրանի ժողովուրդը տիրոջ հոգեբանութիւն ունի, երբեք որեւէ մէկի ծառան չի դառնայ»,- շեշտել է նա:

Անդրադառնալով իրանական նաւթի արտահանումը արգելափակելու դէպքում, Հորմոզի նեղուցով այլ երկրների նաւթի մատակարարումները դէպի միջազգային շուկայ արգելափակելու իր յայտարարութեանը, դոկտ. Ռոհանին նշել է, որ կան բազմաթիւ նեղուցներ. Հորմոզը դրանցից մէկն է. «Չէք կարող Իրանի ժողովրդին սադրել սեփական երկրի անվտանգութեան եւ շահերի դէմ»,- ասել է նա:

Իսկ ինչ վերաբերում է Իրանի ժողովրդին «աջակցելու» մասին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների վերջին յայտարարութիւններին, դոկտ. Ռոհանին դրանք անմիտ ու անիմաստ է համարել:

«Իրանի ժողովրդին պատերազմ էք յայտարարում ու խօսո՞ւմ էք նրան աջակցելու եւ հովանաւորելու մասին: Տարածաշրջանով մէկ տարածւել էք, հասկացէ՛ք վերջապէս, թէ ինչ էք ասում»,- ասել է Հանրապետութեան նախագահն՝ ընդգծելով. «Ամերիկացիները պէտք է գիտակցեն, որ Իրանի հետ խաղաղութիւնը, դա նոյն ինքը՝ բոլոր խաղաղութիւնների մայրն է, իսկ պատերազմը՝ նոյն ինքը՝ բոլոր պատերազմների մայրը»:

Նա յստակեցրել է, որ Իրանը երբեւէ չի ընկրկելու սպառնալիքների դէմ. «Այսօր, առաւել քան երբեւէ, միակամ ենք: Սպառնալիքները մեզ աւելի միասնական են դարձնում, եւ մենք անկասկած պարտութեան կը մատնենք ամերիկացիներին: Որոշակի բան կը վճարենք, սակայն, աւելին կը շահենք»,- յայտնել է դոկտ. Ռոհանին:

Միջուկային համապարփակ համաձայանգիրը համարելով Իրանի միջուկային ծրագրի դէմ ԱՄՆ-ի 12-ամեայ դաւադրութիւնների պարտութեան ապացոյցը, նախագահը նշել է, որ համաձայնագրի հարցով ողջ աշխարհին դէմ գնալով, ԱՄՆ-ը յայտնւել է մեկուսացած վիճակում. «Չպէտք է թոյլ տանք, որ նա յաղթահարի այդ վիճակը»,- ասել է նա:

Խօսելով Իրանի դէմ ԱՄՆ թշնամանքի մասին, դոկտ. Ռոհանին նշել է, որ ամերիկեան վարչակազմը Իսլամական Հանրապետութեան դէմ փորձել է հնարաւոր ամէն ինչ. տապալում, թուլացում, պատերազմ, անջատողականութիւն... «Հիմա էլ միջուկային տեխնոլոգիաների պատրւակով փորձում է պատժամիջոցները»,- ասել է նա:

Անդրադառնալով Իրանի տարածաշրջանային ազդեցութեան թեմային, դոկտ. Ռոհանին յստակեցրել է. «Իրանի ռազմավարական խորքն արեւելքում ձգւում է մինչ Հնդկական թերակղզի, արեւմուտքից մինչ Միջերկրական ծով, հարաւից մինչ Կարմիր ծով, իսկ հիւսիսից մինչ Կովկաս: Իրանի ազդեցութիւնը տարածաշրջանում պայմանաւորւած է պատմական եւ քաղաքակրթական գործօններով, իսկ տարածաշրջանի նկատմամբ մեր յանձնառութիւնը՝ մեր իսլամական-ազգային նկարագրով»:

Յիշեցնելով, որ իրանական քաղաքակրթութիւնը հիմնւած է խաղաղասիութեան եւ հարեւաններին օգնելու սկզբունքների վրայ, դոկտ. Ռոհանին ասել է, թէ պարտութեան մատնելով ԴԱԷՇ-ին տարածաշրջանի ժողովրդներին փրկել ենք մեծ արհաւիրքից եւ հպարտ ենք դրանով:

Նա յիշեցրել է, որ Իրանը միշտ էլ ձգտել է աշխարհի եւ հարեւանների հետ լաւ յարաբերութիւններ ձեւաւորել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։