Հա

Քաղաքական

05/08/2018 - 10:50

Վարդան Ոսկանեան. «Պէտք չէ մեր հասարակութեան մէջ լրացուցիչ վախեր եւ անհանգստութիւններ առաջացնել Իրանում տեղի ունեցող իրադարձութիւնները քննարկելիս»

Իրանում դժգոհութիւններ մշտապէս եղել են եւ կան․ ինչպէս ցանկացած քաղաքակիրթ երկրում, այնպէս էլ այստեղ տարբեր սոցիալական եւ հասարակական խմբեր գրեթէ մշտապէս իրենց բողոքն արտայայտում են, որեւէ արտառոց երւեոյթ չկայ:

«alikonline.ir» - Իրանում դժգոհութիւններ մշտապէս եղել են եւ կան․ ինչպէս ցանկացած քաղաքակիրթ երկրում, այնպէս էլ այստեղ տարբեր սոցիալական եւ հասարակական խմբեր գրեթէ մշտապէս իրենց բողոքն արտայայտում են, որեւէ արտառոց երւեոյթ չկայ:

«tert.am»-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ խօսելով այս օրերին Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցող ցոյցերի մասին:

«Խնդիրն այն է, որ երբ սրւում են Իրան-Միացեալ Նահանգներ յարաբերութիւնները, Իրանում տեղի ունեցող ցոյցերի մասին որոշ լրատւամիջոցներ ուռճացւած կերպով տեղեկատւութիւն են տարածում՝ փորձելով տպաւորութիւն ստեղծել, որ Իրանի ներսում իբր աննախադէպ զանգւածային բողոքի գործընթաց է սկսւել»,- ասաց նա:

Նշենք, որ Իրանի մի շարք խոշորագոյն քաղաքներում այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպւում՝ ազգային արժոյթի կտրուկ անկման ու տնտեսական իրավիճակի վատթարացման դէմ:

Ըստ սոցիալական ցանցերում տեղադրւած տեսանիւթերի՝ Սպահանում, Շիրազում, Մաշհադում, Քարաջում հարիւրաւոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ կառավարութեանը մեղադրելով անգործութեան մէջ:

Վարդան Ոսկանեանը նշեց, որ հիմա իսկապէս Իրանում որոշակի տնտեսական խնդիրներ կան, նա էլ նկատեց՝ հիմնական խոշոր խնդիրն ազգային արժոյթի արժեզրկումն է՝ համեմատած ամերիկեան դոլարի հետ:

«Դա, իհարկէ, որոշակի անհանգստութիւն բերում է իր հետ, բայց եթէ հաշւի առնենք, որ իրանական տնտեսութիւնն ինքնաբաւ է, եւ շատ դէպքերում դոլարի տատանումն զգալիօրէն չի ազդում այն մարդկանց առօրեայ կեանքի վրայ, որոնք աշխատավարձ են ստանում հէնց իրանական դրամով, ապա պէտք է արձանագրել՝ ազգային փոխարժէքի արժեզրկման ազդեցութիւնն էլ իրականում այն աստիճանի չէ, ինչ աստիճանի փորձ է արւում ներկայացնել»,- ասաց նա:

Ըստ լրատւամիջոցների՝ խնդիրը մտահոգել է նաեւ Իրանի խորհրդարանին: Պատգամաւորները մէկ ամիս ժամանակ են տւել նախագահ Հասան Ռոհանիին՝ տնտեսական ցածր աճի, ազգային արժոյթի կտրուկ անկման, գործազրկութեան մասին իրենց հարցերին պատասխանելու համար: Սրա հետ կապւած Վարդան Ոսկանեանը նշեց՝ Իրանում պատգամաւորները միշտ են խորհրդարանում տարբեր հարցեր բարձրացնում:

«Եթէ հետեւենք Իրանում ստեղծւած վիճակը բացասական կերպով ուռճացւած ներկայացնող լրատւամիջոցներին՝ կը տեսնենք նաեւ հակասութիւններ: Մի կողմից ցոյց է տրւում, որ Իրանը խիստ բռնատիրական, անհանդուրժողական, տոտալիտար երկիր է, միւս կողմից՝ տեղեկատւութիւն է հաղորդւում, որ Իրանում պարբերաբար տեղի են ունենում ցոյցեր, եւ խորհրդարանում կառավարութեան դէմ բարձրացւում են տարբեր խնդիրներ: Ստանում ենք հակասութիւն․ իրապէս տոտալիտար երկրներում ցոյցեր տեղի չեն ունենում, տոտալիտար երկրներում խորհրդարանում կառավարութեանը չեն մեղադրում եւ խստօրէն չեն քննադատում»,- ասաց նա:

Մի շարք լրատւամիջոցների կողմից Իրանում տեղի ունեցածը ուռճացւած ներկայացնելը, ըստ իրանագէտի, ունի հետեւեալ նպատակը՝ լրատւական ազդեցութեամբ պարբերաբար «ձնագնդիի էֆեկտով» մեծացնել այդ բողոքի գործողութիւնների շրջանակը, եւ երբ դրանք կունենան կրիտիկական զանգւած, դրանց հաղորդել նաեւ քաղաքական ենթատեքստ ու պահանջներ: «Միացեալ Նահանգները նպատակ ունի հասնել արդէն գրեթէ քառասուն տարի փայփայող իր նպատակին՝ Իրանում փոխել գործող վարչակարգը»,- նկատեց նա:

Իրանագէտը նաեւ նշեց, որ պէտք է նկատի առնել, որ այս օրերին եղած բողոքներն անպայման չէ, որ լինեն ողջ իշխանութեան դէմ: Ոսկանեանը պարզաբանեց. «Իրանական պետութեան կառուցւածքը ենթադրում է իշխանութեան մի քանի մակարդակների առկայութիւն: Երբ ասում ենք, որ քննադատում են Իրանի կառավարութեանը, դեռ չի նշանակում, որ քննադատում են ամբողջ իշխանական համակարգը: Իրանի կառավարութիւնը ձեւաւորւում է կոնկրետ ծրագրեր լուծելու համար, այն աւելի շատ տնտեսական եւ պակաս քաղաքական մարմին է, չնայած մի քանի առաջնային քաղաքական խնդիրներ էլ նրա վերահսկողութեան տակ են:

Բնականաբար, որոշ դէպքերում ցոյցերը կարող են տեղի ունենալ ոչ թէ մեզ համար դասական «ընդդիմութիւն-իշխանութիւն» կամ «դժգոհ զանգւած-իշխանութիւն» հարացոյցով, այլ հէնց իշխանութեան տարբեր մակարդակներում առկայ հակասութիւնների պատճառով»:

Հարցին, թէ ինչ կանխատեսումներ ունի՝ արդեօք հնարաւո՞ր է, որ Իրանում իսկապէս բողոքը իշխանութեան փոփոխութեան բերի, Վարդան Ոսկանեանը պատասխանեց՝ այդպէս չի կարծում:

«Իրանի հետ կապւած իրավիճակի որոշ մեկնաբանութիւններ մօտաւորապէս նման են մեր լրատւադաշտում պարբերաբար յայտնւող այն անհանգստութիւններին, թէ իբր վաղն Ադրբեջանի հետ պատերազմ կը սկսւի: Մենք տեսել ենք «վախճանաբանական կանխատեսումներ», որ վաղն Իրանում տեղի կունենայ գործող վարչակարգի տապալում, Իրանից փախստականները մեծ հոսքերով կը լցւեն Հայաստան, եւ այլն, եւ այլն: Անշուշտ, բոլոր՝ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական սցենարները պէտք է քննարկենք, բայց մեր հասարակութեան մէջ լրացուցիչ վախեր եւ անհանգստութիւններ առաջացնել պէտք չէ: Չեմ կարծում, որ իրանական պետութիւնն այս պահին գտնւում է ինչ-որ խոշոր կաթւածահարութեան եզրին։ Եթէ այդպէս լինէր, ապա աւելի լաւ տեղեկացւած ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակարգն Իրանի հետ բանակցութիւնների գնալու պատրաստակամութիւն չէր յայտնի»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։