Հա

Քաղաքական

09/08/2018 - 11:00

Կրկին պատժամիջոցներ. Կը դառնա՞ն դրանք Հայաստան-Իրան յարաբերութիւնների առաւել զարգացման խթան

Իրանի դէմ ուղղւած ամերիկեան պատժամիջոցները թէեւ ոչ անմիջականօրէն, բայց կանդրադառնան հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վրայ։ Մասնագէտները կարծում են, որ պէտք չէ դրամայի վերածել իրավիճակը, հակառակը` պէտք է համագործակցութեան նոր հնարաւորութիւններ փնտրել. օրինակ, ազատ տնտեսական գօտու շրջանակում ու տրանսպորտի ոլորտում։

«alikonline.ir» - Իրանի դէմ ուղղւած ամերիկեան պատժամիջոցները թէեւ ոչ անմիջականօրէն, բայց կանդրադառնան հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վրայ։ Մասնագէտները կարծում են, որ պէտք չէ դրամայի վերածել իրավիճակը, հակառակը` պէտք է համագործակցութեան նոր հնարաւորութիւններ փնտրել. օրինակ, ազատ տնտեսական գօտու շրջանակում ու տրանսպորտի ոլորտում։

Երկուշաբթի ուժի մէջ մտաւ Իրանի դէմ ուղղւած ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր ալիքը։ Պատժամիջոցները դադարեցւել էին 2015 թւականին միջուկային գործարքը կնքելուց յետոյ։

Ի թիւ մնացածի՝ սահամանափակումների մէջ են ընկնում թանկարժէք մետաղների վաճառքը, աւիացիոն ու աւտոմոբիլային արդիւնաբերութիւնը, իսկ նաւթի պատժամիջոցները կը վերականգնւեց նոյեմբերի սկզբից։

Բացի այդ, Վաշինգտոնը մտադիր է միջոցներ կիրառել Թեհրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ։

Բազում հայ փորձագէտներ ու մասնագէտներ վստահ են, որ պատժամիջոցների տնտեսական ազդեցութիւնն այդքան նկատելի չի լինի, քանի որ իրանցիները սովորել են շրջանցել դրանք։ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանեանն ասում է, իրանական տնտեսութեան ու պետութեան վիճակն, ընդհանուր առմամբ, հեռու է կրիտիկականից՝ չնայած երկրի դէմ կիրառւող բոլոր պատժամիջոցներին։

Այս բոլոր իրադարձութիւնները կողմնակի, բայց բաւականին զգալի ազդեցութիւն կունենան Հայաստանի վրայ։ Թէեւ, ընդհանուր առմամբ Հայաստանի նշանակութիւնն այդքան էլ մեծ չէ, սակայն երկկողմանի յարաբերութիւնների առումով այն բաւականին նշանաւոր է։ Հաշւի առնելով, որ Իրանը այն երկու անմիջական հարեւաններից մէկն է, որի միջոցով մեր երկիրը ելք ունի դէպի արտաքին աշխարհ, ապա պատժամիջոցների գործօնը տեսականօրէն կարող է մեզ որոշ անյարմարութիւն պատճառել։

Երբ Հայաստանը շրջափակման ամենադժւար օրերն էր ապրում, Իրանն այն երկրներից էր, որ անյապաղ օգնութեան եկաւ։ Վարդան Ոսկանեանը նշում է, որ երբ իրավիճակը փոխւեց, ու արդէն Իրանն էր ամենադաժան պատժամիջոցներից շրջանն էր ապրում, Ահմադինեժադի օրոք, Իրան-Հայաստան գազատարը կառուցւեց, այլ ոլորտներում սկսւեց փոխշահաւէտ համագործակցութիւն զարգանալ։

Ընդհանուր առմամբ՝ պատժամիջոցները խթանում են երկկողմ տնտեսական յարաբերութիւններում նոր հնարաւորութիւնների որոնումը, ու յաջողակ նախագծերը շարունակւում են արդէն սովորական վիճակում։

Մենք պէտք է, վերջապէս, գործարկենք Իրանի հետ սահմանի ազատ տնտեսական գօտին։ Ահա որտեղ կայ իսկական ներուժ, որի իրական ծաւալի մասին մենք դեռ ոչինչ չգիտենք։

Իհարկէ, չի կարելի պնդել, որ ամերիկեան պատժամիջոցները չեն անդրադառնայ Հայաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալի վրայ։ Մեղրիի ազատ տնտեսական գօտու հարցում պատժամիջոցները կարող են անդրադառնալ թէկուզ միայն բացասական սպասելիքների մակարդակով. գօտին նոր–նոր է սկսում գործարարներ ու հնարաւոր ներդրողներ գրաւել դէպի իրեն ու ԱՄՆ-ի կողմից տնտեսական ազդեցութեան սպառնալիքը կարող է վախեցնել նրանց։

Միաժամանակ որոշ մասնագէտներ ու փորձագէտներ կարծում են, որ այդ առումով Հայաստանի համար վտանգները չափազանցւած են, թէեւ չի կարելի դրանք լիովն բացառել։

ԱՄՆ նախագահը, օրինակ, ասում էր, որ հնարաւոր է պատժամիջոցներ կիրառւեն այն երկրների ու կազմակերպութիւնների դէմ, որոնք կաջակցեն Իրանի միջուկային ծրագրին. Հայաստանին նոյնիսկ մեծ ցանկութեան դէպքում հնարաւոր չէ դրա մէջ մեղադրել։

Հետաքրքիր է, որ հիմա Հարաւկովկասեան երկաթուղին հետաքրքրւում է Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու շինարարութեամբ։ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տնօրէնի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը երկաթուղու շինարարութիւնը լրիւ իրատեսական է համարում։

«Կարծում եմ` Իրան-Հայաստան երկաթուղին գործարկելը տեխնիկապէս հնարաւոր է։ Պարզապէս պէտք է աշխատել այդ ուղղութեամբ, ներդրումներ գտնել»,- «Sputnik Արմենիային» ասել էր Միշարինը։ Նախկինում էլ այդպիսի առաջարկութիւններ կային, սակայն գործը առաջ չէր գնում, բայց եթէ լուծւի ամենաբարդ` ներդրումների հարցը, ապա ոչ մի պատժամիջոց չի խանգարի շինարարութեանը։

Պէտք չէ դրամայի վերածել Իրանի դէմ կիրառվող պատժամիջոցները։ Իրանն այդ պետութիւնը չէ, որն այդ պատճառով կը կոտրւի, յատկապէս, որ մի շարք երկրներ ու նոյնիսկ ԵՄ–ն յայտարարում են, որ ամերիկեան պատժամիջոցներն անընդունելի են ու իրենք շարունակելու են համագործակցել Թեհրանի հետ եւ՛ միջուկային, եւ՛ տնտեսական ոլորտում։

Մենք էլ պէտք է հետեւենք իրադարձութիւններին ու ճիշտ տնտեսական որոշումներ կայացնենք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։