Հա

Քաղաքական

12/08/2018

Քաղաքագէտ. «Փաշինեանի այցն Իրան կը լինի աւելին, քան ծանօթութիւնն է»

«Հայ-իրանական օրակարգում ներկայումս 2 կարեւոր հարց կայ»,- այս մասին «168.am»-ի հետ զրոյցում ասաց իրանցի քաղաքագէտ Քէյհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Իրան կատարելիք այցի օրակարգին:

«alikonline.ir» - «Հայ-իրանական օրակարգում ներկայումս 2 կարեւոր հարց կայ»,- այս մասին «168.am»-ի հետ զրոյցում ասաց իրանցի քաղաքագէտ Քէյհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Իրան կատարելիք այցի օրակարգին:

Յիշեցնենք, որ ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը հանդիպել էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպանին, որից յետոյ ֆէյսբուքեան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանն առաջիկայում այցելելու է Իրան: «Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնութեան ու փոխգործակցութեան հարուստ պատմութիւնը՝ յոյս յայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի յարաբերութիւնները կը նպաստեն նրան, որ ունենանք նաեւ նոյնպիսի բարձր մակարդակի տնտեսական յարաբերութիւններ, ինչն էլ իր հերթին՝ կը նպաստի մեր անվտանգութեան կայունութեանը:

Դեսպան Սաջջադին նոյնպէս խօսել է մեր երկրների բացառիկ բարձր մակարդակի յարաբերութիւնների մասին, ընդգծել է, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնեայ հարեւանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ յարաբերութիւններ ունեցող գործընկերն է: Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ, ոչ բռնի յեղափոխութեան արդիւնքում ձեւաւորւած կառավարութեան ջանքերը երկու երկրների յարաբերութիւններն էլ աւելի խորացնելու ուղղութեամբ եւ կարեւորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ առաջիկայում նախատեսւող այցն ԻԻՀ, պատրաստակամութիւն յայտնեց աջակցելու, որ մեր երկրների համագործակցութիւնն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ»,- գրել էր Արմէն Գրիգորեանը:

Քէյհան Բարզեգարի խօսքով՝ Փաշինեանի Իրան կատարելիք այցից ակնկալիքները բազում են, քանի որ տարածաշրջանում եւ աշխարհում իրավիճակն Իրանի ու Հայաստանի շուրջ այդքան էլ հանգիստ չէ: Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի յարաբերութիւնների զարգացումը հէնց ներկայումս բացառիկ նշանակութիւն ունի՝ հաշւի առնելով Հայաստանի համար Ղարաբաղեան հակամարտութեան գօտում իրավիճակի սրման կարեւորութիւնը, իսկ Իրանի համար` ԱՄՆ սահմանած պատժամիջոցները:

«Բնականաբար, մեր երկրները բազում այլ խնդիրներ եւս ունեն, սակայն մեր երկրների համար կարեւոր են այս երկու հարցերը, որոնց յաղթահարման հարցում եւ Հայաստանը կարող է աջակցել Իրանին, եւ Իրանը` Հայաստանին: Բնականաբար, Հայաստանն ակնկալում է, որ Իրանը դրական եւ հայանպաստ դերակատարութիւն կունենայ ԼՂ հակամարտութեան գօտում իրավիճակի սրման եւ ոչ միայն կոնկրետ այդ գօտում, այլեւ Նախիջեւանի ուղղութեամբ իրավիճակի սրման պարագայում՝ ունենալով բաւականին հզօր ազդեցութիւն եւ ներկայութիւն Նախիջեւանում:

Այս հարցը ՀՀ նոր իշխանութիւնները քննարկել էին նաեւ Իրանի դեսպանի հետ: Սա այն թեման է, որտեղ Իրանը շահագրգիռ է խաղաղասիրական ներդրում ունենալ, ինչպէս նախագահ Ռուհանին է սովորաբար ասում: Իրանի համար այս դժւար ժամանակահատւածում Հայաստանի հաւասարակշռւած դիրքորոշումը Իրան-ԱՄՆ հակամարտութեան պարագայում եւս կարեւոր է Իրանի համար, քանի որ Իրանի համար Հայաստանը մի քանի վստահելի գործընկերներից մէկն է:

ՀՀ նոր իշխանութիւնների հետ ոչ միայն այս երկու թեմաները, այլեւ, կարծում եմ, երկկողմ յարաբերութիւնների ողջ ծաւալը կը քննարկւի, ընդհատւած պրոյեկտները, պատճառները եւ այն, թէ ինչպէս այդ ծրագրերին նոր շունչ հաղորդել, թարմացնել երկկողմ յարաբերութիւնները»,- ասաց Քէյհան Բարզեգարը:
Իրանցի քաղաքագէտի կարծիքով՝ հաշւի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնները, որոնց ցանկում միշտ նշւել է նոր իշխանութիւնների կողմից Իրանի հետ յարաբերութիւնների զարգացումը, այս այցը, ակնկալւում է, որ պէտք է լինի աւելին, քան ծանօթութիւնը:

«Այլ թեմաներից գուցէ քննարկւի էներգակիրների փոխանցման, «Հիւսիս-հարաւ» ծրագրի իրականացման, առաջացած խնդիրների, առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցը պատժամիջոցների պարագայում, «Մեղրի» ազատ առեւտրի գօտու, Իրան-Հայաստան-ԵԱՏՄ թեման եւ մի շարք այլ հարցեր»,- ասաց վերլուծաբանը:

Հարցին, թէ Իրանը ՀՀ նոր իշխանութիւններից ինչպիսի՞ քաղաքականութիւն է ակնկալում պատժամիջոցների առկայութեան եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների պարագայում, իրանցի քաղաքագէտը պատասխանեց, որ Հայաստանն ու Իրանը սովորաբար յաջողել են փոխըմբռնում գտնել ամենադժւար հարցերում՝ լինելով քրիստոնեայ եւ մուսուլման երկրներ:

«Կարծում եմ` առաջիկայում եւս դա յաջողւելու է: Հայաստանը կարող է գտնել ոսկէ միջինն ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնները չվատթարացնելու եւ Իրանի հետ յարաբերութիւնները զարգացնելու համար: Կարծում եմ` ամերիկեան կողմը չի կարող արգելել այլ երկրներին առեւտուր անել կամ յարաբերութիւններ զարգացնել Իրանի հետ՝ հաշւի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ը միջուկային գործարքում Իրանի իրականացրած քայլերը սխալ է գնահատել եւ դուրս եկել համաձայնագրից: Դա ԱՄՆ-ի ընկալումն է եղել»,- ասաց նա:

Նշենք նաեւ, որ օրերս իր թւիթերեան էջում ԱՄՆ նախագահ Թրամփը գրել էր. «Իւրաքանչիւրը, ով Իրանի հետ բիզնես կանի, բիզնես չի անի Միացեալ Նահանգների հետ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։