Հա

Քաղաքական

14/08/2018 - 14:20

Ամերիկեան պատժամիջոցներով պայմանաւորւած Իրանը եւ Թուրքիան ակտիւացնում են երկկողմ փոխգործակցութիւնը

Իրանի եւ Թուրքիայի վերջին երկու տասնամեակի յարաբերութիւնները բնութագրելիս արտաքուստ այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, թէ տարածաշրջանի այս երկու մրցակից երկրների յարաբերութիւնները մշտապէս լարւած են եւ առկայ է փոխադարձ անվստահութեան մթնոլորտ: Թէեւ մի շարք առանցքային հարցերում Իրանը եւ Թուրքիան ունեն լուրջ տարաձայնութիւններ, սակայն իրականում տարածաշրջանի այդ երկու ազդեցիկ պետութիւնները միմեանց հնարաւորութիւնները ճիշտ գնահատելով, կարողանում են փոխշահաւէտ համագործակցութիւն ծաւալել` յատկապէս տնտեսութեան ոլորտում: 

ԱՐՄԷՆ ԻՍՐԱՅԷԼԵԱՆ

 

Իրանի եւ Թուրքիայի վերջին երկու տասնամեակի յարաբերութիւնները բնութագրելիս արտաքուստ այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, թէ տարածաշրջանի այս երկու մրցակից երկրների յարաբերութիւնները մշտապէս լարւած են եւ առկայ է փոխադարձ անվստահութեան մթնոլորտ: Թէեւ մի շարք առանցքային հարցերում Իրանը եւ Թուրքիան ունեն լուրջ տարաձայնութիւններ, սակայն իրականում տարածաշրջանի այդ երկու ազդեցիկ պետութիւնները միմեանց հնարաւորութիւնները ճիշտ գնահատելով, կարողանում են փոխշահաւէտ համագործակցութիւն ծաւալել` յատկապէս տնտեսութեան ոլորտում: Իրանի եւ Թուրքիայի տնտեսութիւնները տարբեր թելերով կապւած են միմեանց, հետեւաբար քաղաքական լարւածութիւններ առաջանալիս կողմերը փորձում են տնտեսութիւնը հեռու պահել:

Ներմուծման ծաւալների ցուցանիշով Թուրքիան Իրանի 4-րդ, իսկ արտահանման ցուցանիշներով՝ 5-րդ գործընկերն է: 2012 թ. ռեկորդային ցուցանիշ է գրանցւել՝ Իրանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշրջանառութիւնը կազմել է 22 մլրդ. դոլար: 2014 թ. սկսած աստիճանաբար անկում է գրանցւել՝ կազմելով 15 մլրդ. դոլար:

Ինչպէս 2016 թ., այնպէս էլ 2017թ. երկկողմ արտաքին առեւտուրը կազմել է 11 մլրդ. դոլար: Իրանի եւ Թուրքիայի իշխանութիւնները նպատակ են դրել առեւտրի ծաւալները մեծացնել՝ հասցնելով 30 մլրդ. դոլարի, դրա մասին յայտարարւում է բարձր մակարդակի գրեթէ բոլոր հանդիպումների ժամանակ:

Թուրքիան այն եզակի երկրներից է, որի հետ Իրանը «նախընտրելի ատեւտրային ռեժիմի մասին» համաձայնագիր է ստորագրել, որը կողմերից իւրաքանչիւրին թոյլ է տալիս ցածր մաքսատուրքերով շուրջ 140 ապրանքատեսակ արտահանել եւ ներմուծել:

Ինչ վերաբերում է քաղաքական յարաբերութիւններին, ապա Հասան Ռուհանիի նախագահութեան շրջանում երկկողմ յարաբերութիւններում զարգացման դրական դինամիկա արձանագրւել: 2014 թ. Իրանի նախագահը 18 տարւայ ընդմիջումից յետոյ այցելել է Թուրքիա: Վերջին անգամ 1996 թ. ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին էր այցելել Անկարա:

Իսկ 2017 թ. օգոստոսին Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին էր այցելել Թուրքիա. Իսլամական յեղափոխութիւնից ի վեր առաջին անգամն էր, երբ իրանցի բարձրաստիճան զինւորական էր մեկնում Թուրքիա:

Սակայն նշենք, որ վերջին տարիներին երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների փոխայցելութիւնները միշտ ուղեկցւել են անակնկալներով. կամ դրանք վերջին պահին չեղեալ են յայտարարւել, կամ էլ տեղի են ունեցել չնախատեսւած այցեր, որոնք առանձնապէս չեն էլ լուսաբանւել:

Անդրադառնալով անվտանգութեան խնդիրներին եւ տարածաշրջանային համագործակցութեան ը՝ պէտք է նշել, որ թէեւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ Իրանի եւ Թուրքիայի շահերը բախւում են, սակայն կողմերին սպառնացող վտանգի դէպքում երկու երկրներն անմիջապէս մի կողմ են դնում տարաձայնութիւնները եւ անցնում ակտիւ համագործակցութեան : Դա տեղի ունեցաւ ինչպէս 2017 թ. Իրաքի Քրդստանում տեղի ունեցած անկախութեան հանրաքւէի եւ Կատարի շուրջ զարգացումների, այնպէս էլ թուրք-իրանական մերձեցում է նկատւում նաեւ ներկայում, երբ Միացեալ Նահանգները գրեթէ միաժամանակ պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի եւ Անկարայի նկատմամբ:

Օգոստոսի 9-ին Իրանի նախագահի յատուկ բանագնաց, ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաէզին այցելել էր Անկարա: Ուշագրաւ է, որ Իրանի նախագահի յատուկ բանագնացը մէկ օրւայ ընթացքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի, արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի եւ առեւտրի նախարար Ռուհսար Փեքջանի հետ:

Բնականաբար Իրանի նախագահի յատուկ բանագնացի անակնկալ այցն Անկարա առաջին հերթին պայմանաւորւած էր Միացեալ Նահանգների նախագահի՝ վերջին օրերին Իրանի եւ Թուրքիայի հանդէպ իրականացրած գործողութիւններով: Վաէզիի՝ Անկարա կատարած այցի վերաբերեալ հաղորդագրութիւնն ուսումնասիրելիս նկատում ենք, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնեաների հետ հանդիպման առանցքային թեման եղել է Միացեալ Նահանգների գործողութիւնները եւ այդ համատեքստում ընդգծւել է առկայ մարտահրաւէրներն Իրանի եւ Թուրքայի համատեղ ջանքերի միջոցով յաղթահարելու անհրաժեշտութիւնը:

Իհարկէ, Անկարա-Վաշինգտոն «հակամարտութիւնը» չէր կարող չօգտագործւել Իրանի կողմից, եւ այդ առնչութեամբ «Twitter»-ի իր էջում ուշագրաւ գրառում էր կատարել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի՝ որպէս ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող դաշնակցի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումն ամօթալի է:

Անդրադառնալով Միացեալ Նահանգների կողմից Իրանի եւ «5+1 խմբի» միջեւ ստորագրւած միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմումից եւ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցները վերականգնելու մասին հրամանագրի ստորագրումից յետոյ Իրանի շուրջ ստեղծւած իրավիճակին, պէտք է նշել, որ այո, Իրանի տնտեսութիւնը գտնւում է ճգնաժամային իրավիճակում, սակայն դրա հիմնական պատճառն ամերիկեան պատժամիջոցները չեն, դրանք պարզապէս աւելի սրեցին դեռ մէկ տարի առաջ Իրանում առաջացած տնտեսական լարւածութիւնը: Գուցէ եւ հակասական թւայ, սակայն ստեղծւած իրավիճակում ամերիկեան պատժամիջոցներն ինչ-որ չափով կարող են նաեւ օգտակար լինել Իրանի կառավարութեան համար, որը երկրում առկայ տնտեսական խնդիրները կարող է կապել պատժամիջոցների հետ:

Իսկ ինչ վերաբերում է արտաքին մարտահրաւէրներին, մասնաւորապէս ամերիկեան պատժամիջոցներին, ապա ներկայիս իրավիճակը զգալիօրէն տարբերում է մինչեւ միջուկային համաձայնութեան ը (2015թ.) նախորդող ժամանակաշրջանից:

Եւրոպայի՝ մասնաւորապէս ԵՄ-ում մեծ ազդեցութիւն ունեցող Գերմանիայի՝ ամերիկեան պատժամիջոցներին չմիանալու դիրքորոշումն Իրանի համար այս փուլում չափազանց կարեւոր աջակցութիւն է:

Կրկին վերադառնալով թուրք-իրանական յարաբերութիւններին՝ նշենք, որ Անկարայի եւ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ վարած պատժամիջոցների քաղաքականութեամբ պայմանաւորւած առաջիկայում երկու երկրները կը փորձեն մեծացնել ազգային արժոյթներով առեւտուր իրականացնելու հնարաւորութիւնները՝ այդ կերպ բաւարարելով երկրների շուկաների պահանջարկը՝ Թուրքիան Իրանին մատակարարելով արդիւնաբերական ապրանքներ, մատուցելով բանկային ծառայութիւններ, Իրանը՝ գազ եւ գիւղատնտեսական ապրանքներ։

Քաղաքական յարաբերութիւնների վերաբերեալ էլ պէտք է նշել, որ ներկայ փուլում կողմերը կը փորձեն հնարաւորինս խուսափել տարածաշրջանային խնդիրների շուրջ ունեցած տարաձայնութիւններից՝ նախաձեռնելով տարածաշրջանի երկրների (Իրան-Ռուսաստան-Թուրքիա) մասնակցութեամբ եռակողմ ձեւաչափով հանդիպումներ։ 

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։