Հա

Քաղաքական

14/08/2018 - 15:10

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանի մամլոյ ասուլիսը՝ նւիրւած Ֆրանկոֆոնիայի երեւանեան միջոցառումներին

Այսօր, Թեհրանում ՀՀ դեսպանատանը կայացել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հրաւիրած մամլոյ ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպութեան հերթական գագաթաժողովին, որը կը կայանայ ս.թ. հոկտեմբերի 11-12-ին՝ Երեւանում:

«alikonline.ir» - Այսօր, Թեհրանում ՀՀ դեսպանատանը կայացել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հրաւիրած մամլոյ ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպութեան հերթական գագաթաժողովին, որը կը կայանայ ս.թ. հոկտեմբերի 11-12-ին՝ Երեւանում:

Նա տեղեկացրել է, որ Գագաթաժողովին կը մասնակցեն ֆրանսախօս 84 երկրների ղեկավարներ, այդ թւում Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահ Էմանուէլ Մակրոնը, որի այցը Երեւան կունենայ նաեւ պաշտօնական բնոյթ:

Ներկայացնելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպութիւնը, դեսպան Թումանեանը նշել է, որ դրան անդամակցում են 84 երկիր, 274 մլն. բնակչութեամբ: Սկսեալ 2012 թւականից Հայաստանը կազմակերպութեան անդամ է եւ ծաւալում է ակտիւ գործունէութիւն:

Դեսպանը նշել է, որ 2018 թւականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան գագաթաժողովը Հայաստանում անց կացնելու մասին որոշումը կայացել է ՀՀ նախկին իշխանութիւնների օրօք, իսկ ներկայ իշխանութիւններն էլ որոշել են իրագործել այն:

Նշենք, որ հայաստանեան միջոցառումների մեկնարկը տրւելու է հոկտեմբերի 7-ին՝ կազմակերպութեան Մշտական խորհրդի նիստով, որին կը յաջորդեն հոկտեմբերի 8-9-ին կայանալիք Նախարարական համաժողովն ու հոկտեմբերի 11-12-ին՝ Գագաթաժողովը:

Հայաստանեան միջոցառումների շրջանակում տեղի է ունենալու նաեւ կազմակերպութեան անդամ երկրների տնտեսական ֆորումն ու մէկ ամիս տեւողութեամբ ժամանակակից արւեստի ցուցահանդէսը, որի մեկնարկը տրւելու է սեպտեմբերի 25-ին:

Մամլոյ ասուլիսի ժամանակ դեսպան Թումանեանը չի շրջանցել նաեւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների թեման:

Նա նշել է, որ տնտեսական ոլորտում, յարաբերութիւնների զարգացման համար, երկու երկրների մօտ առկայ է անհրաժեշտ ներուժ, այդուհանդերձ, դրա հիմնական ծաւալները վերաբերում են էներգետիկ փոխանակումներին:

«Երկու երկրների մօտ առկայ է հսկայական հնարաւորութիւն եւ ներուժ, որոնք գերազանցում են այն, ինչը որ տեսնում ենք գործնականում»,- ասել է դեսպանը՝ յաւելելով, որ վերջին ամիսներում տեսանելի են դրական միտումներ Իրանի գործարար շրջանակների կողմից, որոնք դիմում են դեսպանութեանը՝ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու ցանկութեամբ:

Խօսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի Իրան այցի մասին, դեսպան Թումանեանը նշել է, որ հայկական կողմն արդէն ստացել նախագահ Ռոհանիի պաշտօնական հրաւէրը եւ այցը կայանալու է ընթացիկ տարւայ ընթացքում:

«Մինչ այցը, միջազգային ատեաններում, հնարաւորութեան դէպքում կողմերի միջեւ հանդիպում կը կայանայ»,- ասել է դեսպանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։